Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Հայաստան, քանի որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նախագահին

Հունիս 11,2014 14:19

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր ՄԱԱ-ում անդրադարձավ Ուկրաինայի նախագահական ընտրություններին: Նրա խոսքերով՝ «Ամբողջ Ուկրաինան սպասում էր մայիսի 25-ի ընտրություններին: Դա ամենադեմոկրատական ընտրություններն էին Ուկրաինայում: Ընտրատեղամասերում ուկրաինացիները պետք է 2-3 ժամ հերթ կանգնեին ու սպասեին՝ քվեարկելու համար, եւ այդպես էլ անում էին: Ես վստահ եմ, որ Ուկրաինան ունի զարգացման լավ հեռանկար»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունից հետո հետ էր կանչվել Ուկրաինա: Հիմա, ինչպես տեսնում ենք, վերադարձել է: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Հայաստանի դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, դրա համար էլ որոշում կայացվեց, որ ես նորից գամ Երեւան: Մայիսի 25-ի ընտրություններից երկու օր անց ՀՀ նախագահը շնորհավորել է մեր նոր ընտրված նախագահին: Ուկրաինան գնահատել է դա՝ որպես բարեկամական քայլ, քանի որ Հայաստանը ճանաչել է իր ընտրությունները»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնիսկ ներկա էր եղել Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը: Դեսպան Իվան Կուխտայի խոսքերով՝ «Ուկրաինան ՀՀ ղեկավարությանը որոշեց հրավիրել երդմնակալությանը, Հայաստանը որոշեց շատ դրական պատասխանել՝ ուղարկելով ԿԳ նախարարին: Մենք գտնում ենք, որ դա բարձր մակարդակ է: 56 երկրներ ներկայացուցիչեր ունեին այդ երդմնակալությանը եւ ապահոված էր բարձր մակարդակ»:

Դեսպանը նշեց, որ Ուկրաինան պատրաստվում է ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել. «Ուկրաինան ընտրություն է կատարել, համաձայնագրի տնտեսական մասն է ստորագրելու: Նախագահը հստակ ասաց, որ այլընտրանքային ճանապարհ Ուկրաինայի զարգացման համար չկա: Երբ Հայաստանը կստորագրի Եվրասիական միության անդամակցության համաձայնագիրը, Ուկրաինան էլ՝ ԵՄ ասոցացման համաձայնագրի մյուս մասը, դրանից հետո երեւի կառաջանան երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված որոշակի հարցեր, որոնք կարգավորման կարիք կունենան: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ուկրաինան ԱՊՀ ազատ առեւտրի գոտու անդամներ են, անհրաժեշտ կլինի երկու երկրների փոխհարաբերությունների նորմատիվներում որոշ փոփոխություններ կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30