Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները փողոց են դուրս գալու ընտանիքներով

Հունիս 11,2014 13:33

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության երեկ բերման ենթարկված վարորդներից ոչ մեկի նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություն ոստիկանությունում չի կազմվել:

«Ձերբակալվածներից մեկը ես էի, պնդում եմ, որ մեզ ձերբակալեցին անհիմն, նախորդ երկու երթերի ժամանակ էլ նույն երթով ենք կատարել մեր բողոքի ակցիան, բայց երեկ ՊՊԾ ծառայությունը հրահանգավորված, միտումնավոր եկել էր խափանելու մեր ակցիան ու դա նրանց ինչ-որ տեղ հաջողվեց»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց Արտաշես Միսակյանը: Ի դեպ, նա նախկին ոստիկան է:

Նրա խոսքով, եթե իրենց բերման ենթարկեցին՝ հասարակական կարգը խախտելու համար, ապա պետք է ոստիկանության բաժնում արձանագրություն կազմեին ու ենթարկեին վարչական պատասխանատվության, տուգանեին, բայց.

«Չկարողացան ապացուցել մեր կատարած զանցանքը ու բաց թողեցին: Այդ դեպքում՝ ինչու տարան, ինչու բաց թողեցին, որովհետեւ անհիմն էին իրենց գործողությունները: Եթե անհիմն էր, բա ով է ներողություն խնդրելու մեզ քաշքշելու, քաշքշոցի հետեւանքով առաջացած կապտուկների, հոգեբանական ճնշման համար: Իմ ընտանիքի անդամները ինտերնետով տեսան, թե ինչպես են ձեռնաշղթաներ ինձ հագցնում, նստեցնում մեքենա: Չորս հոգուս էլ էնպես տարան, կարծես թե մենք Բեն Լադենի տեռորիստներն էինք ու ազգին դեմ էինք դուրս եկել՝ գետնին քարշ տալով, քաշելով, հրոսակների նման ոստիկանները մեզ տարան»:

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն էլ հիշեցրեց իրենց պահանջները, ապա դժգոհեց, որ տեսախցիկների արձանագրած խախտումների համար շատ վարորդներ արդեն պարտքերի տակ են ընկել, վարկեր են վերցնում, որ փակեն. «Տեսախցիկների գործառությունը դարձել է սոցիալական բեռ»:

Նա մեջբերեց նաեւ պաշտոնական տվյալները երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ, ըստ նրա, 2012-ին արձանագրվել է 100.000 խախտում, անցած տարի 800.000 խախտում. «Այսինքն, խախտումների նվազման միտում չկա, այս մեխանիզմը կեղեքում է ժողովրդին, չի նպաստում խախտումների նվազմանը»:

Արտաշես Միսակյանն էլ պնդեց, որ վարորդները բոլոր տեսախցիկների տեղը անգիր գիտեն, զգուշավոր են վարում ու չեն գերազանցում թույլատրելի արագությունը միայն տեսախցիկներին աչքի առաջ, բայց երբ տեսախցիկի մոտով անցնում են, գերազանցում են թույլատրելի արագությունը եւ այլ տիպի խախտումներ են անում. «Ով է մեզ կեղեքում, ում գրպանն է գնում տուգանքների գումարները»:

Արսեն Պետրոսյանն էլ հավելեց, որ իրենք հաջորդ երթին դուրս են գալու իրենց ընտանիքի անդամներով, երեխաներին են նույնիսկ բերելու. «Թող մեր պատկան մարմինները տեսնեն՝ ումից են տանում էդ գումարները: Վարորդներին կպնելով՝ գումարները տանում են մեր երեխաներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30