Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների «պատուհասը»` Ավանի հոգեբուժարանի տնօրեն

Հունիս 11,2014 12:51

Ավանի հոգեբուժարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արեգա Հակոբյանը: Պարզվում է, որ մրցույթի հայտերի ընդունման գործընթացում բավականին լուրջ խնդիրներ են ծագել:

Аravot.am-ին հասած տեղեկություններով`մի շարք անվանի հոգեբույժներ ներքին կարգով ՀՀ առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել մրցույթին չդիմել, քանի որ արդեն որոշված է եղել, թե ով է լինելու տնօրենը` Առողջապահության նախարարության թեկնածուն` Արեգա Հակոբյանը:

Նաև դժգոհություններ կան, թե որոշ հոգեբույժների, որոնք ցանկանում էին դիմել մրցույթին, առողջապահության նախարարությունում են պահել, ժամերով զրուցել նրանց հետ, որպեսզի հորդորեն` չդիմել մրցույթի:

Aravot.am-ը Ավանի հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Արմեն Սողոյանից հետաքրքրվեց` հայտ ներկայացրե՞լ է հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում վերընտրվելու համար: Պարոն Սողոյանը պատասխանեց. «Ոչ, չեմ դիմել» ու չցանկացավ մանրամասնել:

Արեգա Հակոբյանի անվան հետ մի շարք տհաճ պատմություններ են կապվում: Aravot.am-ը այս տարվա փետրվարի 26-ին ստացել էր Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակը, որտեղ նրանք նախարարին էին ներկայացնում Արեգա Հակոբյանի «իրական կերպարը» ու նշում. «Խնդրում ենք Ձեր աջակցությունը և օգնությունը` «Արեգա Հակոբյան» պատուհասից Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցներիս ազատելու համար»:

Արեգա Հակոբյանի` հոգեբուժարանի տնօրեն եղած ժամանակահատվածում խնդիրներ են առաջացել նաև Կոմիտաս 56 հասցեում գտնվող շենքի բնակիչ, թոշակառու Ամալյա Նազարեթյանի հետ. նրան բռնի ուժով տարել էին հոգեբուժարան, քանի որ նրա ու «Իդեալ» խանութի միջև կոնֆլիկտներ են եղել: Բանն այն է, որ առաջին հարկում գտնվող խանութի տարածքը ցանկացել են «առաջ բերել», սակայն տիկին Ամալյան դեմ է եղել:

Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանից: Նա նշեց. «Այն, ինչ ձեզ ասել են, իրականության հետ ոչ մի առնչություն չունի, ու ես դա որակում եմ` որպես ոչ կոմպետենտություն, կամ բացահայտ սուտ, քանի որ տնօրենի մրցույթը բաց հրապարակային մրցույթ է, որի մասին հայտարարությունը սահմանված ժամկետում տեղադրվել է և առողջապահության նախարարության կայքում և հանրապետական նշանակության թերթում: Ուստի որևէ անձ, որը համապատասխանում էր տնօրենի թեկնածուին ներկայացվող նվազագույն պահանջներին, մեկ ամիս ժամանակ ուներ ցանկացած օր գալ անձնակազմի վարչություն և գործերը հանձնել»:

Պարոն Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մրցույթին դիմել է երկու անձ: Հետաքրքրվեցինք` գուցե իրոք հորդորե՞լ են չդիմել, քանի որ ՀՀ-ում բազմաթիվ անվանի հոգեբույժներ կան, որոնք կարող էին ղեկավարել հոգեբուժարանը: Պարոն Սողոմոնյանը նկատեց. «Պարզապես հոգեբույժ լինելը դեռ չի նշանակում, որ կարող ես տնօրենի թեկնածու լինել: Այնտեղ նվազագույն աշխատանքային փորձի պահանջ կա: Մյուս կողմից անվանի հոգեբույժները միշտ չէ, որ ուզում են հոգեբուժարանի տնօրեն լինել: Վստահեցնում եմ, որ որևէ խնդիր չի եղել:Եթե որևէ մեկն էլ փորձել է դիմել ու նրան խոչընդոտել են, հանգիստ կարող էր դիմել անձնակազմի վարչություն, համոզված եմ, որ նման խոչընդոտը պարզապես կբացառվեր»:

Մեր հարցին` փաստն այն է, որ կա բողոք և եթե դիմեին` աշխատակազմին, ի՞նչ կարող էր աշխատակազմն անել, եթե նախարարն է նման հրահանգ տվել, պարոն Սողոմոնյանը պատասխանեց. «Եթե դիմեր աշխատակազմին, այդ թեկնածությունը միանգամից կգրանցվեր և նա կարող էր հանգիստ տալ քննության: Նախարարը մրցույթի գործընթացի հետ որևէ առնչություն չունի: Մրցույթը կազմակերպում է անձնակազմի կառավարման վարչությունը, և բացառում եմ, որ նախարարը որևէ մեկին գործերը հանձնելու հարցում խոչընդոտած լինի: Ինչպե՞ս եք պատկերացնում նախարարը ինչ-որ մեկին կանչի, ասի, թե չեմ թողնում` գնաս դիմում ներկայացնես: Այդպիսի բան տրամաբանակա՞ն է»:

Այն, որ մարդկանց պահել են նախարարությունում, պարոն Սողոմոնյանը «ծիծաղելի համարեց» ու շարունակեց. «Նախարարությունում ձեռք ու ոտքը բռնել են, որ չդիմի՞: Եթե կա կոնկրետ անձ, որ պատրաստ է փաստարկված այդ մասին խոսել, մենք ամենախիստ ձևով ծառայողական քննություն կանցկացնենք, և նախարարն անմիջապես նման աշխատակցին աշխատանքից կազատի»:

Հետաքրքրվեցինք` ի՞նչ չափանիշներով է ընտրվել հոգեբուժարանի տնօրենը, արդյոք Արեգա Հակոբյանի` աշխատակիցների հետ ունեցած խնդիրները ու ժամանակին աշխատակազմը լքելը չե՞ն ստվերում նրա գործունեությունը և ռիսկային չէ՞ նրան կրկին այդ կոլեկտիվ վերադարձնելը, պարոն Սողոմոնյանը պատասխանեց, թե տնօրենն ընտրվել է իր գիտելիքների հիման վրա, որոնք ապացուցել է թեստային փուլով, հարցազրույցով և ներկայացրել է զարգացման ծրագիր:

Կոլեկտիվը լքելու վերաբերյալ հարցին` պատասխանեց. «Արեգա Հակոբյանը մի ժամանակահատված եղել է հոգեբուժարանի տնօրենի բուժական գծով տեղակալը, հիմա էլ հրամանագրված աշխատում է որպես տնօրեն: Եթե մարդ անձնական խնդիրներից ելնելով մի կարճ ժամանակահատված չի աշխատել, դա որևէ կերպ նրա անցած ճանապարհը չի ստվերում: Դա չի նշանակում, որ նա անպիտան բժիշկ է: Մրցույթին ներկայացվող պահանջներում չկա նման բան, որ եթե մի ժամանակ չես աշխատել, չես կարող դիմել: Անձնական խնդիրները հիմնականում լինում են ժամանակավոր, կյանքի ինչ-որ էտապում հարթվում են: Մի խառնեք անձնական խնդիրները մասնագիտական և աշխատանքային խնդիրների հետ»:

Մեր դիտարկմանը, թե նախարարն ինքն է հայտարարել, որ ուզում է իր թիմին բերել, ուստի այս ամենը այդ համատեքստում տեղավորվում է, պարոն Սողոմոնյանը հակադարձեց. «Նախարարն ասել է, որ իր թիմին կբերի փոխարենն այն մարդկանց, որոնք ապաշնորհ են, բայց երբեք չի ասել, որ կփոխարինի այն մարդկանց, որոնք ունակ են աշխատելու»:

Մեր դիտարկմանը, թե այդ ինչպե՞ս է, որ պարոն Սողոմոնյանը լավատեղյակ է Արեգա Հակոբյանի անձնական խնդիրներին, պարոն Սողոմոնյանը վրդովվեց. «Ո՞նց կարող եմ ես մարդու անձնականից տեղյակ լինել: Ինձ հետաքրքրում են աշխատողների ծառայողական և աշխատանքային խնդիրները: Ես ասացի, որ հնարավոր է` ցանկացած անձ ինչ-որ էտապում անձնական խնդիր ունենա, որի հետ կապված դիմում գրի, ազատվի աշխատանքից`օրինակ մի կարճ ժամանակահատվածում հիվանդ հորը, կամ վատառողջ ամուսնուն խնամելու համար, հետո վերադառնա աշխատանքի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Իհարկե,ինչպես են կազմակերպվում մրցույթները՝ դա բոլորին քաջ հայտնի է:Մրցույթում հաղթում են արդեն նախորոք հայտնի անձինք:Եթե որևէ փուլում նախորոք հայտնին չի հաղթում,մյուս մասնակիցներին էլ դիտավորյալ ,,կտրում են,,,այսպիսով լինում է նոր մրցույթ:Մեր երկրում ոչ մի արդար բան չկա,մասնավորապես, վերջին ժամանակներում կարծես միտումնավոր բոլոր նորմալ առողջապահության կազմակերպիչները փոխարինվեցին ,,ապաշնորհ ու անտաղանդ,ոչ կոմպետենտ ու առողջապահության կազմակերպումից հեռու կանգնած անձերով,,:Իսկ տերն ո՞վ է.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30