Հատված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցից:
– Ինչների՞ս է պետք մտնել Եվրասիական միություն եւ փոխել կառավարման համակարգը, եթե խնդիրները չեն լուծվելու։
– Պետք է, անպայման պետք է։ Իհարկե մարդու դերը շատ մեծ է, բայց ամենը չէ։ Տեսեք՝ անցած 24 տարիներին ժողովուրդը հույս է կապել մի քանի տասնյակ անձերի, կուսակցությունների հետ, սակայն ունեցել ենք անդադար անկում եւ քայքայում բոլոր ուղղություններում։ Այսօր տնտեսության կառավարման հարցերում մենք ունենք նպաստողի, աջակցողի, ավելի շուտ դիտորդի Սահմանադրություն։ Այդ Սահմանադրությունը, 95թ.-ից սկսած, սպասարկում է Հայաստանում ներդրված հակազարգացման համակարգը։ Այն անպայման պետք է փոխել։ Սահմանադրությունը պետք է փոխի համակարգը։ Եվ հետո, նախագահական համակարգի համեմատ խորհրդարանական համակարգն ամբողջ աշխարհում ցույց է տվել ավելի բարձր արդյունքներ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ուղղություններում։ Ինչ վերաբերում է եվրասիական ընտրությանը, ապա համոզված եմ, որ տնտեսության նկատելի աշխուժացում լինելու է։ Դրանով հստակեցվելու է նաեւ Միության անդամ երկրներում 4 միլիոնից ավելի մեր հայրենակիցների կարգավիճակը։ Սա նույնպես դրականորեն է անդրադառնալու Հայաստանի վրա։ Չմոռանանք, որ Հայաստանի գերխնդիրը եղել եւ մնում է ազգային անվտանգության ապահովումը։ Եվրոպական ընտրությունն ուղղակի հարցականի տակ էր դնելու Հայաստանի եւ Արցախի գոյությունը։
Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում