Այսօր 13.30-ին ԲՀԿ եւ ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցը: Այդ մասին Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, նման առաջարկով հանդես էր եկել ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը: «Ժառանգության» հետ հանդիպումն արդեն կայացել է երեկ: Առաջիկայում պայմանավորվածություններ կան ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ քննարկումների: «Կհանդիպենք նաեւ ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ իրենք ենթադրում են առավել լայն քննարկումներ, ներգրավելով նաեւ արտախորհրդարանական դաշտը:
ՕԵԿ-ն առաջարկում է ընտրական օրենսդրության շուրջ միասնական օրակարգով հանդես գալ` ի մի բերելով խորհրդարանում ներկայացված ուժերի մոտեցումները արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասով. «Մենք առաջարկում ենք այն նախագիծը, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը, ընդհանրացնենք: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընդգրկի փորձագետներ, որոնք կաշխատեն այդ նախագծի վրա և հանդես գանք ընդհանուր նախագծով, որը հետագայում կմտցնենք օրակարգ ու կդարձնենք քննարկման առարկա, գուցե նաև արտահերթ ռեժիմով»:
ՕԵԿ-ն, օրինակ, բացի 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելուց, առաջարկում է, որ ընտրության ժամանակ բացառվեն տարբեր գույնի գրիչներով քվեարկությունները, ինչը ընդունելի է գործընկեր կուսակցությունների կողմից: Կան առաջարկներ մյուս կուսակցությունների կողմից, որոնք, իրենց հերթին, ընդունելի են «Օրինաց երկրի» համար. «Մենք դեմ չենք, որ ընտրությունից հետո ընտրացուցակները հրապարակվեն, փակցվեն ընտրատեղամասերում: Մի խոսքով, առաջարկները բազմաթիվ են և ուղղված են, որպեսզի մենք իրոք կարողանանք ազատ ու արդար ընտրություններ անցկացնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև