Երեկ հանձնաժողովը հրապարակել է տեղեկանք «Էլէկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնների վերաբերյալ», իսկ հանձնաժողովի նախագահ Ոոբերտ Նազարյանը ԱԺ-ում, լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե «դատապարտված ենք բարձրացնել» էլեկտրաէներգիայի սակագինը։ Հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից, առաջին հայացքից իրոք, տպավորություն է ստեղծվում, որ էլէներգիան պետք է թանկանա։ Ծավալուն այդ տեղեկանքում մանրամասն ներկայացված է, թե որ էլեկտրակայանը որքան վնասով է աշխատում, որքան ծախսեր պետք է անի, որքան պարտքեր է կուտակել, որքան պետք է բարձրացնել սակագինը, որպեսզի վնասները փակվեն եւ այլն, եւ այսպես շարունակ։
Մասնավորապես ասվում է, որ Հայկական ատոմակայանը, որը համեմատաբար էժան էլէներգիա է արտադրում, անցած տարի սպասվածից 88 օր ավելի է պարապուրդի մատնվել, եւ այդ ընթացքում էլէներգիան գնվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանից, որի արտադրանքը շատ ավելի թանկ է։ Համ էլ ջրասակավ տարի է եղել, ու էժան էլէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայաններից են մատակարարումները նվազել, եւ կրկին «օգնության է հասել» թանկ արտադրանք տվող Հրազդանի ՋԷԿ-ը։ Սակայն, իր լացակումած «հիմնավորումներում» հանձնաժողովը չի անդրադարձել մի կարեւոր, առանցքային հարցի։ Իսկ ինչո՞ւ է անընդհատ «օգնության հասնում» Հրազդանի ՋԷԿ-ը, եթե էլէներգիայի դեֆիցիտը կարող էր ծածկել Երեւանի ՋԷԿ-ը, որի արտադրանքը անհամեմատ ավելի էժան է ստացվում։ Ընդհակառակը՝ այդ ընթացքում, երբ ատոմակայանն ու ՀԷԿ-երը նախատեսվածից քիչ են աշխատել, կտրուկ նվազեցվել է նաեւ Երեւանի ՋԷԿ-ի արտադրանքի ծավալը։ Ինչո՞ւ։ Այս հարցին հանձնաժողովը չի անդրադարձել ընդհանրապես։ Սրա մասին նույնիսկ ակնարկներ չկան այդ ծավալուն տեղեկանքում։
Իսկ դրա պատճառը շատ պարզ է՝ եթե իրանական գազով աշխատող արդիական ու արդյունավետ Երեւան ՋԷԿ-ից ավելացնեին էլէներգիայի գնումները, ապա պետք է նվազեցնեին միջնադարյան սարքավորումներով աշխատող Հրազդանի ՋԷԿ-ից արտադրանքի գնումները։ Իսկ դա նշանակում է, որ կնվազեր ռուսական գազի սպառման ծավալը։ Բայց ինչպես հայտնի է, «Գազպրոմը» Հայաստանի էներգահամակարգի (եւ ոչ միայն) իրական տերնուտնօրենն է, ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ գազ գնեն «Գազպրոմից» ու հետևաբար ավելի
շատ փող տան «Գազպրոմին»։ Իսկ դա, բնականաբար, պետք է հանգեցնի սակագների անընդհատ բարձրացմանը, ինչն էլ տեղի է ունենում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում