Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցին

Հունիս 11,2014 10:53

2014թ. մարտի 19-ին ներկայացրածս հայցով պատասխանող Սուրիկ Խաչատրյանը իմ դեմ 2014թ. մայիսի 16-ին ներկայացրել է հակընդդեմ հայց, որով պահանջել է ոչ միայն մերժել հիմնավորված ու արդարացի հայցս, այլև ինձ պարտավորեցնել հերքելու 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հայտարարությունը և իբրև բարոյական վնասի փոխհատուցում` ինձնից իր օգտին բռնագանձել 1,000,000 դրամ:

Գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցն ամբողջությամբ անհիմն է, այն պետք է մերժվի հետևյալ պատճառաբանությամբ:

1.ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ սույն պատասխանում՝ Դատարան) Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշման կայացմամբ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը, որը սահմանում է. «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ»:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մխիթարյան) վարույթում քննվում է թիվ ԵԱԴԴ/0920/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուրիկ Խաչատրյանի ընդդեմ Սամվել Հարությունյանի՝ հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին: Հիշատակված գործով դատավարության կողմերն են՝ հայցվորը` Սուրիկ Խաչատրյանը, պատասխանողը՝ ես:
Հայցի առարկան պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջն է, իսկ հայցի հիմքը՝ Արևիկ Միրզոյանին և Անուշավան Առուշանյանին Սուրիկ Խաչատրյանի կողմից հրազենային ծանր վիրավորումներ հասցնելու մասին իմ կողմից հրապարակային արված պնդումները:

Հետևաբար՝ Արևիկ Միրզոյանին և Անուշավան Առուշանյանին Սուրիկ Խաչատրյանի կողմից հրազենային ծանր վիրավորումներ հասցնելու մասին իմ կողմից հրապարակային արված պնդումների մասով հակընդդեմ հայցը վարույթ ընդունվել չէր կարող, այն պետք է վերադարձվեր, սակայն, քանի որ ընդունվել է վարույթ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով՝ պետք է թողնվի առանց քննության:

2.Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցում ներկայացված երրորդ դրվագին, որը Ս. Խաչատրյանը դիտարկել է իբրև զրպարտություն, ես 2014թ. ապրիլի 14-ին «Առավոտ» լրատվականի կայքում հոդված չեմ հրապարակել, իսկ եթե Ս. Խաչատրյանը նկատի ունի 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հոդվածը, ապա ոչ այնտեղ, ոչ էլ այլ հոդվածում չեմ նշել, որ Ս. Խաչատրյանն է անձամբ սպանել Արմեն Ալեքսանյանին և նրա ընտանիքի, գերդաստանի 7 անդամներին, որ նա որպես կասկածյալ, մեղադրյալ կապ է ունեցել նշված քրեական գործի հետ: Ես, ինչպես մեկ տարի առաջ և հետո հրապարակածս հոդվածներում, հայտարարել եմ Ս. Խաչատրյանի կողմից 1990թ. հոկտեմբերի վերջին Արմեն Ալեքսանյանին և նրա կնոջը առևանգելու, նրա առաջ կնոջը բռնաբարելու և այլ սպառնալիքների մասին, ինչը նույնպես Ս. Խաչատրյանը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումում և 2013թ. հոկտեմբերի 24-ի դատական նիստում չի համարել զրպարտություն:

3.Սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր Սուրիկ Խաչատրյանը ինչպես իմ դեմ 2013թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումում, այնպես էլ 2014թ մայիսի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացրած հակընդդեմ հայցում կատարել է ապօրինություն, կոպտագույն կեղծիքներ և օգտագործել է 2013թ. մայիսի 15-ին առ ոչինչ ճանաչված, գործածությունից հանված իր նախկին` … անձնագրի տվյալները: Սուրիկ Խաչատրյանը 2014թ. մայիսի 16-ին նույնպես դատարան չի ներկայացրել 2013թ. մայիսի 15-ին 001-ի կողմից տրված իր իսկական անձնագրի լուսապատճենը և անձնագրային …. ճիշտ տվյալները, ինչը ստիպված եմ կատարել ես:

Այսպիսով` Սուրիկ Խաչատրյանի կողմից 2013թ. օգոստոսի 8-ին և 2014թ. մայիսի 16-ին կատարվածը ոչ միայն անհարգալից վերաբերմունք ու արհամարհանք են ՀՀ դատարանների հանդեպ, այլև այդ աղաղակող կեղծիքները իրենց մեջ պարունակում են հանցակազմ և հետապնդվում են ՀՀ քրեական օրենսգրքով: Պահանջում եմ անհապաղ, չսպասելով հայցիս քննությանը, իրավական համապատասխան գնահատական տալ կատարվածին և նշված կեղծիքների հեղինակ Սուրիկ Խաչատրյանին կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ:

4.Իհարկե 1972 թվականին միջնակարգ դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը չէր կարող իմանալ, որ պետք է գրել ոչ թե ՀԱԿԸՆԴԵՄ, այլ ՀԱԿԸՆԴԴԵՄ…
Պատասխանողը պարտավոր էր էական սխալ թույլ չտալ հակընդդեմ հայցադիմումում և ճիշտ լրացներ 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս ելույթի վերնագիրը, նշեր, որ ելույթս վերջացրել եմ ոչ թե «ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Հովհաննիսյանը սպանվելուց առաջ փորձել է պարզել», այլ «…ձգտել է բացահայտել Լիսկայի նախկին սիրուհի Արևիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը»: Այդ սխալները նա կատարել է նույնիսկ դատարանի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու պահանջով` այն Ս. Խաչատրյանին 2014թ. մայիսի 19-ին վերադարձնելուց և 2014թ. մայիսի 27-ին կրկին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցի վերափոխված տեքստում:

5.Համոզմունքս Սուրիկ Խաչատրյանի մասին ձևավորվել է ինչպես նրա արտասովոր քրեական ընթացքի մի քանի դրվագների առթիվ նախկինում ընդունված դատավճիռների, նրա քանիցս ազատազրկվելու, տարիներ շարունակ կալանավայրերում պատիժներ կրելու իրողությունների և նրա հանցանքների մասին հազարավոր հրապարակումների, այնպես էլ` իմ և ընկերներիս նկատմամբ նրա կատարած վայրագությունների հիման վրա, որոնց վերաբերյալ մի շարք հրապարակումներ կցվում են: Նրա մասին հրապարակածս մի շարք բառեր և մտքեր` «կատարել է գողություն», «կատարել է հանցագործություն», «կատարել է չարամիտ խուլիգանություն», «առևանգել է Ադրբեջանական ԽՍՀ Ումուդլու գյուղի կոլտնտեսության նախագահի դստերը», «զինված բանդայով գրավել է Գորիսի քաղաքային իշխանության շենքը», «փորձել է բռնությամբ տապալել Գորիսի ընտրված քաղաքային իշխանությունը» և այլն, առկա են Ս. Խաչատրյանի նախկինում կատարած հանցանքների առթիվ ընդունված դատավճիռներում և որոշումներում:

6.Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցանքների մասին այլոց կողմից բազում հրապարակումներից ոչ մեկի առթիվ վերջինս երբեք չի դիմել դատական պաշտպանության:
7.Միջնակարգ դպրոցից հեռացված, կատարած զազրելի հանցանքների համար քանիցս դատապարտված, ազատազրկված, հեղինակած բազում այլ հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն չի ընդունում, որ ինձ հրապարակայնորեն վիրավորել է, այլև հորինելով ինչ-ինչ «փաստեր» և «վկայաբերելով» իր ընկերներին, իմ (նախկինում ուսման բացարձակ գերազանցիկի, անվանական կրթաթոշակառուի, դասախոսի. հրապարակային գործչի, ում վերաբերյալ մի շարք ականավոր հայորդիներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ արտահայտել են և ունեն ընդգծված դրական կարծիքներ, որոնք զետեղված են կից ներկայացվող գրքույկներում) մասին նշել է. «Այս և մի շարք փաստերից ելնելով ինձ մոտ համոզմունք է ձևավորվել, որ նա (Ս. Հարությունյանը) ինչ որ հոգեկան շեղումներ ունի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դատարանին նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն… Միայն ես չեմ այդ կարծիքին, գորիսեցի 100-ավոր մարդիկ նույնպես այդ կարծիքին են»:

Անշուշտ, Ս. Խաչատրյանը կարող է իրեն, իր ընտանիքի, գերդաստանի անդամներին, նույնիսկ առանց դատարանի որոշման, ենթարկել հոգեբուժական փորձաքննության և, ինչպես Գորիս քաղաքի բնակիչ Գարիկ Ալեքսանյանին 2000 թվականին հրազենային ծանր վնասվածքներ պատճառած իր եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Աղալարի) պարագայում, ձեռք բերի «հոգեկան հիվանդի», և, որ ամենակարևորն է, «անմեղսունակի» կարգավիճակներ:

8.Սուրիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցում նշված, իբր թե իմ կողմից իրեն հրապարակայնորեն վիրավորելու, զրպարտելու բոլոր արտահայտությունները, նրա կատարած հանցանքների բոլոր փաստերը զետեղված են նրա արտասովոր քրեական ընթացքի մասին «Առավոտ» լրատվական կայքում 2013թ. հունիսի 11-ին, 25-ին, հուլիսի 29-ին, «Առաջին» լրատվական կայքում 2013թ. հոկտեմբերի 23-ին, նոյեմբերի 18-ին, դեկտեմբերի 9-ին, 20-ին, 2014թ. հունվարի 14-ին, 20-ին և հրապարակածս բազմաթիվ այլ հոդվածներում, հայտարարություններում, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ դատարաններին ներկայացրածս դիմումներում, բողոքներում: Այդ փաստերից ընդամենը երկուսի` Արևիկ Միրզոյանի 1992թ. դեկտեմբերի 26-ին սպանության փորձի և Անուշավան Առուշանյանի վրա 1996թ. փետրվարի 17-ին կրակելու և նրան հրազենային ծանր վնասվածքներ պատճառելու հանցանքներին առնչություն չունենալու մասին է Սուրիկ Խաչատրյանը դիմել դատական պաշտպանության: Նրա հայցադիմումը գտնվում է իմ փաստացի բնակության վայրի` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Իմ կողմից, իբր թե իրեն հրապարակայնորեն վիրավորելու բոլոր արտահայտությունները նշված են նրա այդ հայցադիմումում: Նա այդ առնչությամբ պահանջ չի ներկայացրել: Ավելին` այդ դատարանի 2013թ. հոկտեմբերի 24-ի նիստում Սուրիկ Խաչատրյանի լիազոր ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը, պատասխանելով իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի հարցին, վերահաստատել է, որ հայցվոր կողմը զրպարտություն է համարում միմիայն վերը նշված երկու փաստերը և «Լիսկայի բանդա» արտահայտությունս, որ մյուս փաստերը, այո’, չի համարում զրպարտություն: Անշուշտ, եթե զրպարտություններ չեն, ուստի իրողություններ են:

9.Իր հակընդդեմ հայցում Ս. Խաչատրյանը ծավալուն անդրադարձել է 2014թ. ապրիլի 10-ին ստորագրածս և «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հոդվածին և նշել. «Ծանոթանալով Ս. Հարությունյանի 2014թ. ապրիլի 10-ի ամբողջ հոդվածի բովանդակությանը գտնում եմ, որ նշված հոդվածում նրա հայտարարությունը զրպարտություն է: Պատասխանողը ինձ` Սուրիկ Խաչատրյանիս հրապարակավ զրպարտել է` մեղադրելով ինձ սպանության, մարմնական վնասվածքներ հասցնելու, առևանգելու, անբարոյականության, կնոջը բռնաբարելու սպառնալիքի, թմրամոլության, թմրադեղերի տարածման (իսկ մյուս հոդվածներում գողության, հափշտակության) այսինքն ծանր հանցագործությունների կատարման մեջ»: Ինչպես վերը նշել եմ, այդ բոլոր փաստերը զետեղված են մոտ մեկ տարվա վաղեմության իմ հրապարակումներում և Ս. Խաչատրյանը այդ փաստերից ընդամենը 2-ի առնչությամբ է 2013թ. օգոստոսի 8-ին դիմել դատական պաշտպանության:

Ս. Խաչատրյանը հակընդդեմ հայցում նշել է. «Ս. Հարությունյանը 2014թ. ապրիլի 14-ին aravot.am-ի հոդվածում նշված` «1991թ. փետրվարի 11-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղի նախագահ ընտրված և նույն օրը ընտանիքի, գերդաստանի 7 անդամների (կին, մայր, քույր, աներ,…) հետ սպանված ազատամարտիկ Արմեն Ալեքսանյանի» վերաբերյալ քրեական գործով Գորիսի միջշրջանային դատախազության քննիչի կողմից ընդունվել է կարճման որոշում սպանությունների մեջ մեղադրվող Վահան Արզումանյանի ինքնասպան լինելու հանգամանքով: Տվյալ քրեական գործի հետ ես ոչ մի կապ չեմ ունեցել, այն բացահայտ և դիտավորյալ զրպարտություն է»;

Հայտարարում եմ`բոլորը գիտեն, որ Վահան Արզումանյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ իր կատարած հրեշավոր հանցագործությունից հետո գնդակահարվել և սպանվել է իր տան մոտ:

Ես թե’ 2013թ. հունիսի 25-ին, 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս և թե’ այլ հայտարարություններում ոչ միայն չեմ նշել, որ Ս. Խաչատրյանն է անձամբ սպանել Արմեն Ալեքսանյանին և նրա ընտանիքի, գերդաստանի 7 անդամներին, որ նա որպես կասկածյալ, մեղադրյալ կապ է ունեցել նշված քրեական գործի հետ: Ավելին` նշել եմ, որ հենց Վահանն է անձամբ կատարել այդ հրեշավոր հանցագործությունը: Ես ինչպես մեկ տարի առաջ և հետո հրապարակածս հոդվածներում հայտարարել եմ Ս. Խաչատրյանի կողմից 1990թ. հոկտեմբերի վերջին Արմեն Ալեքսանյանին և նրա կնոջը առևանգելու, նրա առաջ կնոջը բռնաբարելու և այլ սպառնալիքների մասին, ինչը նույնպես Ս. Խաչատրյանը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումում և 2013թ. հոկտեմբերի 24-ի դատական նիստում չի համարել զրպարտություն:

Ակնհայտ է, որ Ս. Խաչատրյանը իր հակընդդեմ հայցով փորձում է Արևիկ Միրզոյանին և Անուշավան Առուշանյանին ներգրավել իբրև երրորդ անձ, վերջինների կողմից դատարանում իմ հանդեպ ներկայացնել նոր պահանջներ` նպատակ հետապնդելով ինձ ենթարկել իրավական, բարոյական և նյութական հաշվեհարդարի: Նա, հատուկ դիտավորությամբ, հակընդդեմ հայցում թաքցրել է և չի նշել, որ որպես հայցվոր կողմ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մարտ-ապրիլ ամիսների նիստերում 2 անգամ միջնորդել է քաղաքացիական գործում իբրև երրորդ անձ ներգրավել Ա. Միրզոյանին և Ա. Առուշանյանին, և որ այդ միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից: Այդ դատարանը որոշել է` ի թիվս այլ անձանց, Ա. Միրզոյանին և Ա. Առուշանյանին նույնպես հրավիրել դատարան` որպես վկաներ:

Կարևոր եմ համարում այն իրողությունները, որ Ա. Միրզոյանի սպանության փորձի և Ա. Առուշանյանի վրա կրակելու և նրան հրազենային ծանր վնասվածքներ պատճառելու մասին մեկ տարվա վաղեմության և հետագա իմ հրապարակումներում շեշտել եմ, որ այդ փաստերի առնչությամբ 1990-ական թվականներին այլ անձանց կողմից զանգվածային լրատվամիջոցներում եղել են հրապարակումներ (որոշները կցվում են), որոնց վերաբերյալ թե’ Ս. Խաչատրյանը և թե’ Ա. Միրզոյանն ու Ա. Առուշանյանը երբևէ չեն դիմել դատական կամ այլ իրավական պաշտպանության:

Այսպիսով, Ս. Խաչատրյանը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ձախողվելով` Ա. Միրզոյանին և Ա. Առուշանյանին իբրև երրորդ անձ ներգրավելու միջնորդությունների հարցում, հանիրավի փորձ է կատարում նրանց իբրև երրորդ անձ ներգրավելու հարցում հաջողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, ինչը ճչացող ապօրինություն է: Ս. Խաչատրյանը նույնիսկ չգիտի, որ նույնաբովանդակ հայցով նույն անձի դեմ իրավունք չունի դիմել ընդհանուր իրավասության երկու դատարաններին:
10.Ս. Խաչատրյանը իր հակընդդեմ հայցում նշել է. «Դատարանին հայտնում եմ, որ մամուլում հրապարակված վերջին նոր զրպարտչական, հոդվածը հրապարակվել է aravot.am- ում 10 ապրիլի 2014թ.-ին սակայն Ս. Խաչատրյանը ծանոթացել է 14.04.2014թ. հետևաբար մենք հակընդդեմ հայցը ներկայացրել ենք օրենքով սահմանված մեկ ամսյա ժամկետում»: Անշուշտ, սա զավեշտի ժանրից է: Ս. Խաչատրյանը փորձում է կամայականորեն մեկնաբանել և իր շահերին ծառայեցնել ՀՀ օրենսդրությունը: Ոչ ոք նրան չի խանգարել հոդվածս կարդալ կամ համապատասխան տեսանյութը դիտել լրատվական կայքում այն հրապարակվելուց անմիջապես հետո` 2014թ. ապրիլի 11-ին, օգտվեր ՀՀ օրենսդրությամբ նաև իրեն վերապահված իրավունքից, իմ դեմ ժամանակին` մինչև 2014թ. մայիսի 11-ը հայցադիմում ներկայացներ իմ փաստացի բնակության վայրի դատարան: Ոչ ոք նրան նաև չի խանգարել ժամանակին ստանալ իր բնակության հաշվառման հասցեով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից ուղարկված դատական ծանուցագիրը և օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում գրավոր պատասխաներ իմ հայցադիմումին, իր հակընդդեմ հայցը չպայմանավորեր «Առավոտ» լրատվական կայքում ոչ թե 2014թ. ապրիլի 10-ին, այլ 11-ին հրապարակածս հոդվածով, իսկ հակընդդեմ հայցն էլ ներկայացներ գոնե այդ հոդվածի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում` մինչև 2014թ. մայիսի 11-ը և ոչ թե այն ներկայացներ օրենքով սահմանված ժամկետից ուշացումով: Անկասկած, նրա այս վերաբերմունքը նույնպես անհիմն է ու ապօրինի:

11.Այո’, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2014թ. որոշմամբ մերժվել է բողոքս` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին հասցեագրածս դիմումի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրածս դիմումի նկատմամբ դրսևորված անգործությունը վերացնելու պահանջի մասին:

Ամբողջությամբ անհիմն, անարդար ու ապօրինի այդ որոշումը վերացնելու պահանջով` ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014թ. մայիսի 22-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքս: ՀՀ վերաքննիչ դատարանի անհիմն, անարդար ու ապօրինի որոշումը վերացնելու պահանջով ես արդեն ՀՀ վճռաբեկ քրեական դատարանին ներկայացրել եմ վճռաբեկ բողոք:
Անսահման հետևողականությունս, անսասան վճռականությունս և արդարության հանդեպ հավատս իմ մեջ ամրապնդում են համոզմունքս, որ Սուրիկ Խաչատրյանը, կատարած բազում հանցանքների համար, շուտով ենթարկվելու է քրեական արժանի պատասխանատվության:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30