Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանի որոշումը չի բխում հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության սկզբունքներից

Հունիս 11,2014 14:12

Վանաձորի քաղաքապետարանում ամենշաբաթյա՝ երկուշաբթի օրերին անցկացվող աշխատանքային խորհրդակցություններին լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալով՝ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արման Վերանյանը փոխանցել էր այն, ինչ ԶԼՄ-ների ղեկավարներին էր նախապես ասվել, որ ամսվա ընթացքում 4 խորհրդակցություններից 3-ը փակ են անցկացվելու՝ առանց լրագրողների, եւ միայն 1 խորհրդակցության (հաշվետվությանը) նրանք իրավունք կունենան ներկա գտնվել, իսկ լրատվամիջոցներին, ցանկության դեպքում, կտրամադրվեն նիստերի տեսաձայնագրությունները: Նաեւ լրացուցիչ իրազեկել էր, որ առաջիկա խորհրդակցությանը լրագրողների ներկայանալն արդեն անիմաստ է: «Եթե նույնիսկ գաք էլ, նիստին չեք կարող մասնակցել»,- ասել էր Ա. Վերանյանը:

Մինչդեռ այս կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցցանցում ծավալված բուռն քննարկումից շատ չանցած՝ քաղաքապետի օգնական՝ քաղաքապետի մորաքրոջ որդի Էդիկ Հովսեփյանը, իբր փորձելով «շտկել» իրավիճակը, արդեն բոլորովին այլ պատասխան էր տվել լրագրողներին, թե նրանց մուտքն արգելված չէ, այդ որոշումն էլ ընդունվել է նրանց «հարմարության համար»: «Որպեսզի առավոտ շուտ չգաք, մենք ունենք օպերատոր, կարող ենք բուն կադրերը նկարել, ուղարկել, քանի որ առավոտ շուտ ա, մենք ծառայություն ենք մատուցում, կուզեք ցույց կտաք, կուզեք ցույց չեք տա: Թիվիներին ասվել է, որ մենք կարող ենք իրենց տրամադրել, որպեսզի չչարչարվեն, բան չանեն: Դուք, ի վերջո, գոնե մի անգամ պիտի նորմալ ինֆորմացիա ունենաք եւ տպագրե՞ք, թե՞ չէ»,-ասել էր քաղաքապետի մորաքրոջ որդին: Բայց հենց ինքն էլ նշել էր, որ նիստերի տեսաձայնագրությունները ԶԼՄ-ներին տրամադրվելու են ոչ թե ամբողջական, այլ մոնտաժված տարբերակով:

Լրագրողների մուտքը քաղաքապետարան սահմանափակելու այս որոշումը հաջորդեց համայնքային բյուջեի հետ կապված՝ քաղաքապետի լիազորությունների չարաշահման մասին լուսաբանումներին, երբ մի քանի լրատվամիջոցներ բարձրաձայնեցին, որ առանց ավագանու որոշման եւ իմացության՝ քաղաքապետը Վանաձորի բյուջեն «գրավադրել» է սեփական բիզնես-ծրագրերի համար: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան, տեղեկատվության ազատության իրավունքի փորձագետ Գեւորգ Հայրապետյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Վանաձորի քաղաքային իշխանությունների կողմից լրագրողների մասնագիտական սահմանափակման դեպքերին՝ գնահատեց դրանց իրավաչափությունը՝ ելնելով նախ եւ առաջ օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքներից: Վանաձորի քաղաքապետն ու նրա թիմակիցները, լրագրողների գործունեությունը սահմանափակելով, պատճառաբանում էին, թե նրանց «հարմարության», նրանց մասնագիտական որակները բարձրացնելու համար են դա անում: Սակայն, իրավաբանի դիտարկմամբ, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակցի, մի խոսքով՝ պաշտոնյայի գործը եւ ենթադրելիքը չէ՝ լրագրողին պե՞տք է ներկա գտնվել քաղաքապետարանի նիստերին, թե՞ ոչ, անհրաժեշտ կամ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: «Նրանց կարծիքը այս դեպքում որեւէ մեկը չի էլ ցանկանում հարցնել, մեծ հաշվով: Նրանք չպիտի որոշեն՝ ինձ համար նպատակահարմար է, թե ոչ: Ու նաեւ՝ սա սկզբունքային նշանակություն ունի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում էլ է գրվում, որ դիմողը պարտավոր չէ հիմնավորել իր հարցումը, այսինքն՝ այն, ինչ ինձ է պատկանում, եւ ինչն իմ իրավունքն է, ես չեմ ուզում մեկնաբանել՝ ինչու եմ ուզում իրացնել: Հետեւաբար, եթե սկզբունք է, որ պետք է լինի հրապարակային եւ թափանցիկ, եւ եթե ես՝ որպես քաղաքացի կամ լրագրող, կամ այլ մասնագիտության տեր մարդ, որոշել եմ իմ իրավունքը իրացնել՝ պետությանը վերահսկելու, նշանակում է, որ որեւէ մեկին չպետք է բացատրեմ, թե ինչ նպատակահարմարություններից ելնելով եմ ուզում դա անել,-օրենքն է մեկնաբանում իրավաբանը,-հիմա եթե ուղղակի ուզում էին լավություն անել, եթե իսկապես դա է նրանց նպատակը, լրագրողներն ազատ են օգտվել լավությունից, կարող են նաեւ չօգտվել. ստացվում է՝ լրագրողներին «լավություն» են անում՝ առանց նրանց կամքը հարցնելու»:
Առավել եւս, որ ղեկավար, պաշտոնատար անձանց գործողություններն ու որոշումները պետք է պատճառաբանված ու հիմնավորված լինեն, հիմքում իրական փաստական հանգամանքներ ունենան, այլ ոչ թե բխեն նրանց անձնական նպատակահարմարությունից ու կարծիքից: «Ոչ թե, ասենք, քաղաքապետը մի օր արթնանա եւ որոշի, որ լրագրողներին՝ բոլորին առանց բացառության, անհրաժեշտ չէ այսինչի կամ այնինչի մասին տեղյակ լինել, եւ որոշի արգելել դա: Անգամ եթե պետական մարմնի աշխատաոճը իր սահմանելիքն է (այն, ինչ կա օրենքում, պարտադիր է, մնացածն ինքն է սահմանում), հետեւաբար ինքն է որոշում ամսական 10-ի փոխարեն 4 խորհրդակցություն անել, բայց դա պետք է իրականում բխի աշխատանքի ու արդյունավետության շահերից, այլ ոչ թե զուտ լրագրողներին հեռու պահելու թաքուն նպատակ ունենա: Այս դեպքում բացարձակ ակնհայտ չէ, թե իբր ինքը ուզում է իր աշխատանքն ավելի հրապարակային դարձնել, հակառակը, խորհրդակցությունների թիվը կրճատելով, շատ ավելի խանգարում է հրապարակայնությանը, քան եթե առաջվա պես մնար ամսական 4 հատ, քանի որ արգելում է լրագրողներին մի քանի անգամ պակաս լինել քաղաքապետարանում եւ համապարփակ ինֆորմացիա ստանալ քաղաքապետարանից»,- ասում է Գ.Հայրապետյանը: Նրա գնահատմամբ՝ Վանաձորի քաղաքապետի «նորարարության» վերաբերյալ Լոռու մարզպետի մեկնաբանությունը նույնպես չի բխում օրենքից: «Եթե ինֆորմացիա անհրաժեշտ է, կարող են ստանալ համապատասխան բաժնից, բայց ոչ բոլոր խորհրդակցություններին ներկա լինեն: Պարտադիր պետք է լրատվությունը մասնակցի»,- կարծիք էր հայտնել մարզպետը: Տեղեկատվության ազատության իրավունքի փորձագետը հակադարձում է նրան. «Խորհրդակցությանը ներկա գտնվելն ու համապատասխան բաժնից տեղեկություն ստանալը 2-ն էլ իրավաչափ են, հավասարազոր, եւ բացառապես լրագրողն է ընտրելու՝ որն է իրեն հարմար»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30