Չգիտեմ, թե ինչ էինք անելու այս ամառ, եթե չլիներ Բրազիլիան: Բնությունն ու իշխանությունները, կարծես՝ խոսքները մեկ արած, ուզում են զրկել հայաստանցիներին երկու ավանդական հաճույքներից՝ ծիրան ուտելուց եւ նախագահ ընտրելուց:
Ծիրանը դեռ ոչինչ, հաջորդ տարի կուտենք, հո ամեն անգամ կարկուտ չի՞ լինելու, բայց եթե ընդունվեն Սահմանադրության փոփոխությունները եւ նախագահին ընտրելու լիազորությունները հավերժ փոխանցվեն խորհրդարանին, երկու ճանապարհ է մնում՝ կա՛մ պիտի ազգովի արտագաղթենք, կա՛մ ազգովի ընտրվենք Ազգային ժողով:
Այսքանը բավական չէր, մի քանի օր առաջ էլ նոր հարված ստացանք. պարզվեց, որ իշխանությունները ոչ թե մեկ, այլ երկու ճանապարհային քարտեզ են մշակել՝ մեկը Մաքսային միություն մտնելու, մյուսը Հայաստանը դեպի կործանում տանելու: Միակ մխիթարանքն այն է, որ Մաքսային կամ Եվրասիական միություն մտնելու ժամկետը կարծես թե սահմանված է, ուրեմն գոնե նախ կմտնենք Մաքսային միություն, կտեսնենք, թե դա ինչ բան է, բոլոր մաքսատուրքերը արտոնյալ պայմաններով կմուծենք, հետո նոր կկործանվենք…
Բայց քանի որ կործանման վերջնաժամկետը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, ուրեմն ժամանակ ունենք հասնելու մոտակա խանութը, մի արկղ գարեջուր գնելու եւ պատրաստվելու «joga bonito»-ին:
Կարդացեք նաև
Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում «ջոգա բոնիտո»: Երբեմն դա պորտուգալերենից թարգմանում են որպես «գեղեցիկ խաղ»: Իրականում այս բառակապակցությունը, որն օգտագործում են բրազիլացի ֆուտբոլասերները, նշանակում է «խաղա գեղեցիկ», այսինքն սա հորդոր է՝ ինչ ուզում ես արա, թեկուզ պարտվիր 6:1 հաշվով, բայց գեղեցիկ խաղ ցուցադրիր, եւ մենք ամեն ինչ կներենք…
Համաձայնեք՝ սքանչելի հորդոր է: Կարծես մարդուն ասեն՝ ապրիր ինչպես ուզում ես, հիմարություններ արա, շռայլիր վերջին կոպեկներդ, կարող ես նույնիսկ ոչ մի բանի էլ չհասնել կյանքում, միայն թե ապրիր գեղեցիկ…
Դուք երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ է բրազիլական ֆուտբոլն այդքան գեղեցիկ: Որովհետեւ այնտեղ՝ Բրազիլիայում, ամեն ինչն է գեղեցիկ. գեղեցիկ է օվկիանոսը, գեղեցիկ են անվերջանալի լողափերը, գեղեցիկ են այդ լողափերում արեւի տակ պառկած կիսամերկ կանայք, գեղեցիկ են Ամազոնի անտառները, գեղեցիկ է Քրիստոսի արձանը, նույնիսկ՝ գյուղական ֆազենդաներն ու բրազիլական ճարտարապետությունն ընդհանրապես, գեղեցիկ են Ժորժի Ամադուի ստեղծագործությունները…
Եվ մի՞թե զարմանալի է, որ նման երկրում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստից պահանջում են միայն մի բան՝ joga bonito…
Այսինքն, բրազիլացիները բրազիլացրեցին ֆուտբոլը՝ ազգայնացրեցին, ֆավելլաների բակերում ու լողափերում հղկեցին ու դարձրեցին իրենց կանանց, անտառների, ճարտարապետության ու գրականության պես գեղեցիկ:
Դա պատահեց այսպես: Ուղիղ 120 տարի առաջ Բրազիլիա վերադարձավ 19-ամյա շոտլանդացի Չարլզ Միլլերը: Նրա ինժեներ հայրը վաղուց էր ապրում Բրազիլիայում եւ տասը տարի առաջ տղային ուղարկել էր Բրիտանիայում սովորելու:
Երբ ուսում ստացած Չարլզը նավից իջավ բրազիլական Սանթոս նավահանգստում, նրա թեւերի տակ ֆուտբոլի երկու գնդակ կար: «Սա ի՞նչ է»՝ հարցրեց հայրը: «Իմ կրթությունը»՝ պատասխանեց պատանին: «Այսի՞նքն»՝ զարմացավ հայրը: «Այսինքն, ողջ կրթությունս սա է՝ լավ ֆուտբոլ խաղալ եմ սովորել»…
Այսպես առաջին անգամ ֆուտբոլը ոտք դրեց Բրազիլիա: Հիմա արդեն հաստատ կարող ենք ասել՝ օրհնվի այդ սհաթը…
Չարլզը սկզբում ֆուտբոլային խաղեր էր կազմակերպում իր հարազատ քաղաքում՝ Սան Պաուլոյում ապրող հայրենակիցների միջեւ: Սպասում էին մինչեւ կովերի նախիրները հեռանան դաշտերից, ինքնաշեն դարպասներ էին տեղադրում ու սկսում վազվզել գնդակի հետեւից, ինչն առաջացնում էր տեղացիների զարմանքը: Թերթերից մեկն այն ժամանակ գրել էր. «Տարօրինակ ու անհասկանալի տեսարան է: Հենց որ գնդակը ներս է անցնում իրար միացրած երեք փայտերի արանքով, դաշտում վազվզող այս մարդիկ կամ անչափ ոգեւորվում են, կամ հակառակը՝ անչափ տխրում»: Համաձայնեք՝ ոչինչ էլ չի փոխվել այն ժամանակներից, ու մենք առաջվա նման կամ ուրախությունից խելքներս կորցնում, կամ իսկական ողբերգություն ենք ապրում միայն այն պատճառով, որ գնդակը ներս է անցել միմյանց ամրացված երեք ձողերի արանքով…
Հետո արդեն Սան Պաուլոյում զարմանահրաշ խաղին սկսեցին մասնակցել ոչ միայն Շոտլանդիայից եկած նորաբնակները, այլեւ տեղացիները: Չարլզ Միլլերը հիմնեց «Ատլետիկ Սան Պաուլո» ակումբը, նաեւ Բրազիլիայի առաջին ֆուտբոլային լիգան: Ֆուտբոլը օրգանապես մտավ Բրազիլիա, թափանցեց հետնախորշերը, պրոֆեսիոնալ դարձավ, ինչը ֆավելլաներում աղքատության մեջ մեծացած պատանիներին փող վաստակելու հնարավորություն տվեց:
Ֆուտբոլը նաեւ քանդեց Չարլզ Միլլերի ընտանիքը: Նա ամուսնացած էր Բրազիլիայի ամենահայտնի դաշնակահարուհիներից մեկի՝ Անտոնիետա Ռուջի հետ: Այդ հիմա են ասում, որ բրազիլական ֆուտբոլը սոսկ խաղ չէ, այլ իսկական արվեստ: Երաժշտությամբ կլանված դաշնակահարուհին մեծ դժվարությամբ էր հասկանում, թե ինչու է ամուսինը, բառիս բուն իմաստով՝ ընկել գնդակի հետեւից: Եվ միանգամայն բնական է, որ Անտոնիետային «փախցրեց» արվեստի մարդը՝ բանաստեղծ Մենոտի դել Պիչչան…
Իսկ Չարլզ Միլլերն ապրեց մինչեւ 1953 թվականը: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց նա երջանիկ մարդ էր: Պատանեկության տարիներին նա Բրազիլիային նվիրեց ֆուտբոլը, առանց որի այդ երկիրն այլեւս անհնար է պատկերացնել, իսկ կյանքի վերջում՝ 1950 թվականին, ականատես եղավ, թե ինչպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվեց հենց Բրազիլիայում:
Բրազիլացիներն այն ժամանակ չեմպիոն չդարձան, գավաթը բաժին հասավ հարեւան Ուրուգվային: Եվ միայն Չարլզ Միլլերի մահից հետո սկսվեց բրազիլացիների աննախադեպ հաղթարշավը. 1958 թվականից ի վեր նրանք հինգ անգամ աշխարհի չեմպիոն դարձան: Նման բան ոչ մեկին չի հաջողվել:
Բրազիլական ֆուտբոլի հայրը՝ Չարլզ Միլլերը, չտեսավ այս ամենը, բայց համաձայնեք, դա չէ կարեւորը: Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նշանակում «չալիերա»: Դա ֆուտբոլային մի գեղեցկագույն հնարք է: Եթե ֆուտբոլ եք խաղացել, միգուցե դուք էլ եք փորձել, եւ միգուցե նույնիսկ ստացվել է: Գնդակը ձեզ է հասնում թիկունքից, ձեր դիմաց կանգնած հակառակորդը սպասում է, որ երեսով կթեքվեք դեպի գնդակը ու կընդունեք այն, բայց դուք բոլորովին այլ բան եք անում՝ ամենեւին էլ շուռ չեք գալիս, այլ հենց այդ դիրքով՝ մեջքով կանգնած դեպի գնդակը, կրունկի թեթեւ հպումով այնպես եք անում, որ գնդակը կորագծով անցնում է ձեր եւ հակառակորդի գլուխների վրայով եւ հայտնվում ձեր առջեւում: Հենց դա է չալիերան: Չարլի անվան մի փոքր փոփոխված տարբերակն է, որովհետեւ առաջինն այս հնարքը կիրառել է հենց Չարլզ Միլլերը…
Joga bonito… Խաղա գեղեցիկ… Նաեւ՝ ապրիր գեղեցիկ…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014