Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի «պատկերացումներով»՝ Ղարաբաղն ամրագրվել էր որպես Ադրբեջանի մաս

Հունիս 11,2014 14:36
aliev

Դա է վկայում Քոչարյանի համար ընդունելի
եւ նրա բանակցած` «Ընդհանուր պետության» առաջարկը

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ Yerkir.am-ն օրեր առաջ մեկնաբանություն էր ստացել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: «Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»,- նշել էր Քոչարյանի խոսնակը:

Արդեն առիթ եղել է հիշեցնելու, որ Մադրիդյան սկզբունքները նախ՝ ի հայտ են եկել հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007թ. նոյեմբերին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակով: Այսօր կարելի է շարունակաբար պնդել, թե Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում», սակայն տասը տարի ղեկավարած եւ ղարաբաղյան կարգավորման բանակցություններ վարած նախագահ լինելով՝ նա ունեցել է հնարավորություն՝ ապացուցելու, որ այդ «պատկերացումների» կրողն է:

Մինչդեռ եթե դիտարկում ու համեմատում ենք Քոչարյանի բանակցած եւ նրա կողմից համաձայնություն տված կարգավորման առաջարկներին` պատկերը, մեղմ ասած, այնքան էլ սփոփիչ չէ: Իսկ այդ համեմատությունը կարելի է հեշտությամբ անել՝ ապացուցելու, որ Քոչարյանը թե իր նախորդին` ղարաբաղյան բանակցություններում «նշաձողը» իջեցնելու, թե հիմա Մադրիդյան սկզբունքները քննադատելու կամ ԼՂ-ի հարցում որեւէ մեկի դիրքորոշմանն ի պատասխան՝ գնահատականներ հնչեցնելու բարոյական իրավունք չունի, որովհետեւ Քոչարյանը նախ՝ մինչեւ 1998թ.-ը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով եւ 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել:

ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի եւ կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ արդեն Քոչարյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել են: Քանի որ այսօր բացահայտված են Մադրիդյան միայն վեց սկզբունքները, ապա կարող ենք համեմատել Քոչարյանի համար ընդունելի եւ բանակցած առաջարկը` 1998թ. «ընդհանուր պետությունը»՝ 1997թ. փաթեթային եւ 1997թ. փուլային տարբերակների հետ:

Նախ` փաստենք, որ «ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր՝ հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, եւ այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:

Այսպես` 1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետեւյալ մոտեցումն էր որդեգրվել. մի կողմից՝ ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:

1997թ. փաթեթային փաստաթղթով հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այնուհետեւ նշվում էր, որ ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի սահմանադրություններում: Իսկ ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետեւյալն էին` ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան եւ օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ-ի Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները եւ գործադիր որոշումները կգործեն ԼՂ-ի տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձեւավորի իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:
Այժմ դառնանք 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ-ի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում: Այսինքն` ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր եւ հայկական դրամ, ծառայելու էին եւ գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, եւ դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի: Մինչդեռ այդ ընթացքում Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում, ինչպես նաեւ ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը, ամբողջ ճակատով կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ, կվերացվեին շրջափակումները, որոնց արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլ երկրներ:

Հիմա գանք Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկին: «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն` ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Բացի այդ, այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին:
Այսպես, «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում: Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն՝ ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:

Մյուս ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Կարող է հարց ծագել՝ այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց «Ընդհանուր պետության» առաջարկը, եթե այն այդքան ոչ հայանպաստ էր: Բացատրությունը շատ պարզ է. Ադրբեջանի ախորժակն ավելի մեծ էր, Քոչարյանից սպասելիքներն ավելին էին: Հետագայում դրանում էլ համոզվեցինք՝ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկման առարկա, եւ Քոչարյանի օրոք առաջ եկավ չարաբաստիկ «Մեղրիի տարբերակը»:

Եթե այս ամենին հավելում ենք Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու Քոչարյանի դիվանագիտական «ձեռքբերումը», ապա կարելի է համոզվել, թե ինչ աստիճանի է Ռոբերտ Քոչարյանի «պատկերացումներով» Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս եղել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Երանի ձեզ….չկարողացա մինչեւ վերջ կարդամ: Եթե էսքան հավես ունեք թվերով, մանրամասնով Ղարաբաղից խոսելու, չեմ հասկանում ինչո՞ւ չեք տեսնում մի թիվ. 1989թ դեկտեմբերի 1: Այդ օրվանից Ղարաբաղը Հայասստանի տարածք է: Բոլորը դա ընդունել են, որ ոք չի ընդվզել: Թե ում հետ եւ ինչ խաղեր եք խաղում, մարդ բան չի հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30