Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց օր օրի ծառեր են անհետանում: Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի քանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց ծառեր, որոնք ոչ փտած էին, ոչ էլ նույնիսկ ծեր:
Մեր այցելության պահին այգու աջ եւ ձախ հատվածները վերածվել էին հարթավայրի, ու ակնհայտ էր, որ փորձ էին արել կտրված ծառերի հետքերն էլ մաքրել, որովհետեւ հողախառն կտրտված արմատներ էին այս ու այն կողմ թափված: Բավականին երիտասարդ ծառերից մեկն էլ կիսով չափ կացնահարված էր: Մեզ հետ զրույցում համալսարանի մի քանի աշխատակիցներ էլ չհերքեցին, որ ծառեր են հատվել. «Դրանք կտրում են, որ տեղում եղեւնիներ տնկեն»:
ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն «Առավոտին» ասաց, որ նշված այգում բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, որի ընթացքում հեռացվել է 2 ծառ. «Մեկը թթենի է եղել, որը պատի միջից էր դուրս եկել եւ պատճառ է եղել պատի փլուզման եւ շրջապատի աղտոտման, մյուս ծառը հին է եղել, ժամանակն արդեն անցած, դրա համար հեռացվել է: Բացի այս հեռացումներից՝ նաեւ ծառերի սանիտարական հատումներ են իրականացվում, ճյուղեր են հատում, ծառերի արմատներից ճյուղեր են դուրս գալիս, դրանք էլ են մաքրում: Այգում նաեւ եղեւնիներ են տնկված եղել, բայց ոչ ճիշտ տեղում, ինչը հետագա իր աճի համար ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծել: Այդ եղեւնիները տեղադրվել են ծաղկամանների մեջ, իրենց խնամում ենք, բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո եղեւնիները կտնկվեն համապատասխան տեղերում»: Մամուլի քարտուղարն ասաց, որ այգում դրանց զուգահեռ ոռոգման կաթիլային եղանակով նոր համակարգ է ներդրվում, իսկ այգին բարեկարգվում է՝ որպեսզի ուսանողների հանգիստը կազմակերպվի, եւ նրանք բորդյուրներին չնստեն, այլ նոր տեղադրվող նստարաններին:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2014