Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցած մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի սեփականաշնորհած, պատմաշակութային մեր արժեք ներկայացնող «Սև Բերդ» կամ որ նույնն է «Սև Ղուլ» ամրոցը: Այն 1834 թվականի կառույց է, որը մինչև 2005 թվականը պատկանել է պաշտպանության նախարարությանը, եղել է պաշտպանական կառույց, ստորգետնյա ճանապարհներ է ունեցել դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր: Սամվել Բալասանյանի որդին այն ձեռք է բերել 2012 թվականին: Ըստ որոշ տեղեկությունների, մշակութային այս հնությունը վերանորոգելով` պարոն Բալասանյանի ընտանիքը պատրաստվում է այն վերածել համերգային համալիրի: Ու քանի որ քաղաքապետը շեղվել է պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոններից, մասնավորապես արտաքին տեսքն է փոխել, փորձել` եվրոլուսամուտ, եվրոդռներ տեղադրել, հարկեր ավելացնել ու պակասեցնել, այս թեման ակամա հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Այսօրվա մարզխորհրդի նիստին մասնակցում էր նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, որին գործուղել էր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Վերջինս փոխնախարարին հանձնարարել է այսուհետ մասնակցել բոլոր մարզխորհրդի նիստերին:
Ինչևէ, Սամվել Բալասանյանի «Սև Ղուլի» թեմայով հանդես եկավ Հուշարձանների պահպանության գործակալության Շիրակի ու Արագածոտնի տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը: Տիկինը ծավալուն ու փաստերով հագեցած ելույթ ունեցավ Շիրակի մարզի հուշարձանների պահպանման թեմայով, սակայն նրա խոսքը լավ չէր լսվում, ուստիև մեջտեղի շարքերում նստած մի քանի գյուղապետեր նեղվեցին, թե էդ քանի՞ էջ է գրել, դասախոսություն է կարդում: Մարզպետարանի վարչության պետերից մեկն էլ նկատեց. «Ախր ելույթն էնպես պիտի կառուցես, որ դիմացինի ականջները գողանաս»: Նշենք, սակայն, որ ԼարիսաԵգանյանը կոնկրետ փաստերով ահազանգում էր Շիրակի մարզի տարբեր տեղանքներում պատմամշակութային կոթողների ոչնչացման մասին: Անդրադառնալով «Կումայրի» արգելոց թանգարանի մեր ներառված կառույցների ոչնչացմանը, տիկինն ասաց. «Ես չէի ուզենա «Կումայրիի» վրա կանգ առնել, որովհետև արգելոց թանգարանը տնօրեն ունի, գուցե և ինքը կխոսի, բայց երկու բառով ընդամենը. Գյումրու «Սև բերդ» ամրոցում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք արդեն, կարծես թե, մոտենում են ավարտին: Սակայն, որքան ինձ հայտնի է, պետական մարմնի կողմից դեռևս համապատասխան փաստաթղթերի և նախագծի հաստատում չկա: Գյումրի քաղաքի տարածքում պետական ցուցակում ներառված բազմաթիվ կառույցներում կատարվում է այսպես կոչված եվրոոճի պատուհանների տեղադրում, որը համատեղելի չէ հուշարձան-շենքերի պահպանության նորմերին և դա մասսայական բնույթ է կրում»:
Սամվել Բալասանյանը, որը նստել էր Շիրակի մարզպետի ու փոխմարզպետի կողքին, մյուս համայնքապետերից ավելի բարձր կարգավիճակում, արձագանքեց. «Ես ուզում եմ ասել, որ հիմա շինարարական աշխատանքները «Սև բերդ»-ում սառեցված են, և կառավարությունում պետք է քննարկվի այս հարցը, ուղղակի իմացեք, երբ վերցրել եմ ամրոցը կեսից ավելին արդեն փոխված էր: Այստեղ գյուղապետեր են նստած, ուզում եմ ասել, որ այնտեղ պայտաձև ամրոց կա, որը շատ ծանր վիճակում է գտնվում, եթե որևէմեկը հնարավորություն ունի փրկելու ,պատմական արժեք է, թող փրկի»:
Այս թեմային անդրադարձավ նաև մշակույթի փոխնախարարը, սակայն հպանցիկ, նա աշխատեց որևէ քննդատական խոսք չհնչեցնել ու չնեղացնել Գյումրու քաղաքապետին: «Ուզում եմ տեղյակ պահել, պարոն Բալասանյան, որ դուք էլ գիտեք, կառավարությունում է Սև բերդի որոշման նախագիծը` կապված նշանակության փոփոխության հետ, իսկ հուշարձանի վերականգման նախագիծը մենք դեռևս սպասում ենք, բոլորս համատեղ կարծում ենք, որ ճիգ պետք է գործադրենք և համաձայնեցնենք պետական լիազոր մարմնի հետ»,- ասաց Արև Սամուելյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ընչի մենակ է էդ Սև Ղուլն է ապականել բալասանյանը, ինչին կպել է ապականել է