Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամիսը մեկ անգամ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրում եւ ոստիկաններին դաս տալիս, թե ինչպիսին պետք է լինեն նրանք՝ քաղաքացիների հետ շփվելիս: Նա վստահեցնում է, որ ոստիկանների հեղինակությունը պետք է բարձր պահեն, քաղաքացիների հավատն ու վստահությունը վաստակեն, մի ամբողջ դասախոսություն է կարդում ոստիկանի բարոյական կերպարի անաղարտությունը պահպանելու եւ իրավապահի առաքելության մասին:
Քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը երեկ գիշեր բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանական բաժին: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է այնտեղ իրեն պահել երիտասարդ ոստիկաններից մեկը, որը եղել է քաղաքացիական հագուստով. «Շատ երիտասարդ մի ոստիկան կար՝ շեկ մազերով, որը փողոցային խոսելաձեւով էր խոսում: Մեր մասին ասում էր՝սրանց դեռ չեք իջացրել…բան, քուչի ժարգոնով: Երբ ասի՝ նորմալ խոսա, բա՝ գնա ստեղից, հավեսդ չունեմ, գնա ուրդեղ ուզում ես բողոքի՝ ուզում ես նախարարությունում բողոքի, ուզում ես՝ պետին բողոքի, ում ուզում ես՝ բողոքի, ուզում ես՝ դատախազություն դիմի: Բնականաբար, ես հասկանում էի, որ այդ մարդու հետ հնարավոր չի որեւէ բան խոսել, նման մարդիկ իրավունք չունեն անգամ քայլել Հայաստանի փողոցներով: Ես այդ ոստիկանի պահվածքի մասին տեղեկացրի Պապյանին՝ քննչականի պետին: Քննչականի պետը խոստացավ, որ կդաստիարակի այդ ոստիկանին, բայց նա ուղղակի վիճակը կայունացնելու համար էր ասում ընդամենը: Այդ շեկ ոստիկանը սադրում էր, շատ հեգնական մեզ ասում էր՝ սրանք: Իմ հետ խոսելուց ասեց՝ գնա, արա, ուրդե ուզում ես՝ կբողոքես: Հելաք ստեղից, հավեսդ չունեմ: Շատ այլանդակ, շատ լպիրշ էր իրեն պահում: Ինքը ուղիղ Վլադիմիր Գասպարյանի ասած ոստիկանի կերպարի հակառակն էր, եւ դա կենտրոնի բաժինն էր, որտեղից պիտի սկսեն բարեփոխումները»:
Սիփան Փաշինյանին ոստիկանական բաժնում չեն ասել այդ շեկ, երիտասարդ ոստիկանի անունը. «Ումից հարցնում էի՝ դիտավորյալ չէին ասում, բայց հաստատ Կենտրոնի ոստիկանությունից էր, հենց ասում էինք շիկահեր, բոլորը իրեն արդեն գիտեին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ