Կիևն այլ ելք չունի, քան Ռուսաստանի հետ հաշտության եզրեր գտնելը, քանի որ ոչ մի երկիր չի կարող երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը հետագա հարձակումների դեպքում, որպես նախագահ իր առաջին հարցազրույցում «Թայմ» հանդեսին ասել է Պյոտր Պորոշենկոն:
Այդուհանդերձ նորընտիր նախագահը ցանկանում է, որ Ռուսաստանը պատժվի իր երկրին հասցրած «ողբերգության» համար:
«Գուցե որոշ ուկրաինացիներ կցանկանային, որ Շվեդիան կամ Կանադան լիներ իրենց հարևանը, բայց մերը Ռուսաստանն է», – ասել է նա հունիսի 9-ին, – «Այդ պատճառով մենք չենք կարող խոսել հստակ անվտանգության մասին առանց Ռուսաստանի հետ երկխոսության և փոխըմբռնման»:
Պորոշենկոն տեղեկացրել է, որ կիրակի հանդիպել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ: Նրանց տեսակետները դեռ շատ հեռու են իրարից, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Պորոշենկոյի մոտ պահպանվում է «զգուշավոր լավատեսությունը»:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում Ռուսաստանի համար լինել հաճելի գործընկեր.
«Անկեղծ ասած, ինձ այդքան էլ չի հետաքրքրում, թե Պուտինն ինչ է մտածում իմ երկրի մասին», – ասել է նա՝ նշելով, որ եթե ուզում են Ռուսաստանի նախագահին ինչ-որ բան համոզել, պետք է ստեղծեն հզոր բանակ և զարգացած տնտեսություն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ