Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի դիտարկմամբ՝ ազգային նվագարաններից այսօր համեմատաբար առաջատար դիրքերում են դուդուկն ու քանոնը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ աղջիկները հիմնականում նախընտրում են քանոնը, իսկ դուդուկով կարելի է գումար վաստակել:
Հ. Սահակյանին անհանգստացնում է ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրության պակասը, բայց, նրա խոսքով, մի քանի տարի առաջ այդ հարցն ավելի մտահոգիչ էր, մինչև որ կառավարության որոշմամբ երաժշտական դպրոցների ժողգործիքների բաժինները դարձան անվճար: «Թեև այս քայլը խթանեց երեխաների թվի աճը, բայց դա դեռ բավարար չէ,- կարծում է Հ. Սահակյանը:- Այսօր երաժիշտ դառնալը մեծ խնդիր է: Կոնսերվատորիա ընդունվելուց առաջ մարդը պիտի հույս ունենա, որ ավարտելուց հետո կարող է աշխատանք գտնել, այնպիսի աշխատանք, որով կկարողանա ընտանիքը պահել: Դրա համար պիտի համույթները շատ լինեն և պետական մակարդակով վարձատրվեն»:
Հայ ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավարն առաջարկում է նաև կրթօջախ կառուցել, որը, նրա համոզմամբ, կնպաստի ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրության վերականգնմանը. «Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվում էր «Տաշիր 2013»-ը, որի 90%-ը մեր ազգի հետ ընդհանրապես կապ չունի (ես սա որպես մասնագետ եմ ասում): Ես բան չունեմ ասելու, այնտեղ շնորհալի երգիչներ կան, բայց դա մեր ազգի հետ կապ չունի, խառնուրդներ են՝ պարսկական, թուրքական, ադրբեջանական, արաբական, բայց ոչ հայկական: Իսկ մենք այսօր ազգ ենք կրթում ու դաստիարակում:
Ես գիտեմ նաև, որ կազմակերպիչներն ու ներդրումներ անողները շատ հայրենասեր մարդիկ են, գուցե ինձնից ավելի, բայց, կարծում եմ, կարելի է այդ գումարներն ավելի նպատակային ծախսել և ստանալ, ասենք, մի ազգային արժեք:
Ի՞նչ եմ առաջարկում ես: Որպեսզի մեր նվագարանները զարգանան, կարելի է, օրինակ, թեկուզ քաղաքից դուրս, մի կրթօջախ կառուցել և, ասենք, 30 երեխայի համար այնտեղ ապրելու և սովորելու հնարավորություններ ստեղծել, նրանց առօրյան դարձնել ազգային-երաժշտական: Ես համոզված եմ, որ այդպիսի կրթօջախը կնպաստի մի քանի տարվա ընթացքում վերականգնել հետ մնացած նվագարանների հանդեպ հետաքրքրությունը»,- ասում է Հ. Սահակյանը:
Նա այս հարցով չի դիմել Մշակույթի նախարարությանը, որովհետև հստակ պատկերացնում է, թե ինչքան մեծ ներդրումներ են այստեղ պահանջվում, և չի կարծում, որ նախարարությունն այդքան հնարավորություններ ունի: Հ. Սահակյանն այս հարցում ակնկալում է բարերարների օգնությունը:
Հարցին, թե արդյո՞ք ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրության նվազումը միայն վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, և այստեղ դեր չի խաղում նաև նախասիրության գործոնը, երգչուհի Անուշ Ստեփանյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ տարածված այն կարծիքին, թե երիտասարդ սերունդը հեռացել է ազգային արժեքներից և, մասնավորապես, ազգային երաժշտությունից: Ես՝ որպես երիտասարդ, վստահ կարող եմ ասել, որ երիտասարդների մի մեծ զանգված իսկապես սիրում է հայ ազգային, ժողովրդական երգերը, պարերը, գործիքները և ընդհանրապես՝ ազգայինը: Այնպես որ, պետք չէ ասել՝ հիմա չեն լսում կամ չեն սիրում»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ