«Չի կարող Սարոյանը համեմատվել Միկոյանի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը հակադրվում է Անաստաս Միկոյանի թոռան` Վլադիմիր Միկոյանի դիտարկումներին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Միկոյանը իր վրդովմունքն էր հայտնել, թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել:
Շարունակելով ներկայացնել հակափաստարկները, պարոն Եսայանն ասաց. «Մարդիկ, ովքեր եղել են մշակույթի, ռազմական, գիտության գործիչներ, նրանց նույնացնել կուսակցական ֆունկցիոներների կամ քաղաքական գործիչների հետ, որոնք առնչվել են մեր ժողովրդի ճակատագրի հետ և փորձել այլ պետության մեջ նրանց արածը ներկայացնել որպես արժանիք, նման է բալետն ու բոքսը համեմատելուն»:
Բագրատ Եսայանը փաստեց, թե ստալինյան ռեժիմն իր գնահատականը չստացավ դատարանով և խուսափեց պատմության դատի առաջ կանգնելուց: Այնուհետև շեշտեց. «Բայց ֆաշիստական Գերմանիայի ռեժիմն ավելի քիչ մարդ է ոչնչացրել, քան ստալինյանը: Նյուրնբերգում դատապարտեցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպին, որն անձամբ որևէ գնդակահարության հրամանի տակ չի ստորագրել: Բայց որպես հանցավոր ռեժիմի մաս` նա դատապարտվեց: Միկոյանը ոչ միայն ռեժիմի մաս է, այլև նրա ստորագրությունը կա Կատինի գնդակահարությունների, Իրկուտսկում գնդակահարությունների ցանկը ընդլայնելու փաստաթղթի տակ: Ստալինն անձնապես նույնպես ոչ մեկի գնդակահարություն չի իրականացրել, ուղղակի ստորագրել է, որ կողմ է գնդակահարություններին: Բայց Ստալինին որպես սատանա, իսկ մյուսներին` որպես հրեշտակ ներկայացնելը դուռ է բացում այլ անբարոյականությունների համար:Այսօր էլ շատ պաշտոնյաներ ասում են, թե վերևից է հրահանգը: Բայց ամեն մեկն ինքն է ընտրում` լինի ստոր, սրիկա, թե ուղղակի այդ ստորության շրջանակը կտրի ու դուրս գա այնտեղից»:
Կարդացեք նաև
Միկոյանի արձանի տեղադրման հարցում Բագրատ Եսայանը «հաճոյանալու մարմաջ» է տեսնում, քանի որ «ՌԴ-ում փորձում են վերակենդանացնել այդ ռեժիմը, Հայաստանում էլ փորձում են ապացուցել, թե այդ ռեժիմի մեջ մենք էլ ենք մեկին ունեցել»:
Մյուս անընդունելի փաստը Բագրատ Եսայանի համար այն է, որ «յան» -ով վերջացող ազգանուն ունեցող անձանց արձաններն են ուզում տեղադրել, միայն այդ «յան» մասնիկի համար: Այս առիթով պարոն Եսայանը նշեց. «Կարող ենք բյուզանդական կայսերական դինաստիայի բոլոր ներկայացուցիչների արձանները տեղադրել, բայց այդ օրոք հայկական պետականությունը ոչնչացավ: Նաև Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի մայրն է եղել հայ, նրա երակներում հայկական արյուն է հոսել: Նաև Քիմ Քարդաշյանը, Շերը, մերկապարուհի Վարդան էլ են հայ, դնենք նրանց արձանները: Մարդ ինչքան իրենից ոչինչ չպիտի ներկայացնի, որ փորձի «յան»-ով վերջացող ազգանվամբ մարդկանց հիշողություններով ներկայացնել իրեն աշխարհին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ