Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «Վերեւներում սաղ «միկոյաններ են» նստած» (Տեսանյութ)

Հունիս 10,2014 17:19

Երեւանցիների կարծիքները Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին. ոմանք արդարացնում են նրա մարդասպան լինելը, ոմանք էլ Միկոյանի ժառանգներին առաջարկում են արձանի փոխարեն մի բարի գործ անել:

Վերջերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ, հարցին, թե պե՞տք է նաեւ քաղաքացիների կարծիքը հաշվի առնել, ասել էր, որ դա այն հարցը չէ, որպեսզի հասարակական լայն քննարկման դրվի. «Ընդամենը մի հատ կիսանդրի ենք տեղադրելու: Երբ մեր քաղաքացիներին հարցնենք, ոչ մեկին էլ չի հետաքրքրում»:

Aravot.am-ը մայրաքաղաքի որոշ փողոցներում զրուցեց քաղաքացիների հետ, պարզելու՝ ի՞նչ կարծիք ունեն Միկոյանի արձանի տեղադրման մասին, երբ բազմաթիվ փաստեր են հրապարակվում նրա հակամարդկային գործունեության մասին, եւ, ընդհանրապես, ի՞նչ գիտեն Միկոյանի մասին: Ուշագրավ էր, որ Միկոյանի կենսագրության «սեւ» էջերից երիտասարդությունն ավելի տեղեկացված էր, ինչն, ըստ երեւույթին, համացանցից օգտվելու արդյունք է:

Մեզ հետ զրուցած Խորհրդային տարիների սերնդի ներկայացուցիչների մեծ մասը կողմ էր արձանի տեղադրմանը: Հարցվածներից մեկն իր կողմ լինելն այսպես մեկնաբանեց. «Դե հայ մարդ ա, ինչ ա էղել, արձան ա էլի. թող դնեն»: Մեր հարցին, արդյոք, տեղյակ է, որ Անաստաս Միկոյանն իր մեղքի մեծ բաժինն ունի 700 հակասովետական հայերի գնդակահարության համար, Մուշեղ ներկայացած այս տղամարդն ասաց.«Չգիտեի, որտեղից իմանամ, տելեվիզրով տենց բան չեն ասել»: Սակայն մեր տեղեկացնելուց հետո էլ Մուշեղը մնաց իր կարծիքին. դեմ չէ արձանի տեղադրմանը:

Մի տիկին էլ ընդհանրապես տեղյակ չէր Միկոյանի գործունեությունից, միայն անունն էր լսել, այն էլ` հեռուստատեսությամբ երշիկեղենի գովազդից, ու դեմ չէր, որ արձանը տեղադրվի: Երբ մենք ծանոթացրինք պատմությանն ու հատկապես հայերի գնդակահարմանը, տիկին Աիդան ասաց. «Ամեն դեպքում ես դեմ չեմ, որովհետեւ իմ ազգանունն էլ է Միկոյան, բայց բարեկամ չենք»:

«Եթե Միկոյանի ժառանգներն ուզում են, որ իրենց պապը հիշվի ու արձան են ուզում տեղադրել, լավ կլինի արձանի փողերով մի անապահով ընտանիքի օգնեն, մի մանկատանը բարեգործություն անեն, այդպես համ կմաքրեն վատ հիշողությունները, համ էլ բարություն արած կլինեն»,-կարծիք հայտնեց Մարիամ ներկայացած մի կին:

Մոտ 60 տարեկան մի կին էլ, որը ներկայացավ Անահիտ, նույնիսկ արդարացրեց Միկոյանի կազմակերպած գնդակահարությունները. «Մեռած մարդու հետեւից այդքան չարժե խոսել, որ բզբզենք, ամեն մեկի կյանքում էլ 50/50 լավ ու վատ բաներ կգտնենք: Էդ մարդու կյանքն էլ տենց դասավորվեց, տենց բարձր պաշտոնի հասնելու ու մնալու համար, այո «դիակների վրայով» պիտի անցներ»: Արժե՞ր արդյոք պաշտոնի համար դիակների վրայով անցնել, ու մարդկանց գնդակահարման ուղարկել՝ տիկին Անահիտն ուսերը թափ տվեց ու ոչինչ չպատասխանեց:

«Մենք այնքան արժանի հայեր ունենք, մտավորականներ, հերոսներ, պետք է նման մարդկանց արձանը դնել, իսկ Միկոյանի արձանը, ով ուզում է դնել, թող տանի իր տանը դնի: Մամուլում էդքան գրվեց, որ նա մարդասպան է, բայց իրա թոռներն էլի փորձում են իրենց մեծ պապին սուրբ դարձնել: Էդքանից հետո, էդ մարդիկ ճիշտ կանեին հրաժարվեին էդ մտքից, ու արձանն իրենց մոտ տեղադրեին»,-այսպիսի կարծիք հայտնեց Անժելա Հովակիմյանը:

Aravot.am-ը փողոցներում մոտ 50 քաղաքացիների հետ զրուցեց, գրեթե բոլորը հրաժարվում էին տեսախցիկի առջեւ խոսել, ընդ որում, ստուգում էին` անջատված են արդյոք տեսախցիկն ու ձայնագրիչը, երբ համոզվում էին, որ անջատված է, շատերը սկսում էին կոշտ քննադատել իշխանություններին, ու դեմ էին արտահայտվում արձանի տեղադրմանը: Թե ինչո՞ւ են վախենում տեսախցիկից, ի վերջո Միկոյանը վաղուց արդեն «պատմություն է», մեր հարցին ի պատասխան ասում էին, իբր ապահովության համար, իսկ մի տղամարդ էլ այսպես արտահայտվեց. «Որովհետեւ կենդանի «միկոյաններ» կան, որովհետեւ էդ վերեւներում, քաղաքապետարանում, կառավարությունում սաղ «միկոյաններ են»: Իրենք էլ մի ամբողջ ժողովուրդ են սպանում, չեն գնդակահարում, բայց սաղիս սարքել են աղքատ, հազիվ օրվա հաց աշխատող, բա սա մարդասպանություն չէ՞: Ես թերթում կարդացել եմ, որ համարյա 2000-ի է հասցրել հայերի գնդակահարությունը, բայց էն պաշտոնյաները, որ ուզում են տենց մարդու արձանը դնեն, իրանք Միկոյանից վատն են»:

Հավասարակշռությունը պահպանելու համար, մենք հավասար թվով երիտասարդների ու ավագ սերնդի ներկայացուցիչների կարծիքներ լսեցինք. դեմ արտահայտվողների քանակն ավելի էր, իսկ նրանք, ովքեր կողմ էին, նշում էին, թե` այնպես չէ, որ այդ մարդը միայն վատ բաներ է արել, լավ բան էլ արած կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30