Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը՝ Հայրիկյանին. «Անպայման պետք է իշխանություններին վիրավորական պիտակ կպցնեն»

Հունիս 10,2014 16:57

«Օրիգինալ երևալու համար անպայման պետք է իշխանություններին վիրավորական պիտակ կպցնեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես արտահայտվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հնչեցրած դիտարկումներին:

Պարույր Հայրիկյանը քննադատել էր իշխանություններին ու հայտարարել. «Այդ իրավիճակը ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է: ՀՀ իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը Հայաստանին դարձրել է քաղաքական բոմժ»: Հայրիկյանը նկատի ուներ այն, որ Հայաստանին ոչ Եվրամիությունն է ընդունում գրկաբաց, ոչ Եվրասիական միությունը:

Մեր այն դիտարկմանը, թե փաստ է այն, որ ՀՀ-ն դեռ ոչ մի միությունում էլ չէ, Մաքսային միության անդամակցության գործընթացներն էլ ձգձգվում են, Համլետ Հարությունյանն արձագանքեց. «Արտաքին քաղաքական հարցերը այդպես վայրկյանական չեն լուծվում: ՀՀ իշխանությունները որոշակի նպատակներ ունեն: Բայց որ մտնելու ենք Մաքսային միություն, դա անկասկած է` մեկ շաբաթ շուտ, թե ուշ, դա որևէ մեկին հնարավորություն չի տալիս օրիգինալ երևալու համար իշխանություններին վիրավորական պիտակ կպցնել: Աշխարհում շատ պետություններ կան, որ ոչ այնտեղ են, ոչ այնտեղ: Ի՞նչն է խանգարում, որ այդ երկրները գոյատևեն: Բայց որ մենք մտնելու ենք Մաքսային միություն, միանշանակ է, և դա զուտ օրերի հարց է»:

Մեր հարցին` ի՞նչ տեղեկություններ և կանխատեսումներ ունեն` ՀՀ-ն Մաքսային միությանը կանդամակցի մինչև հուլիսի 1-ը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Իմ կանխատեսումը քիչ է: Միջպետական հարաբերություններում անհատների կարծիքը շատ քիչ է: Ես կուզեի, որ այդ գործընթացներն ավելի դյուրին լինեն ու հարթ գնան: Որևէ ալյանսի մեջ մտնելու դեպքում պետությունները ծանրութեթև են անում, և կան նրբություններ, որոնք մեզ հայտնի չեն և որոնց արդյունքում գործընթացները կարող են և՛ արագ, և՛ դանդաղ ընթանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Չեմ ուզում օրիգինալ երեւալ բայց կկրկնեմ` «Այդ իրավիճակը ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է: ՀՀ իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը Հայաստանին դարձրել է քաղաքական բոմժ»: Հայաստանին ոչ Եվրամիությունն է ընդունում գրկաբաց, ոչ Եվրասիական միությունը:

    Վիրավորեմ իշխանություններին ու նրա բոլոր ներկայացուցիչներին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30