Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը Տավուշի մարզխորհրդի հունիսի 3-ի նիստում մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարց տվեց մարզի անասնաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ: Սուքոյանն ասաց, որ անասնաբույժները վճարվում են ըստ իրենց կատարած պատվաստումների քանակի: Անասնաբուժական սանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը հայտնեց, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել անասնաբույժների հետ, որոնք վճարվում են իրենց կողմից սպասարկվող տարածքի մեկ անասունի հաշվով 70 դրամի չափով: Քամալյանն ասաց, որ իրենք անասնաբուժական ծառայության առնչությամբ գյուղնախարարությունից բարեփոխումներ են ակնկալում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց, որ այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, ասաց, որ մինչեւ տարեվերջ բոլոր համայնքները կունենան իրենց անասնաբույժները, ովքեր կլինեն հաստիքային աշխատողներ եւ հնարավորություն կունենան նաեւ լրացուցիչ վճարովի ծառայություններ կատարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ