Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային խորհրդակցության մասնակիցներին

Հունիս 10,2014 16:38

Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Դիոնիսիոս արքեպիսկոպոս ժան Կավակին Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Պատրիարքության ներկայացուցիչ Դեմետրիոս եպիսկոպոս Չարբակին, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Էլիաս Էլ Հալաբին և ԵՀԽ-ում Միջին Արևելքի ծրագրերի գծով պատասխանատու պրն. Միշել Նսեյրին, ովքեր Մայր Աթոռ են ժամանել հունիսի 11-12-ը Մայր Աթոռում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների և ԵՀԽ ներկայացուցիչներին, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց Մայր Աթոռի հրավերին ընդառաջ Հայաստան ժամանելու առիթով: Խոսելով Սիրիայում տիրող ծանր իրավիճակի և, մասնավորապես, քրիստոնեական համայնքների մասին` Նորին Սրբությունը կարևոր նկատեց Քրիստոնեական Եկեղեցիների մարդասիրական համընդհանուր ջանքերի մեկտեղումն ի խնդիր Սիրիայի աստվածասեր ժողովրդի վերքերի ամոքման և Սիրիայում խաղաղության ու բնականոն կյանքի վերահաստատման: Այս առումով Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնած խորհրդակցությունն ևս խաղաղասիրական ուղիներ կմատնանշի հակամարտության կարգավորման համար:
Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքի երկրներում և հատկապես Սիրիայում սպասավորող հոգևորականների անձնազոհ ու նվիրյալ ծառայությանը և վստահություն հայտնեց, որ Աստծու ողորմածությամբ ամուր հավատքի և լավատեսության ոգու շնորհիվ ծանր ու դժվարին ժամանակները պիտի հաղթահարվեն:

Ամենայն Հայոց Հայրապետը, հյուրերին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին ցուցաբերված աջակցությունը, վստահեցրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի ըստ ամենայնի զորակցել պատերազմի արհավիրքը կրող ժողովրդին:

Զրույցի ընթացքում մասնավոր մտահոգություն արտահայտվեց նաև Սիրիայի քրիստոնեական համայնքների վիճակի և պատերազմի հետևանքով նվազող քրիստոնեական ներկայության առնչությամբ:

Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30