«Եթե ընտրությունները մրցակցային չեն, բոլոր ընտրախախտումների անհրաժեշտությունները, բոլոր վարչական ռեսուրսի օգտագործման, չարաշահման միջոցներն ու հնարավորություններն անիմաստ են դառնում»,- այսօր՝ հունիսի 10-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա նշեց, որ ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցում էր 68 թեկնածուով, «Ժառանգությունը»՝ 1, «Օրինաց երկիրը»՝ 2, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 4, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցում էր 34 թեկնածուով, «Բարգավաճ Հայաստանը՝ 5, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը՝ 1. «Այս պայմաններում ակնկալելի էր այն արդյունքը, ինչ ունենք: Բայց նույնիսկ այս իրավիճակում այնքան խորն է ընտրախախտումների մեր ավանդույթը կամ պետության պոզիտիվ պարտավորությունները կատարող անձանց իրավագիտակցության ու օրենքի իմացության մակարդակն այնքան ցածր է, որ նույնիսկ այս պայմաններում 12 տարբեր տեղամասերից մոտավորապես 20 իրավախախտումներ են արձանագրվել դիտորդների կողմից»:
Տիգրան Եգորյանը նշեց, որ այդ խախտումները բազմաթիվ էին՝ սկսած ընտրատեղամասի սխալ կահավորումից, մինչեւ քվեախցիկում մի քանի լրացված ծրարների հայտնաբերումը: Անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած ընտրություններին՝ նա նշեց, որ Գորիսում տարբեր եղանակներով ճնշումներ են գործադրել, որի արդյունքում թեկնածուների մի մասն ինքնաբացարկ է ներկայացրել.
«Սրանք ոչ այլ ինչ են, քան ճնշումներ, եւ միայն այն, որ քվեարկության օրը չեն տեղի ունեցել, չի նշանակում, որ դրանք ընտրություններ երեւույթների վրա չեն ազդել, ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով»:
Շորժայի 23/1 ընտրատեղամասում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Արփինե Մանուկյանը նշեց, որ ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ տեղամասի երկու թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցության անդամներն էին: Անդրադառնալով տեղի ունեցած խախտումներին՝ նա ասաց, որ հանձնաժողովի անդամները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բավարար գիտելիքներ չունեին. «Խախտումները նրանց համար ոչ թե ընտրախախտումներ են, այլ բարի ավանդույթներ, օրինակ՝ ընտրատեղամասի առջեւ կուտակումները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև