Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը քառյակին հորդորում է ուլտիմատումներով չխոսել (Տեսանյութ)

Հունիս 10,2014 16:28

«Ես շատ ուրախ եմ, որ վերջապես շատ առողջ առաջարկություններ են արել և դրանք մեր քննարկման առարկան կդառնան: Նշված բոլոր կետերը` մի մասը կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ, մյուս մասը մեր ելույթների ժամանակ արդեն մեր քննարկման առարկան են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով ոչ իշխանական քառյակի կողմից հրապարակված 12 կետերին:

Վահրամ Բաղդասարյանն անվերջ պնդում էր, որ քառյակի կողմից հրապարակված բոլոր կետերն իրենց ուշադրության կենտրոնում են, որ առանց քառյակի ներկայացման էլ դրանց իրագործումն ընթացքի մեջ է: Իբրեւ օրինակ նա բերեց այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչն արդեն վերանայվել է և առաջիկայում էլ օրենքը կվերանայվի:

Ասաց, որ իշխանություններն արդեն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի և տուգանքների մասով լսումներ անցկացրել են, խնդիրը քննարկել են և պատրաստ են ևս մեկ անգամ վերադառնալ այդ խնդրին. «Մենք չենք ժխտում, որ խնդրի ուսումնասիրության անհրաժեշտություն կա և պատրաստ ենք քննարկել: Սա օրակարգային հարց է: Ես չեմ ասում, թե նրանց բոլոր պահանջները մենք կբավարարենք, բայց պետք է նայենք` որը համապատասխանում է իրականությանը և որտեղ իսկապես կան չարաշահումներ այդ հարցերին մենք դեմ չենք անդրադառնալ»:

Վահրամ Բաղդասարյանը շատ ուրախ է, որ ընդդիմությունն առողջ առաջարկություններ է արել ու դառնում է այն կառուցողական ընդդիմությունը, որը հարկավոր է պետությանն ու իշխանությանը, որի հետ իրենք կկարողանան քննարկել ու հարցեր լուծել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`արդյոք մենք ունե՞նք այդքան ժամանակ, որպեսզի սպասենք, թե երբ իշխանությունները կանեն այդ բոլոր փոփոխությունները, ասենք նույն տուգանքների մասով առաջին օրը չէ, որ բարձրաձայնվում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Չսպասեք էլ, որ արագ այդ նույն տուգանքների հարցը կփոխվի, այն պետք է լուրջ ուսումնասիրությունների առարկա դառնա: Իսկ գյուղատնտեսության մասով ասեմ, դա կառավարության ծրագրով արդեն նշված է և երբ չենք կատարի` այդ ժամանակ կխոսենք»:

Ժամանակ ունենալ-չունենալու առումով էլ հավելեց, որ տարիները պետք են և հանձնարարականներն արդեն տրված են:

Aravot.am-ի հարցին`քառյակի կողմից նախանշված ժամկետը`սեպտեմբերի վերջը, բավարա՞ր է դրական քայլեր տեսնելու համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ հնարավոր է, բայց հորդորեց իրենց հետ նախապայմանների լեզվով կամ ուլտիմատումներով խոսել. «Ոչ թե մենք այս 12 կետերին պետք է անդրադառնանք ու տանք պատասխաններ, այլ ընդամենն ասում ենք, որ դրանք այն հարցերն են, որոնք ընդգրկված են մեր ծրագրերի մեջ: Իսկ եթե նրանք ասում են սեպտեմբերին, իսկ մենք, ենթադրենք, ասում ենք, որ մայիսին կլինեն` խնդրեմ, թող իրենք իրենց քայլերը ձեռնարկեն: Համենայնդեպս մենք չենք ժխտում, որ դրանք քննարկման առարկա են»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30