Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանի տեղադրումը՝ «հարված անկախությանը» և «մեր ինքնագնահատականի անկում»

Հունիս 10,2014 15:03

«Միկոյանը Բերիա չէ, բայց արձան դնելով՝ մենք պետք է պատկերացնենք, թե դրանով ինչ ենք ուզում ասել»,-Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցով հունիսի 10-ին հրավիրված մասնագիտական խորհրդաժողովին այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Մկրտչյանը:

Խորհրդաժողովը կազմակերպել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն, որի արդյունքում եզրակացությունը պաշտոնապես կներկայացվի Երևանի ավագանուն և ՀՀ կառավարության աշխատակազմ՝ «վերոհիշյալ անձի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով»:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանն այս առիթով նշեց. «Մասնագիտական քննարկումը կառավարությունը պետք է անցկացներ, բայց քանի որ վստահ չէինք, որ ՀՀԿ-ի կազմած կառավարությունը կաներ այդ քննարկումը, դրա համար մենք ենք նախաձեռնել»:

Քննարկմանը կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ չկար: Լևոն Մկրտչյանը նշեց, թե «եթե շարունակենք սրան կամ նրան դուր գալուն նայել, Երևանի կենտրոնը շուտով կվերածենք Թոխմախի»: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ «Մենք արհեստականորեն մեր պատմությունը սահմանափակում ենք 19-րդ դարով»:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, թե չի ցանկանում «ռևիզիայի» ենթարկել խորհրդային անցյալը, բայց մյուս կողմից ասաց. «Ես չեմ ցանկանում, որ մենք՝ որպես պետություն գին վճարենք անցյալի համար: Մեր նպատակը չէ հակառուսական տրամադրություններ հրահրելը, բայց մենք գոնե արժանապատիվ ձևաչափ պիտի գտնենք ցանկացած երկրի հետ շփումներում՝ անցյալը վերագնահատելու և վերանայելու համար: Միկոյանի արձանը դնել-չդնելու գինը պատմության ընկալումն ու դրանից բխող պետականության ընկալումն է»:

Պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը վստահեցրեց, որ Միկոյանի արձանի տեղադրման անհրաժեշտություն չկա. «Միկոյանի դերը հայ ժողովրդի ճակատագրում եղել է բացասական: Նրա արձանը տեղադրելու հարցը մեծ հարված է ՀՀ անկախությանը: Անաստաս Միկոյանը դեմ է եղել Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի՝ Հայաստանին միանալուն: Ոմանք ասում են, թե Միկոյանը ճար չուներ, բայց կարո՞ղ է Միկոյանի արյունը Չարենցի մյուսների արյունից վատն էր, թող նա հրաժարվեր»:

Պարոն Ներսիսյանը մի քանի պատմական փաստեր ներկայացրեց. «Երբ Սարյանը դիմել է Միկոյանին՝ թե ինչու ԼՂ-ի, Նախիջևանի հարցը չեք բարձրացնում, նա պատասխանել է, թե ավելի լավ է ՀՀ-ում երկու գործարան կառուցենք, քան այդ հարցերը բարձրացնենք: Առնվազն ծիծաղելի են այն դիտարկումները, թե եթե չլիներ Միկոյանը, կլիներ երրորդ համաշխարհայինը»:

Դիմելով արձանի տեղադրման ջատագովներին՝ պարոն Ներսիսյանն ասաց. «Ինչու՞ չեն բավարարվում եղածով, այս մարդու անունով դպրոց կա, փողոց կա: Բոլոր նրանք, ովքեր կողմ են արձանի տեղադրմանը, ավելի մեծ բիծ բերեցին նրա հիշատակին»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը փաստաթղթեր ներկայացրեց բոլշևիկների հակապետական գործունեության մասին «Միկոյանի ու նրա նմանների՝ անկախ ՀՀ-ում արձան դնելը, նշանակում է ուրանալ այն հայորդիներին, որոնք իրենց արյունը տվեցին հայ ժողովրդի համար և այն անմեղ զոհերի հիշատակը, որոնք Միկոյանի և նրա նմանների ստեղծած մարդակուլ համակարգին են զոհ գնացել»:

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը նկատեց. «Երբ բերում ենք Երևանի սրտում դնում ենք Միկոյանի արձանը, ասում են մեզ, դուք Միկոյան եք, անարժան անպատիվ անսկզբունքային եք, մեր ինքնագնահատականը կընկնի: Չի կարելի Միկոյանի և նրա նմաններին մեզ մոտ դարձնել օրինակելի»:

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը նշեց. «Միկոյանի ընտանիքի անդամների միջամտությամբ և մեր իշխանության ծառայամտության պատճառով անում ենք այն գործը, որը պիտի արվեր 10-15 տարի առաջ: Մենք ուշացել ենք: Այն բոլոր ճարպիկ մարդիկ, որոնք կարողացել են ծանոթներ գտնել, կարողացել են իրենց տատիկ-պապիկների համար հուշատախտակներ դնել: Հիմա էլ Միկոյանի ընտանիքը: Լավ է, դա ինչ վատ է, ես էլ կուզեի, որ իմ պապիկի արձանը տեղադրվեր: Բայց որ այդ արձանը շարունակելու է լինել հայհոյանք Միկոյանի հասցեին, վստահ եմ դրանում»:

Երևանի ավագանու ԲՀԿ-ական խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը նշեց. «Իրավական առումով ավագանու նախնական համաձայնությունը գնացել է կառավարություն: Արդեն մեկ ամիս ավել է պատասխան չկա կառավարությունից: Սա ևս պատասխան ու դիրքորոշում է. փաստորեն նման հարցադրումներ առաջացել են կառավարության պատասխանատու անձանց մոտ: Մյուս կողմից կան նաև գիտնականներ, որոնք միարժեք դրական են գնահատում Միկոյանի պատմական այդ կերպարը: Ինձ համար կարևոր էլ չէ, թե արձանը կլինի, թե՝ ոչ, այստեղ էականը գործընթացն է»:

Թամարա Պողոսյանին կոչ արվեց ավագանու արտահերթ նիստ հրավիրել, որտեղ պատմաբաններն իրենց կարծիքները կհայտնեն Միկոյանի արձանի տեղադրման հարցում: Նա էլ հակադարձեց, թե ինքը նման իրավական հիմք չունի, պետք է տեղեկանք-հիմնավորում, որի հիման վրա կարելի է նիստ հրավիրել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Փաստորեն Բագրատ Եսայանը պետք է ԱՆՊԱՅՄԱՆ մի պաշտոն ունենա հա???? որ գործ անի???? Սովորական քաղաքացի չի կարող լինել հա????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30