Ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատական քննության ժամանակ հաճախակի են հարցադրումներ հնչում դեպքի վայրի, այնտեղ տեղի ունեցած զննության, բախման ենթարկված ավտոմեքենաների՝ «Նիվայի» եւ BMW-ի տեխնիկական վիճակների, թույլատրելի արագության մասին:
Aravot.am-ի խնդրանքով Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ այսօր զրույցել ենք այն վայրում, որը պաշտպանական կողմը համարում է վթարի վայր:
Նիկոլայ Բաղդասարյանը մեզ ցույց տվեց «Բնակավայրի ավարտ» նշանը:
«Այս նշանը նշանակում է, որ ոչ թե վարչական տարածքն է ավարտվել, այլ այս նշանից հետո հաջորդող տարածքը բնակավայր չի համարվում: Ըստ ՃԵԿ-ի, եթե այս նշանը վարորդը հատում է, ապա թույլատրելի առավելագույն արագությունն աճում է 60կմ/ժ մինչև 90 կմ/ժ: Մենք ունենք Կոտայքի մարզպետարանից, Եղվարդի քաղաքապետից գրություններ, համաձայն որոնց, դեպքի օրն էլ, վթարի վայրը չի հանդիսացել բնակավայր, թեև գտնվել է Եղվարդ քաղաքի վարչական տարածքում, հետևաբար այդ վայրում թույլատրելի արագությունն եղել է 90 կմ/ժամում»:
Մեր այն հարցին, թե «Ինչպես է հիմնավորել քննիչը, որ տվյալ հատվածը հանդիսանում է բնակավայր», Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Քննիչը բանավոր հարցում է արել ասֆալտապատում կատարող մի մասնավոր ընկերության ինժեների, որն էլ պատասխանել է, թե դեպքի վայրը համարվել է բնակավայր: Հետևաբար, թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 60 կմ/ժամ և այդ գրության հիման վրա Վարդան Պետրոսյանին առաջադրել են մեղադրանք` արագության գերազանցման համար»:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, մեղադրողը հիմք չի ընդունել մարզպետի և քաղաքապետի գրությունները, այլ հիմնվել է ասֆալտապատում իրականացնող մասնավոր ընկերության ինժեների գրության վրա: «Ասեմ, որ իմ տասնվեց տարվա պրակտիկայում նման բան չեմ տեսել, որ բնակավայր-ոչ բնակավայր հանգամանքը փաստեն ասֆալտապատող ընկերության ինժեների գրությամբ: Վարդան Պետրոսյանը թույլատրելի արագությամբ է երթևեկել այս հատվածում, նույն կերպ երթևեկել է նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենան»:
Նիկոլայ Բաղդասարյանը (տեսանյութում) ցույց տվեց այն խաչմերուկը, որը բաժանվում է դեպի Աշտարակի և Երեւան գնացող ճանապարհների: «Խաչմերուկը տեսնում եք: Դեպի Աշտարակի կողմ գնացող ճանապարհը չի երեւում: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան որոշակի արագությամբ երթևեկել է, ուշ է նկատել խաչմերուկը, արգելակել է ավտոմեքենան, ինչպես ես եմ արգելակում և դուրս է եկել կողնակ: Որպեսզի վերադառնար դեպի Աշտարակ տանող ճանապարհի մուտքը, նա կատարել է հետադարձ, այնուհետև «Նիվան» այս հատվածում ուղղվել է, որպեսզի դուրս գա դեպի Աշտարակի կողմը: Այնտեղ, որտեղ ես կանգնեցի, այդ մասում էլ տեղի է ունեցել ավտովթարը»,-ասաց Ն.Բաղդասարյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ