Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հրաշալի քառյակը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Հունիս 10,2014 14:50

«Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնվել ենք: Այս պարզաբանումը պետք է լրիվ բավարար լինի: Իսկ Կոնգրեսի դիրքորոշումը ես արդեն հայտնեցի, այլ ուժերի փոխարեն խոսել չեմ կարող»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` քառյակի 12 կետանոց պահանջների հրապարակումից հետո: Լեւոն Զուրաբյանը պատասխանում էր հարցին` ինչո՞ւ դրանցում չկա իշխանափոխության, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, քանի որ ՀԱԿ-ի կարծիքով՝ դա արդեն բազմաթիվ խնդիրներ կլուծի:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասաց, որ անձերի խնդիր գոյություն չունի. «Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե համակարգը չի փոխվելու: Պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ իշխանությունը ծառայի ժողովրդին: Սա է խնդիրը, որը դեռ պետք է համաձայնեցնենք»:

«Մեզ համար տաբու հարցեր և խնդիրներ չկան, այդ մասին ասվել է համագումարից հետո: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար ենք գտել այս հարցերի առաջադրումը իշխանությանը: Կլուծվեն, թե ոչ` շատ կարճ ժամանակում կերևա»,- ԲՀԿ-ի մոտեցումը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի ավերեց ու քանդեց երկիրը, այնպես որ, նրա հրաժարականը պետք է ավելի վաղ պահանջվեր:

12 կետերում, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, ներկայացված են անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, թեեւ խնդիրները մեր երկրում ավելի շատ են:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, համաձայնելով դաշնակցական իր գործընկերոջ հետ, նշեց. «Մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե այս 12 կետով պետությունում արմատական փոփոխություններ կլինեն: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մենք մեր աշխատանքները շարունակելու ենք»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հավելեց, որ իրենք այնչափ միամիտ չեն, որ կարծեն, թե այս մոտեցումները իրականացվելուց հետո, երկրում բավականին փոփոխություններ կլինեն: Նա կարծում է, որ ժամանակը ամեն ինչ ցույց կտա եւ իր տեղը կդնի:

Քառյակի ներկայացուցիչները, պատասխանելով դիտարկմանը, որ այսպիսով ընդդիմությունը, փաստորեն, արձակուրդ է գնում, ասացին, որ նման բան չկա: Իրենք շարունակելու են այս ընթացքում ակտիվորեն գործել քաղաքական դաշտում, արձագանքել բոլոր զարգացումներին: Առաջինը կլինի առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարի բացատրությունները լսել`Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30