Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:
Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ուղղված համատեղ ջանքերը:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:
Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.
1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում, կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
10 հունիսի 2014թ.