Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր «Ֆորում» ակումբում անդրադարձավ Անաստաս Միկոյանի արձանի՝ Երեւանում տեղադրվելու շուրջ բարձրացած աղմուկին եւ հասարակական խնդիրներին:
«Անկեղծ ասած, ինձ զարմացնում է արձանի շուրջ աղմուկը, ուրիշ դարդ ու ցավ չունի՞ ժողովուրդը…»,- իբրեւ նախաբան ասաց մտավորականը: Ապա հավելեց, որ ինքը դեմ է Միկոյանի արձանին. «Այո, Միկոյանը պետական, քաղաքական մեծ գործիչ է, բայց միայն խորհրդային շրջանի եւ խորհրդային պետության համար: Նա այնքանով կապ ունի Հայաստանի հետ, որ ծագումով հայ է, այլ կապ մարդը չունի Հայաստանի հետ… Փողոցներ, դպրոցներ կան Միկոյանի անունով, տուն-թանգարան, հինգ հուշարձան, ուրեմն ի՞նչ իմաստ ունի վեցերորդ արձանը դնել, այն էլ Երեւանում: Իմ կարծիքով, Միկոյանին ավելի շատ հարգանքի է արժանացրել հայ ժողովուրդը, քան նա արժանի էր»:
Մերուժան Տեր-Գուլանյանն ասում է, որ մի բանի համար չի կարողանում ներել Միկոյանին. «Տարիներ առաջ, երբ դեռ «Գարուն» ամսագրի խմբագիրն էի, իմ ձեռքն ընկավ Մոսկվային հասցեագրված մի փաստաթուղթ, որտեղ հինգ, թե վեց հոգով ստորագրել էին, այդ թվում նաեւ Անաստաս Միկոյանը, թե չի կարելի Ղարաբաղը եւ Նախիջեւանը թողնել Հայաստանի կազմում, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը իմպերիալիստական նկրտումներ կունենա եւ կուզենա դուրս գալ Ռուսաստանի կազմից … Մյուս կողմից էլ, չի կարելի մարդու հիշատակը անընդհատ քրքրել՝ Միկոյանի թեման դրել ենք սեղանի կենտրոնում ու քրքրում ենք…»:
Արվեստագետը կոչ է անում. «Թող Ռուսաստանն ինքը դնի Միկոյանի արձանը, մանավանդ Միկոյանն ավելի շատ Ռուսաստանին է ծառայել: Կարծում եմ՝ նախկին հուշարձանը եւ մնացած անվանակոչությունները բավական են Անաստաս Միկոյանի հիշատակը հարգելու համար»: Նրա ձեւակերպմամբ, Միկոյանի արձանը դնելու մեջ խորհրդային մտայնության վտանգ կա:
Կարդացեք նաև
Մերուժան Տեր-Գուլանյանն անդրադարձավ նաեւ Աստանայի հայտնի միջադեպին ` ասելով, որ եթե Նազարբաեւի նամակից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լռել է, ուրեմն այդ պահին մտածել է հաջորդ իր քայլի մասին: Մտավորականը նաեւ նշեց. «Երկրի նախագահին այսօր պաշտպանելը շատ ավելի դժվար է, քան քննադատելը, պետք է բոլորը թիկունք լինեն նախագահին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ առաջիկա տեսանյութերում: