«Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների առավելագույն արդյունքի ապահովումը ձվարանների վերահսկելի խթանման անհատական մոտեցման դեպքում» թեմայով գիտագործնական համաժողովը Երևանում միավորել է ոլորտի հայ և ռուս մասնագետներին: Համաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր է ժամանել ռուսական առաջատար մասնագետների պատվիրակություն: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց.
«Մոր և մանկան առողջության պահպանման բոլոր ծրագրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և ընդգրկված են կառավարության գերակա ուղղությունների ցանկում։ Իսկ վերարտադրողական առողջության առանձին ծրագրեր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուշադրության կենտրոնում են»,- ասաց Արմեն Մուրադյանը` բարձր գնահատելով բարեգործական մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլ» հիմնադրամի ներդրումը Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքների համար անպտղության խնդրի հաղթահարման նպատակով կիրառվող ժամանակակից օժանդակ տեխնոլոգիաներից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար:
Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ Մոսկվայում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ, քննարկելով մեր երկրների առողջապահական համակարգերի համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող համատեղ արդյունավետ ծրագրերին։
Նշվեց, որ փոքրաթիվ բնակչություն և ցածր ծնելիություն ունեցող երկրներում, ինչպիսին այսօր Հայաստանն է, անպտղության խնդիրը խիստ արդիական է։ Նախարարը շեշտեց, որ այս հիմնախնդրի հաղթահարման ուղղությամբ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, արտամարմնային բեղմնավորման ժամանակակից ծրագրերը վկայում են, որ վերարտադրողական առողջության ոլորտում ևս կան որոշակի ձեռքբերումներ:
Վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել առողջապահության ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը:
Այսօր Հայաստանում վերարատադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.7, որն ազգաբնակչության պարզ վերարտադրություն չի ապահովում։
1997-1998թթ. Հայաստանի Հանրապետությունում կատարված հետազոտության արդյունքներով կանանց շրջանում անպտղության մակարդակը բավականին բարձր էր` մոտ 32%, որից առաջնայինը` 3,5%, երկրորդայինը` 28,5%։ Դրանք մի քանի անգամ գերազանցում էին զարգացած երկրների նույն ցուցանիշներին և կրկնակի անգամ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1993թ. սահմանված ճգնաժամային մակարդակին (15 %), որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող հիմնական գործոն: Իրավիճակի բարելավմանը մեծապես նպաստեցին ՀՀ կառավարության «Մոր և մանկան առողջության բարելավման ռազմավարությունը 2003-2015թթ.» և «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը 2007-2015թթ.» որոշումները: Որպես թիրախ էին նախանշվում նաև անպտղության կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացումը, անպտուղ ամուսնության ախտորոշման և բուժման արդիականացումը: Իրականացված ծրագրերի արդյունքում 2009 թ. կատարված ուսումնասիրություններով 1998-ի համեմատությամբ Հայաստանում անպտղության ցուցանիշը կրճատվել էր 2 անգամ և կազմում էր 16.8 տոկոս, որից առաջնային անպտղությունը՝ 5,4, երկրորդայինը` 11,3։ Սակայն ակնհայտ է, որ դեռևս շատ անելիքներ կան ցանկալի արդյունքներին հասնելու համար։ Խնդրի հաղթահարման նպատակով Հայաստանի կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները հաջողությամբ համագործակցում են Ռուսաստանի Դաշնության մի շարք կազմակերպությունների, այդ թվում` «Մարդու վերարտադրության կենտրոն ոչ կոմերցիոն գործընկերություն» հասարակական կազմակերպության հետ։
Գիտագործնական համատեղ այս համաժողովի շրջանակում Մոսկվայից ժամանած ճանաչված մասնագետները, պրոֆեսորներ Վալերի Զդանովսկին, Տատյանա Նազարենկոն, Էմմա Վարդանյանը, Քսենյա Կրասնոպոլսկայան և մյուսները Հայաստանի իրենց գործընկերներին կներկայացնեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մոտեցումներն ու իրենց փորձը։
Համաժողովը նախաձեռնել են «Մարդու վերարտադրության կենտրոն ոչ կոմերցիոն գործընկերություն» հասարակական կազմակերպությունը (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի իր գործընկերոջ` Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հետ:
ՀՀ առողջապահության նախարարություն