Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Խռոված արտագաղթելն ավելի վտանգավոր է» (Տեսանյութ) 

Հունիս 10,2014 13:41

Հիմա Հայաստանից մարդիկ ավելի շատ արտագաղթում են խռոված լինելու զգացողությամբ, այլ ոչ թե հացի խնդիր լուծելու: «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Aravot.am-ի խնդրանքով տիկին Նալչաջյանը մեկնաբանեց, թե որն է ավելի վտանգավոր արտագաղթի դեպքում եւ արդյոք խռոված մարդու վերադառնալու շանսը ավելի պակաս է: Հոգեբանի խոսքերով, կենսակերպը լավացնելու նպատակով արտագաղթած մարդու ուշքն ու միտքը միշտ հայրենիքում է լինում եւ հնարավորության դեպքում նրանք նույնիսկ վերադառնում են, սակայն, երբ մարդ հայրենիքից հեռանում է հիասթափված, հուսահատված, անարդարություններից դրդված, ապա վերադառնալու շանսերը չնչին են, հատկապես, որ մարդու բնությունն այնպիսին է, որ 20 տարի հետո մարդն ադապտացվում է ցանկացած միջավայրին ու մշակույթին:

Կարինե Նալչաջյանի մեկնաբանությունները` տեսանյութում

 

Նրա խոսքերով, ընդհանրապես, երբ մարդիկ գոհ չեն լինում իշխանություններից, այդ դժգոհությունն անդրադառնում է ազգի վրա եւ նրանք որոշում են իրենց երկիրը լքել` մի շատ լավ երկիր գնալու հույսով. «Այսինքն` մի շատ վատ տեղ թողնում են ու որոշում են գնալ մի շատ լավ տեղ, բայց այլ հարց է, թե այդ շատ լավ տեղը, հետո իրականում ինչպիսին է լինում»:

 

Ըստ հոգեբանի, հատկապես` այս գլոբալիզացիայի դարում, որքան ժամանակն առաջ է գնում, մարդիկ այնքան շուտ են հիասթափվում իրենց վատ ապրուստից, անարդարություններից եւ, հիմնականում, արտագաղթում են խռոված:
Հարցին, թե հայերը ունե՞ն քոչվորի հոգեբանություն, տիկին Նալչաջյանն ասաց, որ պատմության բերումով հայերն ավելի շատ պանդխտության են հակված:

Ըստ հոգեբանի՝ արտագաղթի մասին շատ խոսելն ավելի շատ է նպաստում մարդկանց արտահոսքին, քանի որ խուճապի զգացողություն է լինում եւ մարդը մտածում է` նա գնաց, ես մնացի:

«Պետք չէ հուզական տոներով, վարակիչ տոներով ներկայացնել խնդիրը, բայց, իհարկե, այդ խնդիրը բարձրացնել է պետք, դրա մասին խոսել է պետք»,-ասաց տիկին Նալչաջյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30