ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանը նախարարին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները:
Անդրադառնալով ՀՀ-ում պատիժ կրող իրանցի դատապարտյալներին՝ Մոհամմադ Ռեյիսին շնորհակալություն է հայտնել դատապարտյալների փոխանցման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրել է հնարավորության դեպքում իրականացնել այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի 9 քաղաքացու փոխանցումը: Նա հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսևորումն իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի: Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» կնքված համաձայնագրին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դեռ 2006 թվականից գործում են Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը: Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ երկու հարևան երկրների փոխադարձ հետաքրքրություններն շատ են և պատրաստակամություն է հայտնել իրանցի գործընկերոջ հետ հետագայում քննարկել առաջնահերթությունները:
ՀՀ արդարադատության նախարարություն