Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի միջեւ երեք տարի ժամկետով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Արարողությունից առաջ փոխնախարար Արսեն Քարամյանն ասաց, որ Խաղաղության կորպուսի կամավորականները շուրջ 22 տարի բեղմնավոր աշխատանք են կատարում մեր երկրում եւ այդ ընթացքում նախարարությունը նրանց հետ համակողմանի համագործակցություն է ունեցել: «Մեր նպատակն է` ստորագրվող երրորդ հուշագրի շրջանակներում ծավալել համագործակցության նոր եզրեր: Հույս ունեմ, որ այսուհետեւ կկարողանանք մեր աշխատանքներում բովանդակայինին զուգահեռ ունենալ նաեւ ծավալային աճ», – ասաց Արսեն Քարամյանը:
ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրային գծով փոխտնօրեն Ջեյմս Բախը հավելեց, որ արդեն երկու տարի Խաղաղության կորպուսն աշխատում է, մասնավորապես, Հայաստանի մարզերում: «Խաղաղության կորպուսի նպատակն է`երկու երկրների միջեւ մշակութային կամուրջ գցել եւ փոխանցել փորձառությունը, սովորել հայերեն, հայ մշակույթը, ինչպես նաեւ հայ ժողովրդին փոխանցել ամերիկյանը: Այսօր մենք գրեթե բոլոր մարզերում ունենք երիտասարդության զարգացման ծրագրով աշխատող 30 կամավորներ: Նրանք աշխատում են տեղացի գործընկերների, հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի դրական փոփոխություններ մտցվեն երիտասարդների կյանքում», – ասաց Ջեյմս Բախը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ