«Հայաստանում չկան կուսակցություններ, կան թայֆաներ և այդ բոլորը մաս են կազմում մեկ այլ կուսակցության, որի անունն է ԿԳԲ, ԿԳԲ ցանկ: ՀՀ կուսակցությունները ուղղակի կամ անուղղղակի այդ կուսակցության մաս են կազմում»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ քննադատելով ՀՀ քաղաքական դաշտը:
Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմանը: Այն Հայրիկյանը բնութագրեց «Եվրոպա՞, թե՞ «խուժանամիություն» ու շարունակեց. «Դա մեղմ բառ է, քանի որ դիկտատորներին ամենավատ անուններով են կոչում: Այդ տեսանկյունից ՀՀ կուսակցություններին իրենց ամոթալի պահեցին: Ձգտում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալ, բայց հետո խոսում են ոչ եվրոպական կողմնորոշման մասին»:
ԱԻՄ նախագահը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ երկրում չկա սահմանադրական ճգնաժամ: Այնուհետև նկատում է. «Հանկարծ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասին և նախաձեռնող խումբ ստեղծեց: Աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսել, որ ազգային սահմանադրության մեջ ներդրում ունեցող անձին (նկատի ունի իրեն,-Տ.Հ.) սահմանադրական բարեփոխումների աշխատանքներին չհրավիրեն: Լսում են համբակներին, տգետներին, ովքեր կողմ են խորհրդարանական համակարգին ու թող ստացվի, թե իրենք հասան հաղթանակի, չէ՞ որ խորհրդարանական համակարգը կիսանախագահականի համեմատ երկու անգամ պակաս ժողովրդավարություն ունի»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Օլանդի հայտարարությունից հետո, որ կարելի է ՀՀ-ի համար ասոցացման նոր օրակարգ մշակել, ՀՀ-ին այդպես էլ գրկաբաց չընդունեցին, պարոն Հայրիկյանն արձագանքեց. «Այդ իրավիճակը ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքական բոմժի կարգավիճակում է: ՀՀ իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը Հայաստանին դարձրել է քաղաքական բոմժ»:
Aravot.am-ի հարցին՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկեց նաև քաղաքական ուժերի մասնակցությամբ, սակայն ԱԻՄ-ի ներկայացուցիչներ ներկա չէին, արդյոք ԱԻՄ-ին չէ՞ին հրավիրել, թե՞ հրավերը մերժվել էր, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել: Ես ամենևին չեմ ասում, որ մեզ որպես շարքային կուսակցություն հրավիրեին: Այլ հենց գաղափարը ծագում էր, պետք է Հայրիկյանի կարծիքը հարցնեին, քանի որ Սահմանադրության մեջ ինչ դրական փոփոխություններ կատարվել են, բոլորը մեր առաջարկներն են: Երբեք չմտածեք, որ նեղացածության հարց կա, մենք իրենց մասին ենք մտածում»:
Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ օրը Թեքեյան կենտրոնում նախատեսվում է ԱԻՄ ներկայացուցիչների համահավաք, երբ կընտրվի նոր ներկայացուցչական խորհուրդ, որին կհաջորդի քայլերթը՝ Հանրապետության հրապարակից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ