Երեկ երեկոյան Աֆրիկյանների տան պարիսպները պոկելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է 10 ակտիվիստի, որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սավզյանին, Հերբերտ Գեւորգյանին եւ Սիփան Փաշինյանին:
Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստ Վահե Գեւորգյանն ասաց, որ այդ օրը ինքը չի մասնակցել բողոքի ակցիային, քանի որ տեղյակ չի եղել. «Իրենք գնացել են դիմացի պարիսպներն ապամոնտաժելու: Ապամոնտաժել վերջացրել են, մոտ 1.5-2 ժամ է տեւել: Հետո ոստիկաններ են եկել, ուզել են ձերբակալել, չեն կարողացել, ժողովուրդը չի թողել: Հետո մի կերպ հասցրել են մեկին բռնեն տանեն: Հետո մյուսները որ գնացել են բաժանմունքի մոտ՝ նրա հետեւից, ոստիկանության դիմացից հարձակվել ու բոլորին տարել են: Անգամ կարծեմ Սիփան Փաշինյանը ընդհանրապես Աֆրիկյանների տան մոտ չի եղել: Նրա ընկերոջն են բռնած եղել, գնացել է ոստիկանություն, իրեն էլ են բռնել տարել»:
Վահե Գեւորգյանն ասաց, որ ակտիվիստները վնասվածքներ, իր տեղեկություններով չեն ստացել. «Ինչքան գիտեմ, գրկել մտցրել են ներս»:
Վահե Գեւորգյանի տեղեկություններով՝ ակտիվիստների դեմ քրեական գործ են հարուցել՝ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել. «Նրանց կասկածյալի կարգավիճակ են առայժմ տվել»:
Ոստիկանության բաժանմունքում գիշերը ժամը 3-ի սահմաններում բռնագրավել են ակտիվիստների իրերը՝ հեռախոս, ժամացույց, ամեն ինչ: Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ժամանակավոր հեռախոսահամար է թողել եւ գրառում արել. «Ժող, լոխ լավ ա»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Աֆրիկյանների տան մոտ` իրենց դժգոհությունն արտահայտելու հանրապետական նշանակության պատմամշակութային այդ շինության քանդելու առիթով:
Կարդացեք նաև
« Ա1+»-ի տեղեկացմամբ՝ որպես բողոքի ժեստ, նրանք քանդել են Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները: Երբ քաղաքացիները գրեթե ամբողջությամբ պոկել են պարիսպները, եկել է ոստիկանությունը եւ պարզաբանում պահանջել: Սկսել է քաշքշուկ, որի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացի Վահագն Գևորգյանին: Մյուսներին բերման են ենթարկել արդեն ոստիկանական Կենտրոնի բաժանմունքի մոտից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «SOS!Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից