Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ լարային ռադիոցանցի տնօրինությունը բազմիցս հայտարարությունով հանդես է եկել, որ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է այլեւս չգործեն։ «Մեր միջեւ եղավ խոսակցություն (նկատի ունի ՀՀՌՑ ՓԲԸ-ի հետ), որ իրենք ֆինանսապես չեն կարողանում եւ գտնում են, որ Հանրային ռադիոն պետք է պայմանագիր կնքի իրենց հետ եւ վճարի սպասարկման համար՝ 500– 600 հազար դրամ, բայց բյուջետային որեւէ ազատ տող չունի, որպեսզի կարողանա նման հարց լուծել։
Այնուամենայնիվ, փորձեցինք ինչ-որ միջանկյալ լուծումներ գտնել։ Պայմանավորվեցինք, որ 3 միլիոն դրամ կտրամադրենք, ամբողջ տարվա ծախսերը հոգալու համար, մինչեւ հարցը վերին ատյաններում կքննարկենք եւ վերջնական որոշում կկայացնենք։ Այդ պայմանավորվածությունից հետո, արդեն մայիսի վերջին, նամակ ստացանք, որ հունիսի 1-ից անջատելու են, եւ իրենց պայմանավորվածությունները չեղյալ են համարում»,- պատմեց Ամիրյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ Հանրային ռադիոն պայմանագիր չի ունեցել լարային ցանցով հեռարձակվելու համար։ «Եթե հեռարձակողը նման խնդիր է բարձրացնում, պետք է հաշվի առնվեր բյուջետային տարին։ Այսինքն՝ համապատասխան տարվա համար հայտ ներկայացներ, ստանար ֆինանսավորում, եւ հետո միայն փոխվեին իրավահարաբերությունները»,-պարզաբանեց Ամիրյանը։
Ռադիոյի գործադիր տնօրենը ցավով նշում է, որ ռադիոյի բաժանորդների թիվը նվազել է՝ հասնելով 2 հազար 500-ի, իսկ փետրվարին 7 հազար էին. «Բաժանորդների թիվն էլ է նվազել, բայց պետք է հաշվի առնեինք, որ նրանք մեր ամենահավատարիմ ունկնդրողներն էին, բայց ոչինչ չես կարող ասել այն կազմակերպությանը, որը սպասարկում է։ Իրենք գիտեն իրենց տնտեսական շահը, այնուամենայնիվ, ռադիոցանցը ոչ միայն պետք է պահպանել, այլ նաեւ ներդրումներ անել, որպեսզի այդ ցանցը մեծանա»։
Կարդացեք նաև
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում