Մի քանի ժամից ոչ իշխանական ուժերի քառյակը հրապարակելու է Հայաստանի նոր կառավարությանը իր ներկայացնելիք 12 կետերը, որոնց կատարման համար ժամանակ է տրվելու մինչև աշուն: Զարմանալի է, որ, այսպես ասած, ոչ իշխանական ուժերը տարբեր գուներանգներով իրենց գնահատականներով, ընդհանուր առմամբ, դեմ են Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, իսկ որոշները նրան նույնիսկ թալանչի են անվանում, սակայն նրա համար ապահովում են, ըստ էության, գրեթե ջերմոցային պայմաններ:
Ընդունված է, որ նոր պաշտոնյաներին կամ կառավարություններին տրվում է 100 օր ժամանակ: Սակայն, այսպես ասած, ոչ իշխանական ուժերը Հովիկ Աբրահամյանին տալիս են զգալիորեն ավելին` այն դեպքում, երբ իրենք են ամեն օր զանգ հնչեցնում, որ Հայաստանում իրավիճակը աղետալի է, և շտապ քայլեր են պետք այն փրկելու համար: Նման դիրքորոշում և գնահատականներ ունեցող քաղաքական ուժերը պետք է որ նոր կառավարությանը ոչ թե 100-ից զգալիորեն ավելի, այլ զգալիորեն պակաս օր տային արդյունքներ ակնկալելու համար: Սակայն արի ու տես, որ իրավիճակը լրիվ հակառակն է:
Հովիկ Աբրահամյանին, որի կառավարությունը մայիսին արդեն ձևավորված էր, ժամանակ են տալիս մինչև աշուն: Ըստ որում` պարզ է, որ խոսքը սեպտեմբերի 1-ի կամ 10-ի մասին չէ, այլ առնվազն հոկտեմբերի` թեկուզ այն պարզ պատճառով, որ սեպտեմբերը Հայաստանում, ըստ էության, ամառային ամիս է, և մինչև բոլորը ուշքի են գալիս ամառային ռեժիմից և կենտրոնանում, դառնում է հոկտեմբեր: Թե ինչու է Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ նման կոշտ գնահատականներով հանդերձ` նման ջերմոցային վերաբերմունք ձևավորվել,- իսկ ջերմոցային՝ որովհետև Հայաստանի ներկայիս իրավիճակի, նաև Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության անդամների այս իրավիճակի համար անձնական պատասխանատվության չափաբաժնի, այս իրավիճակի համար անձնական մասնակցության չափաբաժնի տեսանկյունից նրանց տրվող «մինչև աշուն» ժամանակը համեմատական առումով հենց ջերմոցային է,- մնում է միայն գուշակել:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում