135-ամյա հարուստ ու բեղմնավոր կենսագրություն ունեցող, աշխարհում մեծ համբավ ու ճանաչում վայելող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատն ընդլայնում է արտադրության ծավալներն ու տեխնիկական հզորությունը: Գործարանում կառուցվել է նոր մասնաշենք, որտեղ գործելու են լցման, հնեցման և կուպաժավորման արտադրամասեր: Դրանք բոլորը հագեցած են ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցեց նորաբաց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, շրջեց մասնաշենքի բոլոր բաժիններում, ծանոթացավ կատարված աշխատանքին ու բարձր գնահատականի արժանացրեց:
Մասնաշենքի բոլոր արտադրամասերը համալրված են ժամանակակից տեխնիկայով: Գագիկ Ծառուկյանն անձամբ հետևեց շշալցման ավտոմատացված, իտալական արտադրության ամենավերջին մոդելի նոր հոսքագծի խորհրդանշական գործարկմանը:
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը պարզապես արտադրությամբ զբաղվող գործարան չէ, սա պատմություն է, և այսօր այդ պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորն են հիշում, թե տարիներ առաջ գործարանն ինչպիսի տեսք ուներ, սակայն տարիների համառ աշխատանքն ու ահռելի ներդրումները տվել են իրենց դրական պտուղները: Գործարանն այսօր լավագույնն է թե’ իր արտադրանքով ու ավանդույթներով, թե’ ստեղծած աշխատատեղերով ու վստահելի գործընկերների բանակով»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքի ու սրտացավության շնորհիվ դեռ բազմաթիվ ձեռքբերումներ են տոնելու:
Շնորհիվ գերազանց որակի, անզուգական համի Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտադրանքը հասցրել է նվաճել ոչ միայն տեղական, այլև օտարերկրացի սպառողների հիացմունքը: Մինչև արտադրական գործընթացը սպիրտը գիտահետազոտական փորձաքննության է ենթարկվում կոմբինատի լաբորատորիայի առաջատար մասնագետների կողմից: Կոմբինատում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները թե’ աշխատակիցների գործունեության, թե’ արտադրական գործընթացի լիարժեք իրականացման համար:
Կարդացեք նաև
«Կոմբինատը միայն այս տարածքն ու նրա հարյուրավոր աշխատակիցները չեն: Գործարանն արդեն տարիներ շարունակ, որպես վստահելի գործընկեր, համագործակցում է մարզերում բնակվող տասնյակ հազարավոր գյուղացիների հետ՝ ապահովելով նրանց եկամուտն ու տարեցտարի մեծացնելով խաղողի մթերման ծավալները: Այս ամենը հնարավոր է դարձել կոնյակի արտահանման ծավալների մեծացման արդյունքում, ինչն էլ տնտեսության զարգացման հիմքն է»,-իր խոսքում նշեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը:
Հարկ է նշել, որ ամբողջությամբ վերականգնվել ու վերանորոգվել են շուստովյան ժամակաշրջանի պատմական մառանները: Պահպանելով իրենց խորհրդավորությունը՝ նրանք նոր շունչ են ստացել: Բացառապես կաղնու փայտից պատրաստված տակառներում է հնեցվում կոնյակի սպիրտը: Կոնյակագործության դարավոր ավանդույթների մի մասնիկը հենց այդ մառաններում է հավերժացած: Շուստովյան հայտնի պատմական մառաններն այսօր համալրվեցին ևս մեկով:
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը Կրեմլի միակ պաշտոնական մատակարարն է: Գործարանում ձեռքբերումներով հպարտանում են, բայց ոչ երբեք բավարարվում: Նորանոր ձեռքբերումներն ու նվաճումները դեռ առջևում են:
ԲՀԿ