Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանից «դեռ ձեն ձուն չկա»

Հունիս 09,2014 22:03

«Երկրորդ օրը, որ եկանք, երեխես շոկի մեջ ասաց մամ ջան մի բողոքի, լավ կլինի: Թող իրենք ծախս-մախսը փակեն, ամեն ինչ կպրծնի: Մամ ջան էդ երեխեն ոչ մի տույժ էլ չի անելու, որովհետեւ լավ էլմեջք ունի»,- մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարված Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի մայրը՝ Լիլյա Ալեքսանյանը:  «Լավ մեջք ունի» ասելով՝ նա նկատի ուներ որդուն դանակահարողին:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր՝ Սեդրակ Օսիպյանը:

Այսօր արդեն Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ալեքսանյանը մասամբ հրաժարվում է իր խոսքերից՝ պնդելով, թե տաքացած է եղել, խոսել է. «Էդ օրը շոկի մեջ եմ եղել, շատ բան եմ ասել»: Թե ում նկատի ուներ «լավ մեջք ունի» ասելով՝ նա այսօր արդեն չի հստակեցնում:

Դեպքի ականատես, Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում պատմում էր, որ տիկին Ալեքսանյանը որդու դանակահարության ժամանակ դրսում է եղել, որ նա նույնիսկ տեսել է դանակահարողին՝ Վալերի Օսիպյանի եղբորորդուն, ու պտտվել ցույց է տվել, թե որ շենքում է ապրում այդ երիտասարդը, նկարագրել նրան՝ շեկ մազերով, կապուտաչյա, նույնիսկ նշել է, որ ռուսախոս է ու ռուսերենով հայհոյում էր, ասել է միայն անունը չի հիշում, հենց տեսնի, կճանաչի: Իսկ որդուն ազատելու համար, նույնիսկ քաշել է նրա մազերը: Տիկին Ալեքսանյանը պնդում է՝ ինքը նման բաներ ասել է, բայց իր իսկ մատնանշած կապուտաչյա ռուսախոս երիտասարդի ձեռքին դանակ չի տեսել ու չի կարող վստահ ասել, որ հենց այդ երիտասարդն  է որդուն դանակահարողը. «Չէ, չէ, չեմ ճանաչում: Ոչ մեկի չեմ տեսել, մութ էր: Չէ տղաս էլ չի իմացել, ով է խփել, ոնց է խփել: Հեսա խոսեցնում ենք, ասում է՝ մամա չեմ էլ զգացել՝ ինչ է կատարվել հետս»: Տիկին Ալեքսանյանի պատմելով, որդին դեռ հիվանդանոցում է, բարձր ջերմություն էլ չի իջնում, ինչի պատճառով էլ նրան դեռ չեն հարցաքննել. «Եկել, գնացել են, երեխես ի վիճակի չէ բան ասելու: Վիճակ չունի երեխես»:

Նուբարաշենի բնակիչների պատմելով՝ կապուտաչյա այդ երիտասարդը հենց Սեդրակ Օսիպյանն է:

Լիլյա Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ Վալերի Օսիպյանի հետ չե՞ք զրուցել, ասաց. «Չէ, հա»: Մեր դիտարկմանը, թե  Նուբարաշենի բնակիչները պնդում են, որ Վալերի Օսիպյանը առաջարկել է  հոգալ ձեր որդու բուժման ծախսերը, որ չբողոքեք, տիկին Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա հլը որ իմ ուժերով եմ անում, բարեկամներս են օգնում: Չէ հլը, որ Վալերի Օսիպյանը ոչ մի բան չի արել, դեռ ձեն ձուն չկա»:

Մեր հարցին՝ չե՞ք բողոքելու, ասաց՝ հիմա միայն որդու ապաքինման մասին է մտածում. «Հետո կտեսնենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30