Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդիկ կհամեմատե՞ն արդյոք «Հարսնացուն հյուսիսից» և «Հարսնացուն Վեգասից» ֆիլմերը

Հունիս 09,2014 21:10

«Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հայաստանում՝ վաղը՝ հունիսի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։

ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Շարաֆյանն ու Շարլին Ռոուզը։ Ֆիլմում նկարահանվել են նաև ավագ սերնդի դերասաններ Լևոն Շարաֆյանն ու Ալլա Թումանյանը:

Սա առաջին ֆիլմն է, որտեղ մասնագիտությամբ դիզայներ Մ. Շարաֆյանը՝ Լ. Շարաֆյանի որդին, հանդես է գալիս որպես դերասան՝ խաղալով իր հայրիկի հետ և ֆիլմում էլ մարմնավորելով նրա որդու կերպարը:

Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում նկարահանվելը: Ես երբեք որևէ ֆիլմում չեմ նկարահանվել և այդպիսի մտադրություն էլ չունեի,- ասում է Մ. Շարաֆյանը:- Ֆիլմի ռեժիսորը՝ Արթուր Բաբայանը, մոտ երեք ամիս համոզում էր ինձ նկարահանվել, բայց ես դեմ էի, որովհետև ես զգեստներ ձևավորող եմ, դերասան չեմ: Ի վերջո, մի օր հորս ասացի, որ Արթուրը համոզում է ինձ, ուզում է, որ անպայման նկարահանվեմ իր ֆիլմում: Եվ այնպես համոզված էի, որ հայրս ասելու է՝ դու քո գործով զբաղվիր, բայց շատ զարմացա, երբ ասաց՝ դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, եթե մարդն ընկել է հետևիցդ, ուրեմն՝ մի բան տեսնում է մեջդ: Նա ինձ խորհուրդ տվեց փորձել, և ես համաձայնեցի»:

Ֆիլմի ռեժիսոր Ա. Բաբայանն էլ պարզաբանեց, թե ինչու էր ընկել Մ. Շարաֆյանի հետևից. «Խնդիր չէի դրել, որ, անպայման, պրոֆեսիոնալ դերասան պիտի լինի: Ինձ համար՝ որպես ռեժիսորի, շատ ավելի կարևոր է մարդու բնավորությունը, ես կարո՞ղ եմ նրա հետ աշխատել, թե՞ ոչ: Եվ, ըստ այդմ էլ, նախընտրում եմ աշխատել այն մարդկանց հետ, որոնք ինձ լավ են հասկանում: Դա կարևոր հանգամանք է, որովհետև շատ ռեժիսորներ ու դերասաններ են եղել, որոնք ինչ-որ պահի սկսել են իրար չհասկանալ, և ֆիլմը կիսատ է մնացել: Բայց ինչ վերաբերում է Միքայելին, նա ապացուցեց, որ ինքը նաև շատ լավ դերասան է: Ճիշտ է, նա դեռ չի հավատում դրան, բայց շուտով կհավատա»:

«Հարսնացուն Վեգասից» ֆիլմի հիմքում գյուղացի Մկոյի պատմությունն է, որը գնում է Լաս Վեգաս՝ լուսանկարում պատկերված աղջկան գտնելու, բայց հանդիպում է Ալիսին, և փորձություններով ու արկածներով լի մի շրջան է սկսվում Մկոյի կյանքում:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք ֆիլմի վերջում Մկոն վերադառնո՞ւմ է Հայաստան, ռեժիսորը պատասխանեց. «Իհարկե, հո արտագաղթ չե՞նք քարոզելու: Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է հայ երիտասարդը, ամեն քայլի դիմելով, կարողանում հասնել իր երազանքին: Նրա համար ԱՄՆ գնալն ու իր իսկական սերը գտնելը մեծ քայլ էր:

Ֆիլմը մի շատ կարևոր ասելիք էլ ունի. այն, որ կարևոր չէ՝ դու որտեղից ես, ինչ ազգի ես, ինչ լեզվով ես խոսում, կարևորն այն է, որ մենք բոլորս մարդ ենք և այս երկրագնդի վրա ենք ապրում»:

Հարց-դիտարկմանը, թե «Հարսնացուն Վեգասից» վերնագիրը ակամայից «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն է հիշեցնում, և մարդիկ, ուզած-չուզած, համեմատելու են այդ երկու ֆիլմերը, արդյոք նրանք չե՞ն վախենում այդ համեմատության արդյունքներից, Ա. Բաբայանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք կարող հետ պահել համեմատելուց: Բայց, անկեղծ ասած, «Հարսնացուն հյուսիսից»-ը շատ փոքր տարիքում եմ դիտել և համարյա չեմ հիշում, նորից չնայեցի, որպեսզի զուգահեռներ անցկացնելու, նմանություններ գտնելու հնարավորություն չունենամ: Բայց «Հարսնացուն Վեգասից» վերնագիրը հատուկ չենք ընտրել, որ նման լինի «Հարսնացուն հյուսիսից»-ին:

Իսկ համեմատություններ անցկացնելու մեջ ոչ մի վատ բան չկա, բնական գործընթաց է դա, բայց եթե համեմատում ենք, չպիտի մոռանանք համեմատել նաև այն, որ երբ նկարահանում էին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, նրա մեջքին Խորհրդային միության նման հզոր մի երկիր էր կանգնած, իսկ մեր ֆիլմը քսան հայ երիտասարդների նկարահանած ֆիլմ է և այն էլ՝ օտար երկրում՝ ԱՄՆ-ում, սահմանափակ ֆոնդերով: Եթե համեմատում ես, ամեն ինչը պիտի համեմատես»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30