«Ես փորձում եմ Անաստաս Միկոյանի ընտանիքի կարծիքն ու զգացմունքները հարգել: Անկախ այն հանգամանքից, թե պապն ինչ ճանապարհ է անցել, թոռները նրան պիտի հարգեն ու սիրեն: Բայց համոզված եմ, որ Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Միկոյանը, տեղյակ չէ Հայաստանի իրավիճակին, մամուլ չի կարդում, Հայաստանի մթնոլորտը չի զգում,Հայաստանն իր համար մնացել է ՀԽՍՀ: Բայց Հայաստանի մոդելն է փոխվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վլադիմիր Միկոյանի գնահատականներին՝ այսպես արտահայտվեց ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա՝ անձի արձան դնել, նշանակում է, որ հասարակությունն առնվազն պետք է ճանաչի այդ անձին և դրական կոնսենսուս ունենա: Բայց եթե հասարակության առնվազն տասը տոկոսն ատում է այդ մարդուն, այդ հուշարձանը չպետք է տեղադրվի, քանի որ այդպիսով ավելանում է հասարակության առճակատումը:
Վլադիմիր Միկոյանի այն դիտարկումներին՝ թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել, պարոն Իգիթյանն այսպես արձագանքեց. «Երևում է, որ ինքը նույնիսկ Սարոյանի կենսագրությունը կամ չգիտեր կամ չէր հետաքրքրվել,քանի որ նա ամերիկացի էր, իսկ այն ժամանակ ամերիկացին համարվում էր թշնամի: Ու քանի որ նա այդ ընտանիքում է մեծացել, նրա համար ցանկացած ամերիկացի, այդ թվում Սարոյանը, օտար, եթե ոչ թշնամական երևույթ էր: Չեմ ուզում Միկոյանի թոռանը բացատրել, թե ինչու պիտի Սարոյանն ունենա արձան Հայաստանում: Թեկուզ այն հանգամանքը, որ յոթ-ութ տարեկան երեխան, մազապուրծ եղած ցեղասպանությունից՝ լինելով երեխա ամբողջ իր կյանքում կարողացավ չչարանալ և հիշողությունը պահել ու իր ստեղծագործությունների միջոցով աշխարհին ներկայացնել Հայաստանը և այդ ողբերգությունը, որ ապրել է, դա բավարար է, որ մենք այդ մարդուն հարգենք: Նա իր կյանքում որևէ մեկին, այդ թվում նաև թուրքերին, վնաս չի հասցրել: Այն հանգամանքը, որ Կալիֆոռնիայի նահանգը իրար հետևից ցեղասպանություն է ճանարում, ԼՂ հարց է դնում, դա շնորհիվ Սարոյանի է»:
Հովհաննես Բաղրամյանի մասին պարոն Իգիթյանն ասաց. «Թեկուզ այն հանգամանքը, որ նա իր փառքն ունեցավ ռազմադաշտում, այլ ոչ թե պոլիտբյուրոյի կաբինետներում, կամ Ստալինի, Եժովի շրջապատում, բավական է, որ այդ մարդուն նայենք՝ որպես չարություն չբերած անձի: Հովհաննես Բաղրամյանի անունը չի կապվում գնդակահարությունների հետ»:
Կարդացեք նաև
Միկոյանի թոռան հրապարակած փաստերին հակադրելով՝ պարոն Իգիթյանը մատնանշեց պատմական այլ փաստեր. «Այն ժամանակ, երբ լուծվում էր ռուս-թուրքական պայմանագրի հարցը, որով ՀՀ-ն կորցրել է թե անկախությունը, թե հողերը, Միկոյանը եղել է Անդրկովկասի մակարդակի բարձր պաշտոնյա, ո՞րն է եղել նրա դերակատարությունը: Ես պատմությունից չեմ հիշում, թե առանձնապես ըմբոստացել է: Երբ Կովկասի բյուրոն ԼՂ-ն ամրացնում էր Ադրբեջանի կազմում, նա էլի բարձրաստիճան պաշտոն էր զբաղեցնում, էլի չեմ հիշում, որ ըմբոստացած լինի: Կամ ո՞րն էր նրա դերը Բաքվի քսանվեց կոմիսաների հարցում: Հիմա այս հարցերը չբարձրացնելու, մոռացության տալու ձև են գտել՝ հարցը հանձնել պատմաբաններին»:
Մեր հարցին՝ Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը նրա ընտանիքինն է, այդ դեպքում ինչի՞ են նրանք ձգտում, մի՞ թե չեն տեսնում հասարակական հակազդեցությունը, այն դեպքում, երբ Միկոյանի արձաններ ՀՀ-ում կան տեղադրված, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Երևի իրենք մինչև վերջ անկեղծ չեն, երևի թե մտածում են, թե մարդկանց գնդակահարություններին հավանություն տալու ստորագրությունը տեղին է եղել, այդ մարդիկ իրոք եղել են ազգի թշնամիներ»:
Հովհաննես Իգիթյանը փաստում է, թե Հայաստանը մեծահոգաբար փակել էր Միկոյանի և պատմության այդ էջը՝ առաջնորդվելով հանգուցյալների հետևից կամ լավը կամ ոչինչ սկզբունքով ու «ի՞նչ է թոռան ուզածը, որ պապի հիշողությունն այսպես քննադատվի՞»:
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Վլադիմիր Միկոյանը պապի առնչությամբ օբյեկտիվ չէ ու նշում է. «Չեմ կարծում, որ մենք պիտի քննարկենք, թե թոռը ինչ է մտածում Միկոյանի մասին: Փորձեք նրան խոսեցնել Հայաստանի, ԼՂ հարցի, ցեղասպանության, ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության մասին, կտեսնենք, թե այդ մարդն ինչքան է հեռու Հայաստանից: Չեխիայում մի տեղ նստած Ռուսաստանի առևտրային գործերով է զբաղված, ամբողջ կյանքը ՀՀ-ից դուրս է եղել, կարող է ժամանակին «Կոմունիստ» թերթ է կարդացել, բայց հիմա հայաստանյան մամուլին ծանոթ չէ»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ո՞րն է ՀՀ իշխանությունների շահագրգռվածությունը Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցում՝ գուցե Պուտինին հաճոյանալու խնդի՞ր կա, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Համատարած քծնանքի ու հաճոյանալու միտում եմ տեսնում: ՀՀ-ում հաճախ կրկնօրինակում են Ռուսաստանի մթնոլորտը, օրենսդրությունը: Հիմա Պուտինն ասում է, թե Վոլգոգրադը Ստալինգրադ պիտի անվանակոչեն, Սանկտ-Պետերբուրգը մի օր կդառնա Լենինգրադ: Պուտինը, հավանաբար, մոռացել է, որ դարաշրջան է փոխվել: Իմ գլխում չի տեղավորվում, թե Պուտինը կարող է Սարգսյանին զանգած լինել ու ասել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրեք: Բայց շատ լավ պատկերացնում եմ, որ նա կանչի Սերժ Սարգսյանին, ասի, որ վաղը պիտի հայտարարես Մաքսային միություն մուտք գործելու մասին, չստորագրես Ասոցացման համաձայնագիրը, Գազպրոմին անվերջ մոնոպոլիա տաս: Ենթադրում եմ, որ Միկոյանի արձանի տեղադրումը տեղական մանր նախաձեռնություն է մի քիչ ավելի հաճոյանալու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ