Անցյալ տարվա հուլիսին ջրանցքում հայտնաբերվեց Սիմոն Բաբայանի դիակը:
Որպես կասկածյալ ձերբակալվել է ազատամարտիկ, Մրգաշեն գյուղի բնակիչ, հիսունվեցամյա Պետրոս Գրիգորյանը:«Հանցագործությունը» բացահայտած, ոստիկանության քննչական բաժնի հետ համագործակցած, նախկինում սպանության համար տաս տարվա ազատազրկման դատապարտված Ռաֆիկ Հակոբյանի միակ ցուցմունքով, սպանությունը կատարել էր Պետրոսը:
Ռաֆիկ Հակոբյանի նկատմամբ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը պարտակելու համար:
Դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթացած նիստին վերջինը հրաժարվեց ոչ միայն ցուցմունք տալ, այլ պատասխանել Պետրոս Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանի հարցերին: Դատարանն այդ իսկ պատճառով հրապարակեց ամբաստանյալի նախաքննության ժամանակ տված յոթ ցուցմունքները, բացառությամբ Պետրոս Գրիգորյանի հետ առերեսման ժամանակ տված ցուցմունքների:
Կարդացեք նաև
Ըստ այդ ցուցմունքների, իրենք գերեզմանատանն աշխատելիս են եղել, իրենց համագյուղացի, հանգուցյալ Իշխան Նիկողոսյանի փոսն են փորելիս եղել:
Նրանց է մոտեցել Նոր Արտամետ գյուղի բնակիչ Սիմոն Բաբայանը, որը խմած էր, օղին ձեռքը, եւ առաջարկել է Ռաֆիկին իր հետ խմել:Ռաֆիկը հրաժարվել է, նա առաջարկել է Պետրոսին: Ռ.Հակոբյանը տեսել է, թե ինչպես Պետրոսը դուրս եկել փոսից, թե ինչպես է Սիմոնը մայր հայհոյել, ապա Պետրոսը ձեռքի քլունգով հարվածել է Սիմոնին:
Վերջինն ընկել է: Տարբեր կարգավիճակներում՝ վկայի, կասկածյալի, մեղադրյալի նա հայտնել էր տարբեր բաներ, մասնավորապես, թե ինչպես է Պետրոսը մեկ շալակած Սիմոնին տեղափոխել, մեկ թե ինչպես են իրենք երկուսով տեղափոխել, թե ինչպես է ինքը ոտքերից, Պետրոսը թեւատակերից ընկած տեղափոխել ջրամբարի մոտ, ապա ինչպես է ինքը հետ դառել, ու լսել ջրի ձայն.հասկացել է, որ Սիմոնին Պետրոսը գցեց ջրամբարը: Ռ.Հակոբյանը հայտնել էր, որ իրեն Պետրոսը վախեցրել է, թե նույնն իր հետ կանի, եթե չլռի: Ի դեպ, այս դրվագի հետ կապված մեկ այլ պատում էլ կար.նրանք գնացել են Իշխան Նիկողոսյանի տուն, այնտեղից դուրս են եկել, եւ Պետրոսենց տուն չեն մտել, այլ եկել են գերեզմանատուն, գիշերվա ուշ ժամին: Պետրոսն ասել էր, թե Սիմոնին թողել է «կանալի» մոտ, «գնանք, տեսնենք ինչ եղավ»: Երբ հասել են տեղ, Պետրոսն ասել է, թե Սիմոնը մահացել է: Ըստ Ռ.Հակոբյանի, Պետրոսը խնդրել էր, որ օգնի իրեն ջուրը գցել, ինքը վախեցել է, հետ դառել, եւ Սիմոնին նա ջուրն է գցել:
Մեկ այլ ցուցմունքով, ինքը փոխվել էր, գնացել էր հանգուցյալի տուն, որտեղ տեսել էր Պետրոսին.նրա հագուստների վրա արյան հետքեր չի նկատել:
Դատարան էր ներկայացել եւ վկայություն տվեց գերեզմանափոր Լեռնիկ Բաբայանը՝ Սիմոնի եղբայրը:
Նա ասաց, որ իր զոքանչի մահվան հետ կապված նրա փոսն է փորել հարեւան գերեզմանոցում:
Այդ օրը եղբորը տեսել է խմած, հազար դրամ է տվել: Եղբայրը սիրել է խմել, բնակվել է իրենց բակի վագոն-տնակում, ոտքերի մատերը չկային, քանի որ տարիներ առաջ ցրտահարվել էին:
Ինքը եղել է գերեզմանափոսի մեջ, եւ չի տեսել, թե ինչ մեքենայով են եկել Պետրոսն ու Ռաֆիկը, թե նաեւ, երբ են միասին երեքով հաց կերել: Ըստ ցուցմունքներից մեկի, միասին հաց են կերել հոգեհանգստի օրը, մեկ էլ թաղման օրը: Այս վկան ասել էր, թե հաց ուտելիս հայտնել է, թե եղբայրը տուն չի եկել, իսկ Պետրոսն էլ ասել էր, թե մի տեղ խմած քնած կլինի, կգա:
Վկան հայտնեց, որ Արտամետ-Մրգաշեն ճանապարհն անցնում է գերեզմաններով, բնակիչներն անցնում են նույնպես այդ ճանապարհով:Բայց դեպքի օրը նա չի լսել որեւէ ձայն, որը կհուշեր ինչ-որ վեճի մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ