Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյանը՝ Միկոյանի թոռանը. «Նույնիսկ անբարոյական է հարցի դրվածքը»

Հունիս 09,2014 18:56
Hranush kharatyan

Ըստ Հրանուշ Խառատյանի, Անաստաս Միկոյանը հանուն իր կարիերայի արել է արարքներ, որոնց վերաբերյալ հետագայում կարող էր ինքն իրեն «սրիկա» մեղմ անվանումը տալ

«Միկոյանի թոռան փաստարկը տարօրինակ է: ՀՀ բնակչության այն մասը, որը արձանին դեմ լինելով՝ Միկոյանին գնահատում է, ոչ թե ասում է, որ նա Հայաստանի համար ոչինչ չի արել, այլ ասում է, որ նա Հայաստանի համար շատ վատ բաներ է արել եւ բերում է դրա բազմաթիվ օրինակներ: Ես արդեն 5 փաստաթուղթ եմ հրապարակել,  թե ինչպես է նա Ղարաբաղը եւ Զանգեզուրը Հայաստանին ոչ մի դեպքում չտալու մասին ասում: Խորհրդային Հայաստանում նա ինչքան բացասական դեր է խաղացել հենց Հայաստանի խնդիրներում` սա հարցի մի կողմն է: Իսկ թե ինչ են արել Սարոյանը, Բաղրամյանը, որը չի արել Միկոյանը՝ առնվազն այդ մարդիկ չեն խառնվել Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքին: Այդ մարդիկ Հայաստանի համար վճռորոշ, կարեւորագույն հարցի շուրջ Հայաստանի համար բացասական պատվեր չեն ունեցել: Ամեն ինչից զատ, այդ մարդիկ ուրիշներին կառափնարան չեն ուղարկել, ինչպես Միկոյանը: Այս համեմատությունը ընդհանրապես շատ տարօրինակ է: Համեմատության խնդիր չի, նույնիսկ անբարոյական է հարցի դրվածքը»,- ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց Անաստաս Միկոյանի թոռան՝ Վլադիմիր Միկոյանի գնահատականներին, թե  ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել:

Այն փաստաթղթի առնչությամբ, որտեղ Միկոյանը Ստալինին խնդրում է լրացուցիչ գնդակահարել 700 հայի, Միկոյանի թոռն ասել էր, որ դա ոչ թե Միկոյանն է խնդրել, այլ Եժովը՝ վկայակոչելով Միկոյանին, եւ որ Եժովը ստոր դրդապատճառները կարող էր ունենալ:

Տիկին Խառատյանի մեկնաբանությամբ՝ «Դրանք շատ ծիծաղելի են: Եժովն ո՞վ էր, քանի՞ գլխանի էր, որ Միկոյանի գլխի վրայով թռներ, Միկոյանը տեղյակ չպիտի լիներ այդ թղթից, այդքանից հետո էլ լռեր, չասեր, որ դա ես չեմ ասել, Եժովն իր գլխից է դա հնարել: Կա՞ դա հաստատող երեւույթ, ընդհանրապես, որեւէ ակնարկ կա՞»:

Ինչ վերաբերում է ապաստալինացման գործընթացում Միկոյանի դերին, Հրանուշ Խառատյանը այս հարցում էլ համաձայն չէ Վլադիմիր Միկոյանի հետ. «Իրենք ասում են, թե նա էր այս հարցում Խրուշչովին աղաչում-պաղատում, նա ամենաակտիվ դերն է ունեցել միլիոնավոր մարդկանց ազատելու գործում եւ այլն: Խրուշչովի փաստարկները նայեք եւ տեսեք, էլի, ո՞րն է Միկոյանի դերն այդտեղ»:

Հրանուշ Խառատյանը համաձայնեց, որ բոլորն ուղղակիորեն ժամանակին ենթարկված են եղել Ստալինին. «Խորապես վստահ եմ, որ կադրերի մաքրման ցուցակները Միկոյանի սրտով չէր, նա չէր ուզում, ինչպես շատերը չէին ուզում: Հենց միայն նրանով, որ իրենց առկայությունը Ստալինի համար երաշխիք էր խմբային ներկայացնելու դա՝ դրանով արդեն նրա մասնակցությունը բավարար է: Ես ուզում եմ հասկանալ՝ եթե մի բանդա գործում է, մեկի մեղքը մյուսին զիջելու խնդիր կա՞ այստեղ: Կարող է մեկը շատ  է մասնակցել, մյուսը քիչ է մասնակցել, երրորդը հարկադրաբար է մասնակցել, 30 տարի հարկադրաբար մասնակցել է»:

Միկոյանի թոռը նշել է Անաստաս Միկոյանի արած լավ գործերի մասին, ինչպես է Չարենցավանը հիմնադրել, Սեւանա լիճը ճահճացումից փրկել եւ այլն: Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ «Ես չեմ ուզում ասել, որ նա այդ ամենի մեջ դեր չի ունեցել, բայց այդ բոլորը եղել են կուսակցական ֆունկցիաներ, դա եղել է նրա ադմինիստրատիվ աշխատանքի ուղղակի պրոդուկտները: Մասնավորեցնել Հայաստանի դեպքը այն դեպքում, երբ Միկոյանը միշտ շատ զգույշ հայ է եղել, իր հայ լինելու  հանգամանքը ուզել  է իր գործունեության մեջ չշեշտվի..եկեք համեմատենք, թե նա տարածաշրջանում ինչեր է արել: Իհարկե, արել է: Ի՞նչ պիտի աներ, որ չաներ: Պետք է Հայաստանի ամեն մի ծրագրի վրա վետո՞ դներ»:

Միկոյանի թոռան այն դիտարկումը, որ նրա անունով փողոց է անվանակոչվել, ինչո՞ւ այդ ժամանակ աղմուկ չեն բարձրացրել, այս ամենը քաղաքականացվում է եւ կապ ունի Հայաստանի՝  ՄՄ մտնելու հետ՝ Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Ես  դա չեմ կապում ոչ ՄՄ-ի հետ, ոչ մի գործընթացի հետ: Կարծում եմ, որ մեր բարձրաստիճան անձերից մեկը ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկին խոսք է տվել, հիմա այդ խոսքի տակ ինքն էլ է կրակն ընկել»:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք Վլադիմիր Միկոյանի այն պնդման հետ, որ եթե չլիներ Միկոյանը, ապաստալինացման քաղաքականությունը չէր լինի, Միկոյանն ասել էր՝ «մենք բոլորս էինք այն ժամանակ սրիկաներ» եւ մաքրել է իր խիղճը՝ Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հիանալի է: 30 տարի մարդկանց կառափնարան է ուղարկել, մի անգամ ասել՝ մենք սրիկա ենք եղել եւ սրանով արդեն մաքրված կերպար լինել: Իհարկե, Միկոյանը տանջվել է, իհարկե, խիղճը իրեն կերել է, բայց խիղճը կերել է ու շարունակել է անել: Նա, օրինակ, գնացել էր Եժովի հոբելյանական ժողովին ու գովել Եժովին: Ես ուզում եմ հասկանալ, ասում են՝ ենթակա է եղել Ստալինին, բայց եթե նա չգնար ու ասեր, որ 37 թվին փայլուն է գործել Եժովը, փառահեղ է աշխատել, եթե չասեր, Ստալինն իրեն ի՞նչ էր անելու՝ գնդակահարելո՞ւ էր, պաշտոնից ազատելո՞ւ էր, ի՞նչ էր անելու: Չեմ ասում նա  երազում էր, որ այդպես լինի, բայց նա հանուն իր կարիերայի արել է արարքներ, որոնց վերաբերյալ հետագայում կարող էր ինքն իրեն «սրիկա» մեղմ անվանումը տալ: Ընդհանրապես հանցագործությունները պատժվելո՞ւ հասկացողություններ են, թե՞ միայն բարոյական կատեգորիաներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30