Հիվանդանոցից կալանավայր. այս ճակատագրին արժանացավ Վերնիսաժի հարեւանությամբ մայիսի 17-ին հնչած կրակոցներից տուժած Ներսես Մելքոնյանը: Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը՝ 2 ամիս ժամանակով։ Նրա պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը, բողոքարկելու է դատարանի որոշումը;
Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։
«Մեզ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում մեղադրանքը, եւ ես հետագայում կհերքեմ»,- «Ա1+»-ին ասաց Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ուղարկել կալանավայր, նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ. «Նրան 4 անգամ տեղափոխել են առաջին համալսարանական հիվանդանոց, ստացել է բուժում, նորից հետ են տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր եւ շտապ օգնության մեքենան հերթապահելիս է եղել»։
Կարդացեք նաև
Վարդուհի Էլբակյանը ենթադրում է, որ 4 հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում մեղմացնել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի արարքը։ Հենց նա էլ կրակոցներ արձակողն էր։
«Եթե պատգամավորի փեսա չլիներ, կարծում եմ, շատ բան այլ կերպ կլիներ, կարող է եւ այս դեպքն էլ չլիներ»,-ասաց նա։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում: