Այսօր՝ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վրացի անվանի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեի հոբելյանական համերգը` նվիրված հոբելյարի 75-ամյակին:
«Ինձ համար շատ հաճելի է, որ ես չեմ հայերին առաջարկել այս համերգը կազմակերպել: Չուզեցի անհարմար դրության մեջ դնել նրանց, և երբ նրանք զանգահարեցին ինձ ու ասացին, որ ուզում են կազմակերպել, շատ ուրախացա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ Վ. Կիկաբիձեն:
Նա նշեց, որ մինչև Հայաստան գալը, համերգներով արդեն եղել է Իսրայելում, Ղազախստանում և Հունաստանում. «Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, դրա համար էլ շտապում եմ, և արդեն սկսել ենք նախատեսված հոբելյանական համերգների շարքը»,- ասաց երգիչը:
Ինչ վերաբերում է երգի ասպարեզում իր հայտնվելուն, Վ. Կիկաբիձեն ասաց, որ լրիվ պատահական ընտրություն է եղել դա. «Ես երբեք չեմ պատկերացրել, որ օրերից մի օր կարող է երգեմ,- ասում է նա,- ուզում էի նկարիչ դառնալ: Ես շատ նկարիչ ընկերներ ունեմ, և երբ ինձ լավ չեմ զգում կամ ազատ ժամանակ եմ ունենում, միշտ այցելում եմ նրանց ու նախանձով նայում, թե ինչպես են նրանք նկարում:
Մայրս էր շատ մտահոգվում, թե եթե դառնամ նկարիչ, մեր փոքրիկ բնակարանում ինչպե՞ս ենք տեղավորելու իմ աշխատանքները: Իսկ հետո, երբ առաջին անգամ քառակուսի մեծ բարձրախոսներ տեսա, դրանից հետո ոչ ոք այլևս ինձ չտեսավ փողոցում: Իմ գլխում միայն այդ բարձրախոսներն էին: Ցավոք, մարդկանց մեծ մասն իր չսիրած գործով է զբաղվում և հաճախ է դժգոհում, որ օրերն իրարից չեն տարբերվում, միշտ ամեն ինչ նույնն է: Գիտեք, կարևոր չէ, թե որքան ժամանակ դու կլինես այս կամ այն ոլորտում, և երգչի, դերասանի համար էլ չպիտի կարևոր լինի, թե նա որքան երկար կլինի բեմում, կարևորը արածիդ հանդեպ սիրո տևողությունն է»:
Վ. Կիկաբիձեն ասում է, որ հիմա միայն ինքն է իր համար երգեր գրում, որովհետև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել է, արդեն վաղուց չկան, իսկ ովքեր էլ կան, նրանց բնակության վայրը չգիտի: «Ինչ վերաբերում է երիտասարդ ստեղծագործողներին, ես չեմ կարողանում նրանց մեջ գտնել այնպիսի մեկին, որին կհետաքրքրեր գրել այն, ինչի մասին ես կուզենայի երգել»,- հավելեց նա:
Անդրադառնալով իր դերասանական գործունեությանը՝ Վ. Կիկաբիձեն ասաց, որ, որքան էլ իր համար զարմանալի է, ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ ունի. «Առաջարկները շատ են, բայց, ցավոք, հետաքրքիր չեն,- մանրամասնեց նա:- Առհասարակ, մեր օրերում ստեղծվող վրացական ֆիլմերի շատ չնչին մասն է ինձ դուր գալիս: Հիմնականում սերիալներ են նկարահանում: Իսկ ես ընդհանրապես սերիալներ չեմ սիրում, ոչ նրա համար, որ երկար են տևում, այլ որովհետև առավոտյան գրում են, երեկոյան նկարահանում են, մյուս օրն առավոտյան հաջորդ սերիան են գրում և այսպես շարունակ: Այսինքն՝ դու նախապես չես կարող իմանալ՝ ինչ պիտի անես: Դա սխալ է»:
Հայտնի արվեստագետն ասաց նաև, որ «Նրանք» (“Они”) խորագրով գիրք է գրում, որը գրեթե պատրաստ է: Գիրքը, ինչպես բնորոշեց նա, անսովոր մարդկանց՝ սպիտակ ագռավների մասին է, և այդ սպիտակ ագռավների մեջ և´ հայեր ու ռուսներ կան, և´ ադրբեջանցիներ, և´ չինացիներ ու իտալացիներ:
Սպիտակ ագռավների մասին խոսելիս Վ. Կիկաբիձեն չէր կարող չհիշել իր խաղընկերոջը, նրա հետ ծանոթությունն ու նաև հանրային այն մեծ սիրո մասին, որ կապում է իրենց երկուսին. «Այն, որ մարդիկ սիրեցին Ֆրունզիկին ու Կիկաբիձեին, Գեորգի Դանելիայի մեղքն է, չէ՞ որ ֆիլմը ռեժիսորն է ստեղծում,- ասում է դերասանը,- իսկ ֆիլմի ստեղծումից հետո դուրս եկավ, որ այնպիսի մարդիկ, ինչպիսիք այդ երկու հերոսներն են, «հայտնվել են» Կարմիր գրքում, հիմա այդպիսի մարդիկ չկան կամ էլ շատ քիչ են:
Ֆրունզիկը տաղանդավոր մարդ էր: Դժբախտաբար, տաղանդներին այն ժամանակ են գնահատում միայն, երբ արդեն մեզ հետ չեն լինում. դա ճիշտ չէ:
Ֆրունզիկի հետ ծանոթանալիս ինձ մի հարց էր հատկապես հետաքրքրում՝ այդպիսի ուրախ դեմքով մարդն ինչպե՞ս կարող է այդքան տխուր աչքեր ունենալ: Ես այն ժամանակ դեռ ծանոթ չէի նրա կյանքին:
Ես կյանքումս երկու մարդու եմ հանդիպել, որոնք բոլորից տարբերվում էին իրենց հումորով՝ Ֆրունզիկը, որը երբեք չէր ծիծաղում իր պատմածի վրա, և Յուրի Նիկուլինը, որը շատ էր սիրում անեկդոտներ պատմել և նայել ներկաների դեմքին. եթե դու չես ծիծաղում, ուրեմն՝ հիմար ես»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ