Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարանում են, թե կենսաթոշակայինի հետ կապված աշխատակիցներին չեն ճնշել

Հունիս 09,2014 17:44

Օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին ՀՀ տարբեր հաստատություններում աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Մասնավորապես, խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին էր, այն դիմումի ձևի, որը պետք է լրացնեն աշխատակիցները, որոնք հրաժարվում են, որ իրենցից պահումներ կատարվեն:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշում էին, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են իրականացվում թիվ 65, 97, 69, 66, 38, 172, 173, 31, 114 դպրոցներում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, «Գրանդ Տոբակոյում», «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» և այլ հաստատություններում:

Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, նշված հաստատությունների պատասխանատուները ժխտեցին, թե իրենց մոտ ճնշումներ են իրականացվել:

Թիվ 69 դպրոցի տնօրեն Հռիփսիմե Բեկնազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե իր ղեկավարած դպրոցում 3-4 աշխատակիցների է վերաբերում կենսաթոշակային կուտակային նոր համակարգը: Այնուհետև մանրամասնեց. «Ես նրանց ասել եմ, եթե ցանկանում եք, դիմումներ գրեք: Բայց նրանցից մեկը ֆիզարձակուրդում է, մյուս երեքն ասացին, թե ցանկանում են կենսաթոշակային այդ համակարգին անցնել: Ես իմ աշխատողներին հազար տոկոս գիտեմ, դպրոցում ազատ, հանգիստ հարաբերությունների մեջ ենք, նույնիսկ նրանց ներկայացրել եմ դիմումի ձևը, ասել եմ,եթե ցանկանում եք, գրեք: Դրանից ավելի ես ի՞նչ կարող էի անել»:

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը նշեց. «Դա բացահայտ սուտ է, ես պրոռեկտոր եմ, ռեկտորատի անդամ, ով համակարգում է երիտասարդության հետ աշխատանքները, նման բան չեմ լսել: Այսօր, երբ փորձեցինք պարզել, թե այդ ինչ տեղեկություններ են տարածվել, պարզվեց, որ «Դեմ եմ»-ին անհայտ անունով նամակ են գրել: Դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում, դա միանշանակ է: Ըստ օրենքի` բոլոր աշխատակիցներին հայտարարել ենք, որ ազատ են, եթե ցանկություն ունեն, կարող են դիմում գրել»:
Թիվ 97 դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանը վստահեցրեց, թե իր դպրոցի 14 աշխատակիցների վերաբերում է կենսաթոշակային կուտակային համակարգը, սակայն նրանցից ոչ ոք իրեն չի դիմել դիմում գրելու հարցով: Այնուհետև մանրամասնեց. «Ով ուզում է, թող գա ինձ մոտ ահազանգող ուսուցչի հետ ու ասի, որ ինքը ցանկացել է դիմում գրել, ու ես նրան սպառնացել եմ, որպեսզի օդում չխոսենք, այլ խոսենք առարկայական: Ով ահազանգել է, խնդիր ունի, եթե մեկը կկանգնի ու կասի, թե ինքը դիմումով մտել է ինձ մոտ և մերժում կամ սպառնալիք է ստացել , թող ասի, ինչու եք ինձ մերժել: Բայց թացը չորի հետ են խառնում, հանկարծ չլինի, էլի, որ ես բարոյական պատասխանատվություն պահանջեմ, թե ինչու եք թիվ 97 դպրոցի անունը տվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30