Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` Գյումրու երկու ծննդատներում գրանցված մահերի փաստով 

Հունիս 09,2014 17:26

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ինչպես Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 38-ամյա Կարինե Պապանյանի մահվան, այնպես էլ «Գյումրու ծննդատանը» 22-ամյա Նարինե Ղուկասյանի երեխայի մեռած ծնվելու փաստի առիթով: Երկու դեպքում էլ, դատախազի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի հատկանիշներով: Հոդվածը, որը կոչվում է «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը». սահմանում է

1.Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Մեր այն հարցին, թե հայտնի՞ են արդյոք դատաբժշկական փորձաքննության արդյունքները, դատախազն ասաց, որ արդյունքները դեռ չեն ստացել, իսկ փաստի առթիվ քրեական գործ հարուցելիս առաջնորդվել են Քրեական օրենսգրքի այն պահանջով, համաձայն որի պարտավոր են 10 օրյա ժամկետում լուծում տալ: Հետագայում 8-10 լավագույն մասնագետներից բաղկացած հանձնաժողով կկազմվի, որը և կքննի եղե՞լ է բժշկական սխալ, թե՞ ոչ:

Մեր այն հարցին էլ, թե հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 38-ամյա Կարինե Պապանյանի մահվան մասին բուժանձնակազմի կողմից ոստիկանությանը տեղյակ չպահելու փաստի առիթով, դատախազն ասաց, որ չնայած, իր կարծիքով, սա անգործության հետևանք է, և հարուցված քրեական գործին զուգընթաց քննելու են նաև այս փաստը, սակայն բուժանձնակազմը մեջբերում է կառավարության որոշումը, որով սահմանվում է «ախտանատոմիական դիահերձումների լաբորատորիայի կարգը»: Ըստ դատախազի, այս դեպքը հետևանք չի առաջացրել, այսինքն` այնպես չէ, որ դիակը տարել, հուղարկավորել են, և իրենք դրանից հետո նոր միայն իմացել կատարվածի մասին, այսպես, թե այնպես իրենք տեղեկացել են դեպքի մասին:

Րաֆֆի Ասլանյանի ասելով, բժիշկների կողմից ծննդկանի մահվան մասին ոստիկանություն չհաղորդելը անպայման կքննվի, քանի որ, ըստ դատախազի, ամեն օր չէ, որ մայրական մահացության դեպք է գրանցվում Շիրակի մարզում: Այսինքն` սա արտառոց փաստ է:
Ի դեպ, բժիշկների մեկնաբանմամբ, «ախտանատոմիական դիահերձումների լաբորատորիայի կարգի» համաձայն, եթե գրանցվել է հիվանդանոցային մահ ու հիվանդատերը բողոք չի ներկայացրել, ապա նման դեպքերում ոստիկանություն չեն հաղորդում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30