Լրահոս
Օրվա լրահոսը

Եպիսկոպոսների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիս 09,2014 17:18

Հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների և hայաստանյան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին: Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի համակողմանի քննարկումը և բարի արդյունավորում մաղթեց ժողովականների աշխատանքներին:

Ժողովում քննարկվեցին Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը վերաբերող կանոնական, ծիսական և սոցիալական բնույթի հարցեր:

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության և 2014-2015 ուս. տարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Համաձայն Սրբազանի զեկուցման` Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ներկայումս ուսանում են 236 սաներ: Գևորգ Սրբազանը մասնավորաբար խոսեց հոգևորականության պատրաստության ծրագրերի, ճեմարանական ընդունելության կազմակերպման ընթացքում ծառացող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետի կողմից թելադրություն արվեց թեմակալ առաջնորդներին` համայնքներում հոգևոր հովիվների միջոցով քաջալերելու երիտասարդներին, որպեսզի դիմեն Հոգևոր ճեմարան: Հոգևոր-կրթական հաստատություններին հանձնարարվեց նաև լայն քարոզչություն իրականացնել հաստատությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Արհեստական վիժեցման խնդրի մասին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Զեկույցում անդրադարձ կատարվեց Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրներին, ծնելիության աճի նվազմանը, ամուսնալուծությունների թվաքանակի մեծացման և այդ համատեքստում արհեստական ու սեռով պայմանավորված վիժեցման խնդիրներին: Քննարկման ընթացքում մասնավոր կերպով շեշտադրվեց հիշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ ինչպես օրենսդրական, այնպես և հոգևոր բնույթի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խնդրի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց թեմակալներին` ավելի զորացնելու ընտանիքի, ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված քարոզչությունը: Հանձնարարական տրվեց Հայեցակարգային գրասենյակին ձեռնամուխ լինելու Ս. Պսակի խորհրդի և ժողովին արծարծված նյութերի վերաբերյալ Եկեղեցու հայեցակարգային մոտեցումների հստակեցմանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30