Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-Հարավ ճանապարհի համար 60 մլն եվրոյի հերթական վարկը վերցրեցինք՝ երեսուն տարով

Հունիս 09,2014 18:07

Ազգային ժողովն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկում էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը: Այն ներկայացնող տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ այս պայմանագրով նախատեսվում է ստանալ 60 մլն եվրո վարկ ՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման համար: Վարկը տրամադրվում է 30 տարի մարման ժամկետով, 0,6%+ եվրոլիբոր, որը կազմում է տարեկան մոտավորապես 1%: Նախատեսվում է  առավելագույնը 5 մլն եվրոյով ՝ 12 մասհանում, իսկ որպեսզի վարկի տոկոսը մեղմվի, նաեւ 12 մլն եվրոյի դրամաշնորհ է տրվում:

Պատգամավորների հարցերին պատասխանելով՝ փոխնախարարն անդրադարձավ  նաեւ Հյուսիս- Հարավի՝ առ այսօր կառուցված  ճանապարհների վիճակին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հարցին, թե մինչ այժմ որքա՞ն գումար է ծախսվել եւ ի՞նչ է արվել, նա պատասխանեց, որ առայժմ Տրանշ 1-ով Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրվել է արտոնյալ վարկ.«Սա նոր ծրագիր էր մեզ համար, կարողություններ զարգացնելու խնդիր կար, եւ հիմա արդեն հետագա տրանշները վստահ ենք մտնում, կարողությունը զարգացել է, գիտելիքը առկա է, այլեւս եվրոպական բանկից ներգրավվող գումարն արդեն արտոնյալ չի, եւ եթե ուշացնենք մասհանումները, բնականաբար, վարկային միջոցները համապատասխան բանկը պետք է  ճիշտ պլանավորի: Մենք կփոխհատուցենք, եթե ուշ մասհանենք, բայց կարծում եմ՝ հետագա խնդիրներ չենք ունենա, քանի որ մեծ գիտելիքներ ենք ձեռք բերել էդ ուղղությամբ եւ վստահեցնում եմ, որ մինչեւ դեկտեմբեր կկարողանանք ավարտել Արտաշատ-Աշտարակ հատվածը: Վստահությունս հիմված է մեր ուսումնասիրությունների եւ աշխատանքային փորձի հիման վրա»: Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով՝ տրանշ 1-ով Հայաստանը երեք հարյուր հազար դոլարի պարտավճարներ է տվել Ասիական բանկին՝ մասհանումն ուշացնելու համար: Փոխնախարարը շեշտեց, որ վարկը արտոնյալ էր եւ ոչ մի պարտավճար չէր նախատեսվում ու չի եղել:

Ինչ վերաբերում է նրան, թե որքա՞ն գումար է մինչ օրս ծախսվել, փոխնախարարն ասաց, որ կանխավճարը հետը վճարված 30 մլն դոլարի չափ գումար, մնացած գումարները չեն վճարվել. «Մեր նախարարությունը 60%-ով թերկատարել է պետական բյուջեն, որի զգալի մասը կազմում է Հյուսիս-Հարավ ծրագրի համար միջոցները, մնացած գումարը մենք չենք վճարել, որովհետեւ ամբողջ հատվածի ուղղությամբ մենք որակի վերաբերյալ պահանջ ենք դրել, հենց այդ թերությունները կուղղի իսպանական ճանապարհաշինական կազմակերպությունը, նոր կկատարենք վճարումներ»:

Հրանտ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ նախագիծ՝ Երեւան-Մեղրի ճանապարհի վերակառուցման եւ քանի՞ թունել է նախատեսված դրանով: Ըստ փոխնախարարի՝ նման նախագիծ կա եւ կլինի մեկ թունել, որը մինչեւ 50 կմ-ով կկրճատվի եղած ճանապարհը. «Առաջին կարգի տարանցիկ ճանապարհ ենք ուզում սարքել, ստիպված ենք լինելու Քաջարանի հատվածում կառուցել 4,2 կմ-անոց մեկ թունել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30