«Իսկապես շատ հուսաթափված եմ ընթացող գործընթացներից»,- այսօր՝ հունիսի 9-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցին, հայտարարեց ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Նա կարծում է, որ Միկոյանի արձանի պատմությունը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԽՍՀՄ-ն վերականգնելու ցանկության հետ, եւ արվում է ուղղակի նրան հաճոյանալու համար:
Իսկ այն պատճառաբանությանը, թե արձանը ցանկանում են դնել, քանի որ Անաստաս Միկոյանը խելացի մարդ է եղել եւ մեծ դեր է ունեցել Խորհրդային Միության համար, պարոն Սադոյանը բացականչեց, որ պետք է նախ եւ առաջ հասկանալ՝ Միկոյանը Հայաստանի համար մեծ դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ.
«Բնական է, որ Պոլիտբյուրոյի անդամը՝ առնվազն 3-4 մարդը, ԽՍՀՄ-ում շատ բան կարող էր անել իր ժողովրդի համար, իսկ արդյունքը եղել է, որ շատ-շատ մարդիկ գնդակահարվել են 1937-1939 թվականներին»:
Ի տարբերություն Արշակ Սադոյանի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բնական է համարում, եւ կարծում է, որ պետք է քննադատել ոչ թե Միկոյանի անձը, այլ երեւույթը, եւ այդպիսով պետք է թույլ չտալ, որ Սովետական միությունը վերականգնվի, իսկ Անաստաս Միկոյանին պետք է ընդհանրապես մի կողմ դնել:
Կարդացեք նաև
Պարոն Բլեյանը զարմացած է, որ Երեւանի ավագանին ընդունել է այդ արձանը կանգնեցնելու որոշումը.
«Այդ որոշումը կայացնելու պահին, ինձ համար դադարեց ավագանին ընդհանրապես լեգիտիմ լինել, ինձ համար՝ որպես ցեղասպանվածի ժառանգորդ, որպես՝ քաղաքացի, որպես՝ Աշոտ Բլեյան, ինքը գոյություն չունի, այսինքն՝ չի կարող այդպիսի ավագանի գոյություն ունենալ Հայաստանում, Երեւանում, 2014 թվականին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ