Վերջին շրջանում Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ են արտահայտվում որոշ գրողներ, լրագրողներ և մտավորականներ՝ իրենց անհիմն բառատարափները և մեղադրական հոդվածներն ու մեկնաբանությունները հրապարակելով տպագիր մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում։
Մասնավորապես, օրինակ, դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի ավագանուց պահանջում է բեկանել Անաստաս Միկոյանի արձանի վերաբերյալ կայացված որոշումը՝ ասելով, որ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի և նրանց ժառանգների զգացմունքների նկատմամբ։
Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ Միկոյանի արձանը տեղադրելով՝ Խորհրդային Միության արձանն ենք դնում։
«Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը նշում է. «Անաստաս Միկոյանի պես մարդիկ պետք է ննջեն իրենց գերեզմանում և պատմության մեջ»։
Կարդացեք նաև
Բանաստեղծ Հուսիկ Արան Միկոյանին հավասարազոր է համարում Թալեաթ փաշային։
Նույն սկզբունքով Ռուբեն Բաբայանը տարբերություն չի գտնում Միկոյանի կամ Բերիայի արձանի միջև՝ Միկոյանին անվանելով բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի գործիչ։
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ Միկոյանը հայաստանյան գործիչ չէր։
Կարելի է մի շարք բացասական կարծիքներ ևս նշել, սակայն բավարարվենք այսքանով և ներկայացնենք Անաստաս Միկոյանի կյանքն ու գործունեությունը, թե ինչ է արել հայերի համար:
Շատ հայ և արտասահմանյան պատմաբաններ, քաղաքագետներ և վերլուծաբաններ մինչև հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես աղքատ ընտանիքից դուրս եկած այդ հայ երիտասարդին հաջողվել է դառնալ 20-րդ դարի առավել հայտնի քաղաքական գործիչներից մեկը։
Այս հոդվածում կխոսվի այն մարդու մասին, ով ոչ միայն խորհրդային սննդի արդյունաբերության հիմքերն է դրել և գլխավոր դեմքը դարձել։ Նրա դիմանկարը հայտնվել է աշխարհահռչակ «Time» ամսագրի կազմին:
Նա դարձավ առանցքային գործիչը Կարիբյան ճգնաժամի (1962) լուծման գործում, որը, ինչպես գիտենք, կարող էր վերաճել Երրորդ համաշխարհային (ատոմային) պատերազմի։
Եվ, ամենագլխավորը, Անաստաս Միկոյանն այնքան շատ բան է արել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, որ մինչև հիմա ադրբեջանական քարոզչության կարևոր դեմքերը, լսելով նրա անունը, ընկնում են շոկային վախի մեջ։
Թե ինչ է արել Միկոյանն աշխարհի համար, շատ է գրվել և ասվել։ Բայց, ցավոք, որոշ քաղաքական գործիչներ, մտավորականներ և շատ հասարակ մարդիկ Անաստաս Միկոյանին մեղադրում են հայ ազգի բոլոր դժբախտությունների մեջ և համառորեն հակառակվում նրա արձանի տեղադրմանը, որը մինչդեռ, հաշվի առնելով նրա մեծ ավանդը և վաստակը, վաղուց արդեն պետք է կանգնեցված լիներ։ Ընդդիմախոսներն ասում են, թե իբր նա ոչինչ չի արել Հայաստանի համար։ Նույնիսկ որոշ «խելացի» մտավորականներ համարձակվում են նրան անվանել մարդասպան։ Մարդասպան են անվանում նաև ադրբեջանցիները։ Օրինակ՝ բազմաթիվ ադրբեջանական առցանց հրատարակություններից մեկը կայքում այսպես է գրում. «Ինչպես հայտնի է, դեռ ցարական Ռուսաստանն է Ադրբեջանին կցել Իրանի հետ։ Հետագայում՝ Լենինի, ապա՝ Ստալինի էթնիկ զտումները, տեղահանումը, ժողովրդագրական փոփոխությունները հօգուտ հայերի նպաստել են և Ադրբեջանի տարածքում «ինքնավարություն» շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ միաժամանակ ոչնչացնելով ադրբեջանական խանությանը պատկանող Ղարաբաղը։ Մեր ժողովրդի դեմ այս բոլոր հանցագործություններում իր դիտավորությունն ունի ազգությամբ հայ արյունոտ ձեռքերով Անաստաս Միկոյանը»։
Այս տողերի հեղինակը նույնպես դեմ է, որ Միկոյանի արձանը կանգնեցվի Երևանում, սակայն միանգամայն այլ պատճառով։ Իսկ Երևանում հուշարձանի տեղադրման հակառակորդները հանդիսանում են «մտավորականության» մի մասը, որոնք իրողություններին նայում են միակողմանի։ Հարց է առաջանում. եթե նա այդքան շատ գործեր արած չլիներ Հայաստանի և հայերի համար, ապա ադրբեջանական քարոզչությունն այդքան միջոցներ կծախսե՞ր Անաստաս Միկոյանի դեմ։ Դա չի՞ նշանակում, որ Միկոյանի արձանի տեղադրման հակառակորդներն օգնում են ադրբեջանական քարոզչությանը՝ հասնել իրենց նպատակին։
Ահա թե հետո ինչ է գրում ադրբեջանական քարոզչությունը (azereprop) Միկոյանի մասին. «Ամենահզոր Միկոյանի թևի և հովանու տակ էին գտնվում հայ նախարարները։ Հայերը զբաղեցրել են բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում, կառավարությունում, պետական պլանավորման հանձնաժողովում, խորհրդային իրավապահ մարմիններում, ինչպես նաև Միկոյանի հովանու տակ էին գտնվում հայերը և, մասնավորապես, արվեստի, մշակույթի բնագավառի մարդիկ»։
Մի՞թե ադրբեջանցիները հասկանում են, թե ինչ է արել Միկոյանը հայերի համար, իսկ մենք՝ ոչ։ Բախտիար Նազաֆովը՝ գլխավոր հայագետներից մեկը, այնքան էր ատում Միկոյանին, որ գրքում նրան անվանել է «Թշնամական դեմք»։
Կառավարությունն իր դեմքը ևս մեկ անգամ ցույց տվեց ղարաբաղյան ճգնաժամի ժամանակ։ Մինչ Հայաստանի խորհրդայնացումը՝ Միկոյանը, գիտակցելով Ադրբեջանի կարգավիճակը, ապստամբություն հրահրեց Ղարաբաղում՝ միաժամանակ զարգացնելով ճնշումները Զանգեզուրում։ Մնալով հոգով համոզված ռազմատենչ ազգայնական՝ Միկոյանը կարող էր դիվանագիտական հմուտ մտքի շնորհիվ դաշնակցությանն անվանել «ՀՀ բուրժուազիա», «ժողովրդի թշնամի», «միջազգային իմպերիալիզմի ջատագով»։ Նա նույնիսկ կարող էր տակտիկական և դիվանագիտական նկատառումներով երբեմն արտաքուստ հայերի շահերի դեմ խոսել, սակայն նրա գլխավոր քաղաքական և գաղափարական ուղղությունը հայամետություն էր, իսկ բոլշևիկյան հայրենասերի դիմակը նրան շատ օգնեց բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հայերին միշտ օժանդակել և թիկունք կանգնել իր կյանքի ընթացքում։
Միկոյանը երբեք չէր գովազդում իր հսկայական ազդեցությունը իշխող վերնախավի շրջանակներում և մնում էր «գորշ կարդինալի» քողի տակ. դա նրան ձեռնտու էր։ 1920 թվականին, երբ արդեն որոշված էր, որ բոլշևիկները պետք է գրավեն Անդրկովկասը և առաջին հերթին Ադրբեջանը, հենց Միկոյանն էր, այսպես կոչված, «միջամտության» ծրագրի հեղինակը։
Նա մշտապես 11-րդ Կարմիր բանակի կողքին էր, պաշտպանում էր սերտ կապերը Բաքվի բոլշևիկյան հինգերորդ ստորաբաժանման հետ, առանց ընդհատելու կապերը Հայաստանի հետ, Ղարաբաղում անջատողական դաշնակցականների, համակարգված գործողություններ իրականացնող բոլոր այն ուժերի հետ, որոնք դեմ էին Ադրբեջանի անկախացմանը։ Նա տիրապետում էր բոլոր գաղտնի տեղեկություններին, նաև սպասվող դավադրություններին և շատ հեշտ կարողանում էր օգտագործել իր պաշտոնական դիրքը՝ լինելով Կովկասյան բյուրոյի մարզային կոմիտեի անդամ և Բաքվի գրասենյակի քարտուղար։
Ըստ Ստեփան Շահումյանի քարտուղար Օլգա Շատունովսկայայի՝ Նարիմանովը ժամանել է Բաքու Բաքվի խորհրդայնացումից անմիջապես հետո՝ 1920 թվականի մայիսի 16-ին։ Հենց այդ նույն օրը նա նշանակվել է Ադրբեջանի ռազմահեղափոխական անցումային կոմիտեի նախագահ։ 1920-ի ամռանը պատրաստվում էր կոմունիստական Ադրբեջանի հռչակման ծրագիրը, և Նարիմանովը հարց է դրել իր առջև՝ Կրեմլի և Բաքվի միջև Խորհրդային Ադրբեջանի անկախության հռչակագրի ճանաչման փաստաթղթի ստորագրումը։ Նա գրում էր, որ դա Բաքվին թույլ կտա ինքնուրույն բանակցել Թուրքիայի և մյուս բոլոր անդրկովկասյան պետությունների հետ՝ որպես լիարժեք միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այս ամենի հիման վրա, ինչպես ասում է Շատունովսկայան, այդ հարցի շուրջ Միկոյանի և Նարիմանովի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս գործը քննել է Կովկասյան տարածաշրջանային կոմիտեն, բայց փաստը չի հրապարակվել։ Այնուամենայնիվ, Միկոյանը հաղթել է, քանի որ ռուս-թուրքական պայմանագրի արդյունքում Խորհրդային Ադրբեջանը չդարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ։
Անաստաս Միկոյանը շատ խիզախ և համարձակ մարդ է եղել, ինչպես վկայում է նրա կենսագրությունը։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ըստ պայմանավորված գործողությունների՝ Ռուսաստանը պետք է հարձակվեր Թուրքիայի վրա, որը Արևմտյան Հայաստանը և իր հայրենակիցներին թուրքական լծից ազատագրվելու հույս էր տալիս։ 1914 թվականի նոյեմբերին նա մի խումբ հայրենակիցների, նաև ճեմարանի ուսանողների հետ միասին ընդգրկվեց հայ կամավորների լեգենդար հրամանատար Անդրանիկի ջոկատում։ Նա մարտերին մասնակցել է մինչև 1915 թվականի ապրիլը, երբ վիրավորվեց և ընկավ հոսպիտալ։
Անաստաս Միկոյանը 1947-1952 թվականներին կազմակերպել է ավելի քան 200 հազար ադրբեջանցի թուրքերի տեղափոխումը Հայաստանի տարածքներից, տափաստաններով, դեպի Խորհրդային Ադրբեջան։ Միկոյանի գործունեությունը մինչև հիմա քողարկված է միստիկական անբացատրելի թանձր մշուշով, թեև մեզ թվում է, թե նրա մասին մեզ ամեն ինչ հայտնի է։ Սակայն նրա կենսագրությունը լավագույն կուտակումներից է 20-րդ դարի այսբերգի ջրերից։ Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ Անաստաս Միկոյանի քաղաքականությունն իր կիզակետին հասավ Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ։ Ընդ որում, քաղաքական գործիչն այդ ամենը առաքելություն չէր համարում։ Նրա վտանգավոր ձեռնարկումներից առաջինը փորձերն էին 50-ական թվականներին բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը։ 60-ական թվականներին դրա մասին բազմիցս նա խոսել է Նիկիտա Խրուշչովի հետ, բայց իզուր. արդյունք չի եղել։
Նույնիսկ գլխավոր քարտուղարն իր իշխանության մայրամուտին ասել է: «Ես պատրաստ եմ տրամադրել 12000 ռազմական մեքենա և մեկ օրում հայերին վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղում, միայն դու նորից չբարձրացնես այդ հարցը»։ Այդ հարցը Անաստաս Միկոյանը բարձրացրել է նաև Ստալինի կառավարության ժամանակ և նույնիսկ վերջինիս հասցրել է կատաղության ծայրաստիճան նոպայի։
Շատ մեծ գործիչներ և պատմաբաններ միշտ հիացած են եղել Անաստաս Միկոյանի ունիվերսալությամբ։ Իսկ ինքը, բացատրելով իր քաղաքական երկարակեցության պատճառը, լրագրողների հարցին ի պատասխան, միշտ ասել է. «Կարճ ասած՝ իմ բախտը պարզապես բերեց»։ Նրա բախտն իսկապես բերեց. նրան չսպանեցին թուրքական ճակատում 1915 թվականին, երբ կռվում էր Անդրանիկի ջոկատում ազատ Հայաստանի համար, Բաքվում 1918 թվականին նրան չկարողացան սպանել ադրբեջանցիները, և, վերջապես, նրան կարող էր սպանել Ստալինը։ 1952 թվականի հոկտեմբերին 19-րդ համագումարում Ստալինը գումարել է նախագահության նիստ Միկոյանի դեմ, ապա կտրուկ է խոսել նրա դեմ։ Եթե Ստալինը մի քանի ամիս էլ ապրեր, Միկոյանը կլքեր կյանքը շատ ավելի վաղ։
Ա. Միկոյանը տասնյակ անգամ կարողացել է փրկվել և խուսափել մահից։ Կուզենայի, որ նրա արձանի տեղադրման հակառակորդները կարդան Միկոյանի «Այսպես է եղել», ինչպես նաև Ռոյ Մեդվեդևի «Իլյիչից մինչև Իլյիչ» գրքերը։ Իհարկե, նրա կյանքում եղել են նաև մութ կողմեր և էջեր, սակայն նրա սպիտակ էջերում գերակշռում են այնպիսի համամարդկային քայլեր, որոնք ուղղակի խոր ստվերում են թողնում այդ մութ էջերը։
Նշենք, որ 1937 թվականի ձերբակալությունների ժամանակ Անաստասը կարողացել է ցուցակներում հայերի թիվը գերակշռողից իջեցնել նվազագույնի, այն դեպքում, երբ Քաղբյուրոյի անդամներին արգելված էր միջամտել ՆԿՎԴ-ի գործերին:
Միկոյանի հակառակորդները նրան մեղադրում են մի շարք տարօրինակ նամակների համար՝ գրված Լենինին, Ստալինին և Եժովին, սակայն այնտեղ ամիս-ամսաթիվ չկա: Այդպիսիներից է Լենինին ուղղված նրա նամակը, որը վերջերս տպագրել է «Ազգ» օրաթերթը, որտեղ հստակ նշված չէ օրը, և նրա փոխարեն կարող է գրած լինել ցանկացած մեկը։
Ոչ ոք չի հարցնում, թե ինչու հենց իրեն՝ Միկոյանին, Խրուշչովը վստահեց ղեկավարել կալանավորների իրավունքների վերականգնման հանձնաժողովը։ Նրա հրամանով հազարավոր հայերի ԽՍՀՄ ներքին գործերի նախարարը ազատել է բանտերից և ճամբարներից։
Ուղղակի ապշել կարելի է այն մեղադրական արտահայտություններից, որոնք հնչում են այնպիսի մտավորականների շուրթերից, որոնք, լավագույնը լինելով իրենց գործում, բացարձակ ապատեղեկատվություն են քարոզում՝ Ստալինի դաժանությունները վերագրելով Միկոյանին։ Հենց Անաստաս Միկոյանի շնորհիվ է, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանը փրկվել է մահապատժից։ Արդեն հայտնի է, որ նա գաղտնի կերպով իր աջակցությունն է ցույց տվել նաև մեր բազմաթիվ մտավորականների։
Անաստաս Միկոյանը շատ բան է գաղտնի արել Հայաստանի համար։ Ամեն անգամ նրա մոտ՝ Մոսկվա էին գալիս Հայաստանի ղեկավարները, որոնց թվում էր Անտոն Քոչինյանը, Մացակ Պապյանը, Յակով Զարուբյանը: Վերջիններս խորհրդակցում էին նրա հետ, ստանում նրա աջակցությունը։
Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ է նա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման համար ստորագրություններ հավաքելու գործը։ Նա չէր գովազդում իր աջակցությունը Հայաստանին, քանի որ մտածում էր, որ դա իր պարտականությունն է: Նրա օգնությունը դրսևորվում էր կոնկրետ գործերում։
Անաստաս Միկոյանի շնորհիվ աշխարհը հայտնաբերեց Արամ Խաչատրյանին։ Հենց նրա խորհրդով և աջակցությամբ Արամ Խաչատրյանը բեմադրեց «Սպարտակ» բալետը։ Հայաստանն առաջին հանրապետությունն էր, որտեղից այդ դժվարին տարիներին հայկական բալետը տասնօրյա հյուրախաղերի գնաց Մոսկվա: Նա Արամ Խաչատրյանին բերեց Հայաստան, երբ խառնակ ժամանակներ էին, կոմպոզիտորն այդքան հայտնի չէր Երևանում ու նաև Միկոյանի շնորհիվ դարձավ հայտնի։ Մտերմիկ մի զրույցի ժամանակ Միկոյանն ասել է, որ ցանկանում է մեկ տասնօրյակում ստեղծել հայկական բալետը, որն էլ իրագործեց հաջողությամբ։ Նա նույնիսկ խորհուրդ է տվել Արամ Խաչատրյանին՝ ինչ կոմպոզիտորների հետ համագործակցի։
Մի՞թե հայրենասիրություն չէ՝ թողնել հանգիստ կյանքը և գնալ թուրքերի դեմ կռվելու՝ հանուն անկախ Հայաստանի, և կռվել Վանի ազատագրության համար։ Մի՞թե մենք բոլորս դրա մասին չէինք երազում։
Այն ժամանակ, երբ շատերը հայերի ցեղասպանությունը ժխտում էին, նա չվախեցավ ասել, որ դա եղել է մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը։ Շնորհիվ Միկոյանի՝ աշխարհի շատ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, բայց հիմա ցեղասպանության թանգարանի տնօրենը նրան մեղադրում է հայերի ջարդերի մեջ։ Շատ ցավալի և տխուր է։ Եթե չլիներ Անաստաս Միկոյանը, ապա հայերի կորուստները շատ ավելին կլինեին ստալինյան դաժան տարիներին։
Ադրբեջանական քարոզչությունը նրա մահից հետո ակտիվ ձևով սկսեց կեղծ փաստաթղթերի պատրաստման գործընթացը, որից հիմա ակտիվորեն օգտվում և շահարկում են մեր, այսպես կոչված, «վերլուծաբանները»: Եվ մենք միամտաբար ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին։ Եթե Անաստաս Միկոյանն այդքան դժգույն քաղաքական գործիչ լիներ, ազերպրոպը միլիարդավոր դոլարներ չէր ծախսի նրան վարկաբեկելու համար։ Մենք չենք սիրում մեր ազգի մեծերին և արժանապատիվ ձևով չենք գնահատում։
Ինչո՞ւ Ռուսաստանում նրա հուշարձանը կա, նրա անունով բազմաթիվ փողոցներ և գործարաններ են անվանակոչվել, իսկ մենք զլանում ենք նույնիսկ կանգնեցնել Միկոյանի արձանը՝ հիմք ընդունելով ադրբեջանական քարոզչության կեղծ փաստաթղթերը։ «Այսպես է եղել» գրքում գրված է. «Ամեն մի բարեկիրթ հայ հասկանում է, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության երախտավորը Ռուսաստանն է, և իր ազգային պետության, պետականության պահպանումը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից»։
Պատահական չէ, որ նրա դեմ հանդես են գալիս նույն այն մարդիկ, ովքեր դեմ են մեր երկրի և Ռուսաստանի հարաբերությունների սերտացմանը։ Ուզում եմ հիշեցնել ռուսաֆոբներին և հուշարձանի տեղադրման հակառակորդներին, որ արձանի կանգնեցման գաղափարն առաջ է եկել 2004-2006 թվականներին, և այն ժամանակ Հայաստանի առջև խնդիր չէր դրված անդամակցել Մաքսային միությանը։ Եվ ինչո՞ւ հենց այդ նույն մարդիկ բանավեճեր չեն կազմակերպում։ Իշխանություններին խնդրում եմ՝ նման երևույթների վրա ուշադրություն դարձնել։
Ստացվում է այնպես, որ հիմնականում ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում հուշարձանի հակառակորդներին և նվազ ուշադրություն՝ աջակիցներին։ Պետք է հարթակ տրամադրել նաև այն մարդկանց, ովքեր գիտեն պատմությունը, ոչ թե այն դեմագոգներին, ովքեր օգտագործում են Միկոյանի անունը՝ դրանով իսկ փորձելով դիվիդենտներ ձեռք բերել ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանում կփոխվեն իշխանությունները, կառավարությունները, բայց Միկոյանի հիշատակը հավերժ կմնա։ Պետք է մեր երեխաները, մատաղ սերունդը իմանան, թե ով է եղել նա իրականում և ինչ է արել Հայաստանի համար։
Հենց շնորհիվ Միկոյանի է, որ Սևանա լիճը չցամաքեց, շնորհիվ նրա է, որ Հայաստանը դարձավ զարգացած արդյունաբերական երկիր։ Բայց պետք է նշենք, որ նա այդ ամենն արել է շատ ծանր ժամանակներում։ Եթե Միկոյանը չլիներ, Հայաստանը կդառնար հետամնաց երկիր, որտեղ միայն բամբակ կաճեցնեին։ Միայն Միկոյանի համառ ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանը դարձավ Խորհրդային Միության արդյունաբերական կենտրոններից մեկը՝ իր ատոմակայանով, «Նաիրիտով» և այլ գործարաններով։
Նա մահապատժից փրկեց Հ. Բաղրամյանին, աշխարհահռչակ նկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարին և շատ-շատերին։ Նա ինքն իր ձեռքով ջնջել է նրանց անունները։ Ապատեղեկատվությունը, արխիվային նյութերը, որոնք մեջ են բերում տարբեր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ՝ նրան անվանելով ահաբեկչական գործողությունների մասնակից, իրականում մեծ մասամբ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ կեղծված են ադրբեջանական նավթադոլարների շնորհիվ։
Օրերս այս մասին վկայեց նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա ասաց, որ ծանոթ է Կրեմլում պահվող արխիվային բոլոր նյութերի բնօրինակներին և Անաստաս Միկոյանի ստորագրությամբ որևէ հակահայկական ուղղվածության փաստաթուղթ չի հայտնաբերել՝ հավաստելով, որ այժմ վկայակոչվող նման փաստաթղթերը կեղծվել են և շրջանառության մեջ դրվել ադրբեջանցիների կողմից։ Վ. Պետրոսյանը ևս ասաց, որ վերջիններս Անաստաս Միկոյանին համարում են իրենց ժողովրդի թիվ մեկ թշնամին։ Նա բերեց մի քանի օրինակներ, թե ինչպես են այլ պետություններում ևս փաստաթղթեր կեղծել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է արել քաղաքական գործիչը հայերի համար, նա մասնավորապես ասաց, որ Հայաստանի բոլոր արդյունաբերական ձեռնարկություններն այն տարիներին կառուցվել են Անաստաս Միկոյանի անմիջական օԺանդակությամբ (ֆինանսավորումը Մոսկվայից կատարվել է նրա միջնորդությամբ)։ Աշտարակում և Թալինում հողատարածքները մաքրվել, և այգիներ են հիմնվել։ Անաստաս Միկոյանի հանձնարարությամբ և օժանդակությամբ բարեկարգվել է Երևան քաղաքը, ստեղծվել են կանաչապատ, անտառապատ տարածքներ, զբոսայգիներ, կառուցվել են ջրանցքներ, տարբեր շրջաններում կառուցվել են նոր բնակավայրեր։ Նա պայմանավորվել է Ղազախստանի ղեկավարության հետ, որ բամբակագործությունը այնտեղ զարգացնեն, իսկ Հայաստանի բամբակի պլանտացիաները վերացնելով՝ կազմակերպել է այգեգործության զարգացումը մեր երկրում։ 1937-ին նրա միջնորդությամբ Հայաստանի կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը դադարեցրեց ձերբակալությունները։ Իսկ 1942-ին՝ Լենինգրադի բլոկադայի ժամանակ, Անաստաս Միկոյանը մեծ դժվարությամբ կարողացավ Հովսեփ Օրբելուն տեղափոխել Երևան։ Միկոյանի աջակցությամբ է ստեղծվել ոչ միայն Հայաստանի գիտությունների ակադեմիան, այլև ակադեմիայի շրջանակներում՝ գիտահետազոտական ինստիտուտները (ֆիզիկայի, քիմիայի, գրականության և այլն)։ 1939-ին, մեր ազգային էպոսի ստեղծման 1000-ամյակի կապակցությամբ Ա. Միկոյանի շնորհիվ Երևանում տեղադրվեց Սասունցի Դավթի արձանը։
1922 թվականին, երբ Ալեքսանդր Մյասնիկյանը կազմակերպեց 50 հազար հայերի ներգաղթը Իրանից, Հայաստանը հնարավորություն չուներ տեղավորելու և պահելու նրանց։ Դարձյալ օգնության ձեռք մեկնեց Անաստաս Միկոյանը՝ նրանց բնակեցումը կազմակերպելով Հյուսիսային Կովկասում։ «Նորից եմ կրկնում, ես ուսումնասիրել եմ Անաստաս Միկոյանին առնչվող բոլոր արխիվները։ Նրա ստորագրությամբ հակահայկական որևէ փաստաթուղթ չեմ հայտնաբերել։ Եվ ցավալի է, որ մեր, այսպես կոչված, վերլուծաբաններն ու որոշ մտավորականներ ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին»,- ասաց Վլադիմիր Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ցանկացած ազգ կհպարտանար Անաստաս Միկոյանի նման քաղաքական գործիչ ունենալու դեպքում։
Այս օրերին ես հետևում եմ ադրբեջանական կայքերի հրապարակումներին: Նրանք մեծ խանդավառությամբ են ընդունում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման դեմ տարվող պայքարը հայերի կողմից:
Սերգո Միկոյանը հարցազրույցներից մեկում բազմաթիվ մարդկանց անուններ է թվարկել, որոնց Անաստաս Միկոյանը փրկել է. «Այսօր շատ մարդիկ, նստած իրենց տաքուկ գրասենյակներում, անհեթեթ մեղադրանքներ են վերագրում նրան, մինչդեռ ես կհարցնեի նրանց բոլորին, թե իրենք ինչպե՞ս կապրեին, եթե ամեն մի սայթաքում պատժվում էր մահվամբ։ Ամենաչնչին հնարավորության դեպքում նա միշտ իրավիճակը փոխել է հօգուտ հայերի։ Այդ ժամանակ Անաստաս Միկոյանի և հարազատների կյանքը լի էր տարատեսակ վտանգներով։ Միկոյանը կարողացավ փրկել նաև Ավետիք Իսահակյանի կյանքը։ Եվ պատահական չէ, որ նա մի անգամ ասել է, որ Միկոյանը սուրբ մարդ է, որովհետև փրկեց իր կյանքը։ Մինչև հիմա չի գտնվել լոկ մեկ մարդ, որ Անաստաս Միկոյանին մեղադրի այն բանում, որ նրա ահաբեկչության հետևանքով իր հարազատները սպանվել կամ աքսորվել են։ Բայց միաժամանակ փաստերը, թե ինչքան մարդկանց է օգնել, օժանդակել և փրկել Միկոյանը, բազմաթիվ են և բազմազան,- ասել է Սերգո Միկոյանը։- Մասնավորապես նա գնդակահարությունից փրկել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի անդամ, գունավոր մետալուրգիայի նախարար Իվան Թևոսյանին։ 1947 թվականին նա փրկեց հասարակական, պետական գործիչ Կարո Աբովյանին, ով պետք է Ստալինի հրամանով գնդակահարվեր։ Այդ դժվարին ժամանակներում Ա. Միկոյանը չէր կարող լիովին կանգնեցնել դահիճ Ստալինին։ Նա չէր կարող բոլորին փրկել բանտերից և գնդակահարությունից, սակայն նա, իր կյանքը վտանգի ենթարկելով, կարողացավ փրկել նրանց, ում կարող էր։ Ստալինի հրամանով քաղբյուրոյի անդամներն իրավունք չունեին միջամտել ՆԿՎԴ-ի գործերին։ Եղել են դեպքեր, երբ Միկոյանին ստիպում էին տարբեր փաստաթղթերի տակ դնել ստորագրությունը։ Ստալինը բազմիցս հանդիմանել է նրան՝ հայերին օգնելու համար»։
Ստալինն արել է իր սև գործը։ Իսկ Անաստաս Միկոյանը համառ ջանքեր է գործադրել, անելու ամեն ինչ Հայաստանի և հայերի համար։ Դրա համար են ժամանակակից Հայաստանում նրան անվանում մարդասպան։
Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուրը Բրազիլիայում «Լույս» հայկական թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես պետք է խոստովանեմ, որ ինձ ծանոթ սովորական բոլոր ղեկավարներից ամենալավ տպավորությունները թողել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը։ Նա մեծ դիվանագետ է, միաժամանակ լավագույն տնտեսագետ, ում հետ ցանկացած մարդ կարող է նստել սեղանի շուրջ և փոխանակվել մտքերով։ Նա շատ սրամիտ է և հաճախ խոսակցությունների ժամանակ կատակներ է անում։ Եթե մենք հիմա ունենք տնտեսական կապեր Խորհրդային Միության հետ, ապա դրա համար պարտական ենք նրա դիվանագիտական հմտություններին և ջանքերին։ Միաժամանակ նրա հետ զրույցների ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ նա միաժամանակ մեծ բանակցող է»։
Խորհրդային Միությունում նախկին դեսպան և Միացյալ Նահանգների խոշոր քաղաքական գործիչ Ավերել Հարիմանն ասել է. «Սա միակ մարդն է Կրեմլում, ում հետ հնարավոր է բանակցել և խոսել»։
Շառլ դը Գոլը խոստովանել է նրան, որ նա՝ Միկոյանը, համարվում է պատմական միջազգային մասշտաբի գործիչ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Վիլսոնն իրեն համարել է միջազգային բանակցություններում Միկոյանի աշակերտը։ ԽՍՀՄ-ում նա այն քչերից էր, որ կարող էր ուղղել Ստալինին, եթե նա նախադասություններում կոպիտ սխալ էր անում։
Այսպես է մեկնաբանել Սերգո Միկոյանը հոր դիրքորոշումը. «Հայրս աջակցեց այն ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությունը, որ պետք է ուղարկել զորքեր՝ Կարմիր բանակի կողմից Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հողերի մի մասը գոնե հետ վերցնելու համար (Անդրկովկասյան զինվորական օկրուգի աջակցությամբ ռազմական հետախուզությունն այն ժամանակ տեղեկացրեց, որ նրանց տարածքում խորացել են 200 կիլոմետր)։ Չեմ կասկածում, որ սա հարմար առիթ էր մեզ համար, սակայն 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի տգետ պայմանագիրը լիկվիդացրեց մեր բոլորիս հույսերը։ Այդ ժամանակ Ստալինը հանդես եկավ որպես նեղ ազգայնական և հասկացրեց, որ չի ուզում՝ լինի ուժեղ Հայաստան։ Նրա կարծիքով՝ դրա հետևանքով Հայաստանը կդառնար գերհզոր պետություն՝ Վրաստանին մղելով երկրորդ պլան»։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1937 թվականի ընտրություններում Անաստաս Միկոյանն ընտրվել է Երևանի 126-րդ թաղամասում և առաջադրվել նույն շրջանում մինչև 1974 թվականը։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան էր Միկոյանը սիրում Երևանը և Հայաստանը, և ինչքան էին իրեն սիրում։
Մոսկվայում Միկոյանի հուշարձանի բացմանը մասնակցել է առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինը, ԽՍՀՄ առևտրի վերջին նախարար Կոդրադ Տերեխը և շատ ուրիշներ։ Քանդակի հեղինակն է նկարիչ, քանդակագործ Ֆրիդոմ Սողոյանը։ «Հիմա արդեն սովետական ղեկավարների արձաններ չեն տեղադրվում։ Բայց Անաստաս Միկոյանը դարձավ բացառություն։ Դուք կարող եք ասել, թե հաճելի բացառություն է։ Սակայն կասեմ, որ Մոսկվային էր հաճելի նման մարդու հուշարձանի տեղադրումը։ Միկոյանը սովետական ժողովրդի համար մեծ ներդրում է կատարել պատերազմի ժամանակ՝ ազգային տնտեսության վերականգնման գործում։ Սակայն նրա ամենամեծ ձեռքբերումը 1962 թվականի միջուկային պատերազմի կանխարգելումն էր»,- ասել է քանդակագործը։
Այս ամենը Հայաստանում որոշ մարդիկ, հատկապես՝ գրանտակեր կազմակերպությունների ղեկավարներ, պարզապես չեն ուզում հասկանալ։ Անաստաս Միկոյանի ծառայությունները հայ ժողովրդին նրա համար անփոխարինելի տեղ են ապահովել մեր պատմության մեջ։ Որոշ անհեռատես և անտեղյակ վերլուծաբաններ հաստատ նրա արձանը տեղադրելու համար նույնիսկ կպայքարեին, եթե Անաստաս Միկոյանը չմտածված քայլեր աներ և գնդակահարվեր Ստալինի կողմից, թեկուզ հետագայում հայ ժողովուրդը զրկվեր հզոր պաշտպան և աջակից ունենալուց։
Անաստաս Միկոյանը մեծագույն դիվանագետ էր, ով, համադրելով իր գիտելիքներն ու բացառիկ տաղանդը, կարողացավ հսկայական ներդրում ունենալ և՛ Խորհրդային Միության, և՛ հայ ժողովրդի կյանքում։ Այս ամենը չհասկացողները ևս մեկ անգամ հավաստում են, որ հայ ժողովուրդը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև լիարժեք ազգ դառնալը։
ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ
Հ.Գ. Այս հրապարակումը նպատակ ունի նաև շարժել հայ պատմաբանների, մասնավորապես՝ լոռեցիների պատվախնդրությունը:
Անմիջապես երեվում է,որ հեղինակը փաստերին չի տիրապետում,առհասարակ հեռու է աղբյուրագիտություն առարկայից,գուցե չի էլ ուսումնասիրել,այլապես նա տեղ չէր տա ադրբեջանական դատարկաբանություններին եվ հայհոյախոսություններով չէր զբաղվի:Անաստաս Միկոյանը 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչներից է,դիվանագետ,սակայն ողջ էությաբ բոլշեվիկ եվ այդ կուսակցության քաղաքական ծրագրերը կյանքի կոչած հանճարեղ ֆունկցիոներ,միշտ ստորադասել է ազգային շահերը կուսակցականին:Ա.Միկոյանը եղել է 11-րդ բանակի քաղաքական ղեկավարներից,նրա մասնակցությամբ են բոլշեվիկացվել սկզբում կովկասյան թաթարների պետությունը՜Ադրբեջանը,ապա եվ Հայաստանը,ընդ որում ակտից շահել է Ադրբեջանը,ստանալով Ղարաբաղն ու Նախիջեվանը:Ինչ վերաբերում է Լենինին նրա գրած նամակին ,ապա պետք է պարզապես կարդալ Միկոյանի իսկ գրած հուշերը,դրանք շատ անկեղծ են այդ նամակի նասին էլ խոսք կա/ որ միկոյանականները նախապատրաստում են զինված ապստամբություն հայկական պետության դեմ…/ Նրանք են հրահրել 1920թ մայիսյան անիմաստ ապստամբությունը,Հայաստանի սահմանը դարձրել Ախուրյան գետը,Անդրֆեդերացիայի սահմաններում խուզել առանց այդ էլ փոքրքցված Հայաստանի սահմանները…Ինչպես կարելի է նրա արձանը դնել,այն էլ Նժդեհի ոօ Արամ Մանուկյանի կողքին:
կուզեի ասել,որ հեղինակին անհիմն մեղադրելուց ու վիրավորելուց առաջ,թե փաստերի չի տիրապետում,նախ պետք է նշեմ,որ նյութի հեղինակը պատմաբան է,ավելի քան հաստատ ուսումնասիրել է՝հոդվածը գրելուց առաջ,ու նաև մեկ այլ կարևոր փաստ,ճանաչելով նյութի հեղինակին,կասեմ,որ նա մեկն է,ով որպես մարդ,որպես հայ իր կարծիքը,իր խոսքն է ասել այս ամենի վերաբերյալ,որ իր ազգանունը այստեղ առհասարակ կապ չունի ու կարիք էլ չկար նման ագռեսիվ տողեր հղել հեղինակի հասցեին:Ու եթե էտպես նայենք նույնը ես կուզեի ձեզ հարցնել,մեջբերում եմ՝ <>:Sorry,բայց շատ հետաքրքիր է իմանալ,այդ երբ է ադրբեջանը ստացել Ղարաբաղը??
Դուք միկոյաններին զանազանում ենք ու ձեր իսկ խոսքերը, թե միկոյանականները նախապատրաստում են զինված ապստամբություն հայկական պետության դեմ առնվազն ցինիզմի հասնող տաղտկաբանություն է, ու դուք ինձ մեղադրում ենք հայհոյախոսության ու անհիմության մեջ, միաժամանակ գրելով թե իբր ես տեղյակ չեմ աղբյուրագիությունից և հիմնվում եմ ադրբեջանական աղբյուրների վրա: Միկոյանները բոլոր էլ հայ են և ոչ հիմա, ոչ էլ երբևէ զինված ապստամբության հայկական պետության դեմ չեն պատչաստում: Ես այս հոդված գրել են ոչ որպես նրա ազգակից, այլ որպես պատմաբան, որը միտված չէ մոլագարության հասնող էքստազային զազրախոսությունները հանդուրժել, մի քանի հոդվածները դարձնել քիչ հավաստի աղբյուրները այդ ամենի հիմնական շինանյութ:Չի կարելի այդքան միապաղաղ և կարճ մտածել:Միկոյանները թե անցյալում թե հիմա միշտ էլ իրենց գործունեթյամբ նպաստել մեր պետության և ազգի բարգավաճմանը և ձեր մշուշոտ պատկերացումները միկոյանների մասին հստակ անկնհայտ է ձեր իսկ մեկնաբանության մեջ:
Հ.Գ. Հանգիստ թողեք,վերջապես Միկոյանին,մեզ հիմա նա չէ,որ հարկավոր է,առավել եվս միավորել չի կարող,մեզ Նժդեհներ,Մանուկյաններ ու Գորգիսյաններ են հարկավոր ու Մկրտիչ Խրիմյան:
հերիք է սուտ կենսագրություն հորինեք միկոյանի համար, եղած խայտառակությունները ծածկելու համար մի հատ էլ ադրբեջանական քարոզչության զոհ դարձնելով նրան. մնում էր մի հատ էլ գրեիք որ քրիստոնեությունն էլ է նա բերել հայաստան ու Ավարայրում էլ կռվել է, այո երբ ամոթալի կենսագրություն ունեցող ապերախտին հերոս են սարքում շատ դժվար գործ է, իսկ Դեմոյանը ապացուցեց որ սկզբունքային մարդ է ոչ թե քամելեոն
Ադրբեջանը Ղարաբաղն ստացել է 1920թ մայիսին,երբ երկրամաս մուտք են գործել 11-րդ բանակի զորամասերը եվ հարկադրել Դրոյին հեռանալ / 26-ը մայիսի 1920թ/:Սեպտեմբերի 1-ին Արեվելքի ժողովուրդների համագումարը Բաքվում Միկոյանի,Ավիս Նուրիջանյանի, Էնվերի եվ ….մասնակցությամբ,Մոսկվայի համաձայնությամբ որոշել է սովետականացնել Հայաստանը,հրահրելով թուրքական/քեմալական/ արշավանքը Հայաստանի դեմ:Մինչ այդ Նախիջեվան է մտնում կարմիր բանակի մեկ այլ զորամաս…Նախիջեվանը,Ղարաբաղը եվ Զանգեզուրը հայտարարվում են վիճելի տարածքներ,ապա,Հայաստանում բռնի իշխանափոխությունից հետո Նախիջեվանը եվ Ղարաբաղը,արդեն Անդրֆեդերացիայի ստեղծումից հետո 1923 եվ 1924 թթ ,հիմք դարձնելով Կովկասյան բյուրոյի 1921թ հուլիսի 5-ի տխրահռչակ ապօրինի որոշումը,բռնակցել սովետական Ադրբեջանին;Իսկ դա ձեռնարկվել էր որպեսզի Խալիլ փաշալի իսլամական բանակը Ղարաբաղի ու Նախիջեվանի վրայով ճանապարհ ունենար Թուրքիան հեղափոխականացնելու համար:Հայ բոլշեվիկները փաշտպանել են այդ գիծը,որպես զտարյուն բոլշեվիկներ,ի վնաս ազգային շահերի:Եթե բոլշեվիզմի ռեանիմացիա է կատարվում,ապա թող այդպես էլ ասեն,իսկ ազգակցական կապերն այստեղ դեր չեն խաղում:
Միկոյանականներից են Ավիս Նուրիջանյանը,Գեվորգ Աթարբեկյանը,Նազարեթյանը,Արտաշես Կարինյանը ….ոչմի հիմք չեմ տվել տոհմաբանական եզրակացությունների:Կասեմ նաեվ այսպես,չեմ կարծում,որ որեվե մեկն առարկի ասենք Արտեմ Միկոյան մեծ գիտնականի արձանը կանգնեցնելուն:
Վերջապես գիտական մոտեցմամբ մի հոդված հայտնվեց մամուլում, որը Անաստաս Միկոյան քաղաքական գործչի դրական գործերն է ներկայացնում: Մեր հասարակությունը հիմնականում անտեղյակ է դրանց: Տվյալ հոդվածը ընդգրկուն է նրանով, որ կատարված են հղումներ Միկոյանի մասին տեղեկատվություն պարունակող գրեթե բոլոր աղբյուրներից: Ի հավելումն դրանց՝ առաջարկում եմ ծանոթանալ, թե ինչպես է Միկոյանն ու իր գործունեությունը ներկայացված Անտոն Քոչինյանի հուշերում, որոնց վերջերս եմ ծանոթացել (Անտոն Քոչինյան, Անավարտ հուշեր, Երևան, 2008):