Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

Հունիս 09,2014 15:38

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:

Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը կայանում է նրանում, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում միջնորդագիր ներկայացնելու դատապարտյալներին պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Ըստ դատապարտյալների, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ արգելք է դրված մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, պայմանական ազատում ընդհանրապես չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Մինչ այս բազմաթիվ ազատազրկված անձինք և նրանց հարազատները դիմումներ են ներկայացրել Խմբին՝ ներկայացնելով փաստարկված բողոքներ պայմանակն վաղաժամկետ ազատման ընթացակարգի արատավորված պրակտիկայի, որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ ըստ էության քողարկված արգելքի, պայմանակն վաղաժամկետ ազատման հարցերով հավանություն տվող «անկախ» հանձնաժողովի որոշումների չպատճառաբանվածության, ոչնչով չսահմանափակվող հայեցողության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևոր բաղադրիչներից մեկն է: Այդ կապակցությամբ գործող կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծեք թե բավարար են համակարգն աշխատեցնելու համար, մինչդեռ գործնականում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում նկատելի են բազմաթիվ թերություններ:
Նշված հարցի լուծման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ոչ կոմպետենտությունը, այն է` ռիսկեր գնահատելու համար բավարար մասնագիտական կարողությունների բացակայությունը, օրենսդրական որոշակի կարգավորումների անհստակությունը, գործընթացին ներգրավված մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կայացվող որոշումների հիմքում դրվող չափորոշիչների հստակ որոշման կարգի բացակայությունը, այդ ամենով պայմանավորված կայացվող որոշումների հիմնավորումների բացակայությունը խնդիրներ են, որոնք գոյություն ունեն տարիներ ի վեր, սակայն վիճակը բարելավելու ուղղությամբ չեն նկատվում դրական տեղաշարժեր:
Դիտորդական Խումբը բազմիցս անդրադարձել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործող համակարգի հիմնախնդիրներին: Խմբի անդամները պարբերաբար մասնակցում են վաղաժամկետ ազատելու նիստերին՝ դատապարտյալների խնդրանքով, որոնց ընթացքում ՔԿ հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ մերժվել են այդ թվում այնպիսի դատապարտյալների Պայմանական Վաղաժամկետ ազատման միջնորդություններ, ովքեր որևէ կարգապահական տույժ չեն ունեցել, փոխարենն ունեցել են բազմաթիվ խրախուսանքներ, ներգրավված են եղել ՔԿ հիմնարկներում գործող տարբեր խմբակներում:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը կոչ է անում շեշտակի փոխել վերոհիշյալ գործընթացում արմատավորված բացասական պրակտիկան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Խմբի կողմից շարունակվելու են նշված հարցի ուսումնասիրությունները, ինչպես նաև շահերի պաշտպանության ընդհանուր միջոցառումներին զուգահեռ քայլեր են ձեռնարկվելու Պայմանական Վաղաժամկետ ազատման հնարավորությունից անհիմն զրկված կոնկրետ անձանց շահերի անհատական պաշտպանությանն օժանդակելու ուղղությամբ:

Հասարակական Դիտորդական խումբը շուտով հանդես կգա ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների առաջարկություններ:

Կից կարող եք ծանոթանալ Խմբի կողմից կատարված հետազոտությանը 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30